Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի սկզբանե դատարանը ցուցաբերեց կանխակալ մոտեցում»․ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը կրկին ընդմիջվեց

Օգոստոս 09,2023 15:33

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում (նախագահող դատավոր Նարեկ Բադալյան) ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին ընդմիջվեց՝ 30 րոպեով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գործով մեղադրյալ Արմեն Քամալյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը նախագահող դատավոր Նարեկ Բադալյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Դատարանը 40 րոպե ժամանակ էր տրամադրել, որպեսզի նա իր միջնորդությունը գրավոր հիմնավորի և ներկայացնի կողմերին։

Նիստի վերսկսելուց հետո պաշտպանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Խնդրեցի երկու ժամ ժամանակ տրամադրել, տվեցիք 40 րոպե։ Մինչև տեղ հասա, որ նստեմ, գրեմ, զանգեցին, ասացին, որ 40 րոպեն լրացել է»։ Նա, պնդելով իր միջնորդությունը, ասաց․ «Ի սկզբանե դատարանը ցուցաբերեց կանխակալ մոտեցում և չապահովեց այդ իրավունքը։ Այդ պատճառով գտնում եմ, որ եթե դատարանը տվյալ դեպքում խախտում է իրավունքը, այդ դատարանը չի կարող անկողմնակալ դատավարություն իրականացնել և վերջում էլ արդար դատական ակտ կայացնել։ Այս հիմքով խնդրում եմ դատարանը բացարկ հայտնի ու գործը հանձնի այլ դատավորի քննության»։

Սուրեն Մանուկյանի փաստաբան Աշոտ Անդրաեասյանը ևս միացավ միջնորդությանը՝ հիմնավորելով, որ մեղադրյալը մեղադրական եզրակացությունը ստացել է օգոստոսի 9-ին, ուստի հաջորդ դատական նիստը չի կարող տեղի ունենալ ավելի շուտ, քան օգոստոսի 12-ը։

Սուրեն Մանուկյանի մյուս պաշտպանը՝ Սերգեյ Ոսկանյանը, ասաց․ «Ծանուցված լինելու իրավունքը անձի դատական պաշտպանության կարևոր երաշխիքներից է։ Այսինքն՝ անձը պետք է ստանա իր վերաբերյալ կայացված դատավարական ակտը և ժամանակ ունենա դրան անդրադառնալ և համապատասխան դիրքորոշում հայտնել։ Գոյություն ունեն ծանուցման հետևյալ տարբերակները՝ առձեռն հանձնում, փոստային առաքում, եթե անձի կողմից նախապես եղել է էլեկտրոնային հասցե, էլփոստով ծանուցման ուղարկում։ Նշվածներից որևէ ձևով մեղադրյալը մեղադրական եզրակացությունը չի ստացել։ Զարմանալիորեն հանրային մեղադրողի կողմից դատարանին չմիջնորդվեց հայտարարել հինգ-տասը րոպե ընդմիջում, որ հասկանա՝ միգուցե դատախազության գործավարությունում կամ քարտուղարությունում պահպանվել է հետադարձի թուղթը։ Գուցե ստացականը դատախազը չի բերել, բայց դրանում հավաստիանալու միակ ձևը այդ փաստաթղթի առկայությունն է։ Եթե այդ թուղթը կա, խնդում եմ մի քիչ հետաձգել նիստը և ստանալ այդ փաստաթուղթը, որ հավաստիանանք և անցնենք առաջ։ Եթե չկա, ապա անգամ մեղադրյալի կողմից հայտարարությունը, թե ստացել է մեղադրական եզրակացությունը, չի կարող դիտարկվել, որ ստացել է։ Իսկ ստացած լինելու հանգամանքն ապացուցելու բեռը կրում է հանրային մեղադրողը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031