Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված գրավը՝ 10 մլն դրամի չափով. վճռաբեկ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»

Օգոստոս 23,2023 16:21

«Փաստինֆո». Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 10 մլն դրամի չափով։ Արցախի Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով Բալասանյանի կալանավորման միջնորդությունը մերժելու մասին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել Գերագույն դատարան, սակայն առ այս պահը տեղեկություն չկա՝ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթի ընդունումը մերժելու մասին։

Փաստաբանի փոխանցմամբ՝ այս ընթացքում Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, ավելին՝ տեղեկություն չունեն նաեւ նախաքննության ընթացքի մասին։ Ինչ վերաբերում է Բալասանյանի ազգականներին, որոնք ձերբակալվել էին, ապա նրանք այժմ գտնվում են ազատության մեջ, նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվում։

Հիշեցնենք, որ Արցախում տիրող լարված իրավիճակի պայմաններում հուլիսի 13-ին ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Բալասանյանի ձերբակալության վերաբերյալ մամուլում ոչ պաշտոնական և խիստ հակասական լուրեր շրջանառվեցին, որոշ ԶԼՄ-ներ Բալասանյանի ձերբակալությունը փորձեցին կապել ենթադրյալ կոռուպցիոն բնույթի գործի հետ՝ նշելով, թե Բալասանյանն իբրև մեղադրվում է փողերի լվացման մեջ, մինչդեռ, ինչպես պարզվեց՝ Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը որևէ առնչություն չունի պաշտոնեական պարտականությունների կատարման հետ։ Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ։ Մասնավորապես, Արցախի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Արթուր Բալասանյանի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով, իբր, պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Փաստենք, որ այս գործով Վ. Բալասանյանի որդին կարգավիճակ չունի, իսկ Վիտալի Բալասանյանն էլ ձերբակալվել էր խուզարկության ժամանակ , իբր, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի կասկածանքով։ Նրանից բացի իրավապահները ձերբակալել էին նաեւ նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի չորս հոդվածով՝ գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031