Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը 850.000 դոլար փող է տվել, տրանսպորտային ցանց է գծել, որի մեջ գրված չէ այս չափի միկրոավտոբուսներ ունենալ, սրանք թոզ փչելու, էնքան որ կրակ մարելու համար են. Ավինյան

Օգոստոս 28,2023 00:03

Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներն այսօր ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին տեսնելուն պես դժգոհեցին, որ փոխված երթուղիները լավ չեն աշխատում, քսան րոպեն մեկ են աշխատում, իրենք ժամեր են կորցնում մի վայրից մյուսը գնալու համար:

Տիգրան Ավինյանն ընդհատեց հարցով՝ գազելնե՞ր են, ապա շարունակեց. «Այս գազելներն առհասարակ մեր տրանսպորտային համակարգում չպիտի լինեին: Քաղաքապետարանը 850.000 դոլար փող է տվել, տրանսպորտային ցանց է  գծել, որի մեջ գրված չէ, այս չափի միկրոավտոբուսներ ունենալ, սրանք թոզ փչելու, էնքան որ կրակ մարելու համար են: Այս 100 հատ գազելից 60–ն է հազիվ աշխատում, բայց դա էլ կփոխենք»:

Բնակիչներից Տիգրան անունով մի երիտասարդ էլ մոտեցավ իր դժգոհություններով՝ նայեք վիճակը, մի հատ պտտվեք, նայեք գետնի աղբը, էն որ ասում եք՝ ասեք, կանենք: Ավինյանն ընդհատեց քաղաքացուն  հարցով. «Ով է թափել աղբը, ամեն մեկիս որ մի հոգի հավաքարար կցենք, չի հասցնի մեր հետեւից»:

Քաղաքացին շարունակեց՝ էս թաղամասում ժամանակին 5 տրանսպորտ է աշխատել, հիմա աբսուրդ որոշում, ես էստեղից ուզում եմ հասնեմ երիտասարդական մետրո, չկա գնացող:

Ավինյանն արձագանքեց՝  տրանսպորտին քաղաքացին ամենաշատը պետք է սպասի 10 րոպե, կրկնակի չվճարելով էլ հասնի իր ուզած տեղը:

Քաղաքացին հավելեց՝ 42 համարին սպասում է 20 րոպե:

Ավինյանն էլի նույն հարցը տվեց՝ գազե՞լ է, ապա կրկնեց՝ գազելները  չպետք է լինեին, ասաց՝ թափելու բան են, հին գազելների պես պետք է դուրս գան ու խոստացավ փոխել՝ վստահեցնելով՝ «աչքիս վրա»:

Քաղաքացիները բողոքեցին նաեւ, որ իրենց թաղամասում մայթ չկա, բնակիչներից մեկն ասաց՝ ամեն անգամ վերեւ բարձրանալիս մահն աչքերի առջեւ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031