Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասիվից Էրեբունի գնալու համար դուք այլեւս կարիք չեք ունենալու մտնել փոքր կենտրոն». «Ապրելու երկիրը» խցանումներից ազատվելու նոր դեղատոմս է առաջարկում

Օգոստոս 08,2023 22:23

«Խցանումները հետեւանք են, երբ տրանսպորտային համակարգը անարդյունավետ է եւ չի գործում պատշաճ կերպով: Այն հայեցակարգը, որը ներկայացնում ենք, միտված է լուծել ճանապարհատրանսպորտային բարեփոխման մեր փաթեթի մի մասը»,- այսօր Երեւանի տրանսպորտային մեծ օղակի շնորհանդեսին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Մինչ այդ «Ապրելու երկիրը» ներկայացրել էր ճոպանուղու համակարգի կառուցման ծրագիր, որը միտված է բեռնաթափել Երեւանի երթեւեկությունը: Բայց միայն ճոպանուղով հնարավոր չէ ամբողջությամբ լուծել տրանսպորտային խնդիրները Երեւանում:

Մանե Թանդիլյանը նշեց, որ տրանսպորտի ոչ մատչելի, ոչ հարմարավետ լինելու պատճառով մարդիկ նախընտրում են անձնական մեքենաներ ունենալ, իսկ ճանապարհների ոչ բարեկարգ լինելու պատճառով խցանումներից խուսափել չի լինում:

Եթե նույնիսկ ճանապարհներն էլ բարեկարգվեն, ըստ Մանե Թանդիլյանի, դա միակ դեղատոմսը չէ՝ ազատվելու խնդրից, պետք է ամբողջական տրանսպորտային հայեցակարգ. «Մեր լուծումները գալիս են փաթեթով: Ճոպանուղին գործարկելուց հետո մենք պետք է տեսնենք, թե որքանով է կրճատվել մարդկանց տեղափոխումը վերգետնյա տրանսպորտային միջոցներով: Այդ դիտարկումները մեզ հնարավորություն կտան ներդնել ճիշտ երթուղային համակարգ, բացառել կրկնակի երթուղիները եւ շրջանցել ամենածանրաբեռնված փողոցները, կանգառները պետք է լինեն ավելի հաճախ, որ մարդիկ կարողանան 400-500 մետր քայլելով՝ մոտենալ կանգառին: Տրանսպորտը պիտի լինի հարմարավետ, մաքուր, որակով, ճշգրիտ ու արագ չվացուցակով տեղ հասնի: Եթե մենք սա չանենք ու կառուցենք միայն ճանապարհներ, չենք հասնի ցանկալի արդյունքի»:

Ըստ հայեցակարգի, պետք է լինի մեծ օղակ, որը պիտի շրջանցի կենտրոն մտնելու անհրաժեշտությունը ավտոմեքենաների եւ տրանսպորտի համար, պետք է լինեն հեծանվային ուղիներ եւ հետիոտնային հատվածներ. «Մեծ օղակը պիտի փակի այն կլոր շղթան, որը շրջանցում է փոքր կենտրոնը: Օրինակ, Մասիվից Էրեբունի գնալու համար դուք այլեւս կարիք չեք ունենալու մտնել փոքր կենտրոն: Մեծ շղթան, որը մենք նախատեսում ենք փոքր կենտրոնը շրջանցելու համար, պիտի սկսի Այգեստան 12-ից, որը Սարալանջի հատվածն է եւ շարունակվի դեպի Ծովակալ Իսակովի պողոտա: Երկրորդ տրանսպորտային օղակը, որը մենք նախատեսում ենք եւ նախագծել ենք, պիտի միաժամանակյա տրանսպորտային բարեփոխման հետ ներդրվի, որը մեզ հնարավորություն կտա ազատել Երեւանը խցանումներից, մարդկանց տեղափոխումն իրականացնել արդյունավետ տրանսպորտային համակարգով եւ անձնական մեքենաներով, ինչպես նաեւ ճանապարհներ հատկացնել հեծանվուղիների համար՝ արագ, հարմար ու արդյունավետ կյանքի ապահովման Երեւանում»:

Մանե Թանդիլյանը կարեւորեց, որ այս տրանսպորտային հայեցակարգի իրագործումը նաեւ տնտեսական նոր հնարավորություններ է բացելու, քանի որ նոր կառուցապատման տեղանքներ են բացվելու: Ստեղծվելու են նաեւ կանաչապատ գոտիներ:

Տնտեսագիտության թեկնածու, համայնքային կառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանն ասաց, որ նախագիծը մանրակրկիտ են մտածել, հաշվի են առել, թե որ փողոցները պետք է լայնացնեն, ինչպես քաղաքը կառավարելի դարձնեն բիզնեսի ու մարդկանց համար. «Մենք բոլորս հասկանում ենք, որ խոշոր ճանապարհն իր հետեւից բերելու է խոշոր բիզնես շահ ու դա լավ է: Նախագիծն իրականացնելու արդյունքում դեպի հարավ-արեւմուտքից մտնող հոսքը անարգել կարող է գնալ Երեւանի հյուսիս-արեւելյան հատված»:

Շնորհանդեսին ներկա քաղաքացիները հետաքրքրվեցին, թե որքա՞ն է կազմելու այս ծրագրի իրականացման ծախսը: Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ իրենց նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է մոտ 30 մլրդ դրամ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031