Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լինեին նույն փաստական տվյալներն ու նույն հանգամանքները՝ Աշոտ Փաշինյանին կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքից որեւէ մեկին էլ կկալանավորեի». Ժորա Չիչոյան

Օգոստոս 04,2023 19:40

«Կարծում եմ՝ քննադատությունները պետք է լինեն չափավոր ու օրենքի շրջանակներում, բայց ինձ համար անթույլատրելի էր դատարանի կողմից կայացված դատական ակտը քննադատել այն տեսանկյունից, երբ դատական ակտի բովանդակության ու հիմնավորվածության վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն»,- այսօր, դատավորների ընդհանուր ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում պատասխանելով 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին կալանավորելու իր որոշմանը վերաբերվող հարցին, որից հետո իր հասցեին հնչած քննադատություններին, ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը:

Ժորա Չիչոյանը վստահեցրեց, որ եթե, օրինակ, Աշոտ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքից որեւէ մեկն անցներ առեւանգման գործով՝ նա կկայացներ նույն որոշումը, եթե լինեին նույն փաստական տվյալներն ու նույն հանգամանքները. «Դատական ակտ կայացնելուց ոչ թե նայում ենք անձանց անուններին, այլ՝ փաստերն ու իրավիճակը»:

Հարց հնչեց նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝ իր վերաբերյալ բացասական եզրակացություն տալու մասին:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով կանխիկ պահվող գումարների մասով որոշակի սահմանափակում կա մինչեւ 1 միլիոն եւ ավելի դրամ կանխիկ գումար ունեցող պաշտոնատար անձինք, ապա դա համարվում է ռիսկային գումարի չափ: Իմ մոտ հայտարարագրված է որոշակի գումար՝ կանխիկ գումարի տեսքով, ընդ որում դա հայտարարագրված է 2017-ից, երբ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ ներկայացրել եմ ամեն տարի հայտարարագիր: Նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախկինում որեւէ խնդիր չի տեսել նույն գումարի հետ կապված»,- պարզաբանեց Ժորա Չիչոյանը:

Ժորա Չիչոյանն ի դեպ, այն դատավորներից է, ով դեմ էր քվեարկել դատավորների ընդհանուր ժողովի նախորդ նիստի օրակարգին: Նույն օրակարգով այսօր արդեն երկրորդ ժողովն էր: Նախորդ նիստին օրակարգը չէր հաստատվել, քանի որ ԲԴԽ դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու համար ծանուցագրեր էին ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեեւ Խորհրդի դատավոր անդամի ընտրությանը մասնակցելու չափանիշներին համապատախանում էին նաեւ այլ դատավորներ։ Մերժված օրակարգն այսօր հաստատվել է. ժողովին մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ է քվեարկել 17-ը։

Մամուլում հրապարակումներ եղան, որ  ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հերթով իր մոտ է հրավիրել մարզերի եւ Երեւանի բոլոր դատարանների նախագահներին, սպառնացել նրանց, ասել, ինչ ուզում են անեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի օրակարգով ժողովը չի ընթանալու: Նա իբրեւ պարտադրել է բոլոր դատարանների նախագահներին՝ ապահովել իրենց դատարանների դատավորների ներկայությունը Ժողովին ու ապահովել իր օրակարգի իրագործումը: Նաև պայման է դրել, որ օրակարգում չի լինելու ԲԴԽ դատավոր անդամի հետկանչի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հարցը:

Դատական դեպարտամենտը օրակարգի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել դատավորներին, նաեւ համապատասխան օրենսդրական կարգավորումների վերլուծությունը, թե ինչու են մարզերի դատավորներին միայն ծանուցել ԲԴԽ անդամի ընտրության վերաբերյալ: Ժորա Չիչոյանն ասաց, որ պարզաբանումը բավականին բովանդակալից էր:

«Իսկ այսօրվա իմ քվեարկության վերաբերյալ իմ դիրքորոշումը չեմ հայտնի, որովհետեւ հնարավոր է, որ ներսում նշված հարցի քննարկման վերաբերյալ այլ հարցեր առաջանան ինչպես իմ, այնպես էլ գործընկերներիս մոտ: Ճնշման խնդիր բացարձակապես չի եղել: Դատավորների պարտականությունն է ընդհանուր ժողովներին մասնակցելը, համապատասխան դիրքորոշում հայտնելը»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031