Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք հոգնի հարցնել՝ ո՞ր խաղաղության օրակարգը, էն որ քո հայրենիքի մի մասը դիտարկվում է որպես Ադրբեջա՞ն․ «Ազգ»

Օգոստոս 18,2023 08:47

Վարչապետ Փաշինյանն ասում է. «ՀՀ-ն շարունակում է վերահաստատել հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ պաշտոնական Բաքվին կոչ անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից»:

Չենք հոգնի հարցնել՝ ո՞ր խաղաղության օրակարգը, էն որ քո հայրենիքի մի մասը դիտարկվում է որպես Ադրբեջա՞ն, թե այն, երբ առեւանգվում է Հայաստան վիրահատության եկող արցախցին, ու նրան Բաքվի կողմից ներկայացվող մեղադրանքը մեղադրանք է լինելու Արցախի ու Հայաստանի՝ ղարաբաղյան շարժմանը, ազատագրմանը, վերջին 44-օրյա պատերազմին մասնակցած բոլոր հայ տղամարդկանց:

Կամ միգուցե այն, երբ ամեն օր համարյա կրակոցներ կան Արցախի ու Հայաստանի այս ու այն բնակավայրի ուղղությամբ, գերիներին չեն վերադարձնում ու տանջում են Բաքվի բանտում, նոր գերիներ վերցնում, պահեստազորային առեւանգում:

Ես մինչեւ հիմա չգիտեմ որեւէ ազգության ներկայացուցչի, որն ինքնակամ, գոյութենական վախից դրդված՝ հայրենիքը հանձնի ուրիշի, մտածում ես՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնել պատրաստվողները հայ չե՞ն, ազգի ներկայացուցիչ չե՞ն, չե՞ն պատկերացնում վտանգի աստիճանը, որը հաջորդելու է Արցախն Ադրբեջանին բարեհաջող հանձնելուց հետո: Եթե չեն պատկերացնում, թող միանան Բաքվի հեռուստաալիքներ, որոնցով ողջ Հայաստանի քարտեզն են ամեն օր ցուցադրում՝ ադրբեջանական անուններով, Բաքվի ախորժակն արդեն ողջ Հայաստանն է ուզում, ու ոչ թե նրա այսուայն կտորը:

Խաղաղության օրակարգից խոսողներին մի վերջին անգամ հարցնենք՝ համոզվա՞ծ եք գործում, թե պարզ մոլորության մեջ ե՞ք: Եթե մոլորության մեջ եք՝ ապա սխալն ուղղելի է, ուղղակի պետք է նորմալ մարդկանցով, իրական մասնագետներով փոխարինել համապատասխան պատասխանատուներին: Ախր զարմանալի է, որ չեք տեսնում, մինչդեռ անզեն աչքով էլ այժմ երեւում է, որ Էրդողանն ու Պուտինը որոշել են նորովի կիսել Հարավային Կովկասը, այդ թվում Հայաստանն ու Արցախը, իսկ նրանց իբր դիմակայող ԱՄՆ-ը, մյուս պետությունները, պարզապես իրենց փայն են ուզում, կամ արդեն անթաքույց Նոր Խազարիա ծրագիրն են իրականացնում, ու այդ պատճառով նույնպես խոսում են նույն այդ բանից, որը հնարավոր չէ՝ խաղաղությունից:

Խաղաղությունն, այո, լավ բան է, ու կենսական անհրաժեշտություն մեզ համար, ու ոչ թե՝ հանքային, տնտեսական, էներգետիկ շահ, ինչպես մեծ խաղացողների արտասանած բառակույտերի տակ թաքնված բուն իմաստն է: Սական մեր դեպքում ուրիշների ձեւած խաղաղությունը պարտադրելը հայրենիքի կորուստ է նշանակելու, որին հաջորդելու է պետության կորուստը:

Եթե որեւէ մեկը պատրանքներ ունի, որ այդպես չէ, կա՛մ տեսողության խնդիր ունի, կա՛մ կրկնակի մուգ ակնոց է հագել ու չի տեսնում՝ ի՞նչ է կատարվում աշխարհում, այդ թվում Հայաստանի եւ Արցախի շուրջ, այդ եւս ուղղելի է՝ պատրանքազերծումը:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031