Լրահոս
Օրվա լրահոսը

«…Մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը»

Սեպտեմբեր 27,2023 13:30

Հանճարեղ Թումանյանի մահկանացուն կնքելուց 100 տարի հետո էլ իր գրածից ու ասածից ոչինչ չի փոխվում

Մինչ օրս ամեն պահի ու ամեն առիթով իր ասածն ու արածն ենք հիշում եւ իր հանճարեղ ձեւակերպումներով ենք արտահայտում մեր նուրբ ու խորին ապրումները, մեր խինդն ու ուրախությունը, մեր ավանդույթն ու սովորությունները։ Այդքանի հետ միասին մեր ազգային քաղաքական-հասարակական գործունեության առանձնահատկությունները Թումանյանի կողմից այնքան խորը ձեւակերպումներ են ստանում, որ իր մահկանացուն կնքելուց 100 տարի հետո էլ իր գրածից ու ասածից ոչինչ չի փոխվում, սարսափելիորեն նույնն է մնում եւ շատ ավելի մեծ վախ կա, որ ոչինչ էլ երբեք չի փոխվի…

Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը Անիի մոտ՝ Հոռոմոսի վանքում՝ Աշոտ Գ Ողորմած թագավորի տապանաքարի մոտ, 1901 թ.

Այսօր էլ հենց մեր քաղաքական կյանքը բնորոշելու համար, ցավոք, ամենադիպուկ ձեւակերպումը դեռեւս 1921թ. Հովհաննես Թումանյանի նամակն է՝ գրված Ավետիք Իսահակյանին.

«Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես։ Կարճ ասեմ, մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ո՛չ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում- չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ…» (09.12.1921թ., Կ. Պոլիս-Վենետիկ)։

Այն, որ թումանյանական խոսքը, զրույցը, մտքերը, ապրումները, գրածներն ու արածները, գործերն ու ապրելակերպը ամենաազգայինն են, ամենասրտացավն ու ամենախորագիտակը, հաստատում են հարյուրից անցնող տարիները, որ գնալով ամեն սերնդի հետ ավելի են շքեղանում ու զարմանալիորեն ավելի հարազատ են դառնում մեկ դարից էլ առաջ գրված ապրումներն ու կյանքը՝ իր լավ ու վատ, պարզ ու բարդ ելեւէջներով։ Թումանյանի իմաստուն քառյակների մեջ կարծես ամփոփված լինեն մարդկային կյանքի բոլոր ապրումները, հոգեվիճակները՝ իրեն հատուկ հանճարեղ հավաքականությամբ, քիչ բառերով արտահայտված ընդհանրականությամբ։ Քառյակներում եւս անդրադարձ կա կյանքի բոլոր ոլորտներին, նաեւ քաղաքական չփոփոխվող իրավիճակներին.

Բերանն արնոտ Մարդակերն էն անբան,

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.

Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան։  (1918թ., նոյեմբեր)

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,

Արեւմուտքի ըստրուկները մեքենայի եւ ոսկու՝

Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ

Դէպ Արեւելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու։ (1921, մայիսի 1)

Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում,

Էնքան տըրտում կորած լավերն իմ սըրտում…

Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին՝

Ե՛րբ են փայլել ուրախ օրերն իմ սըրտում։ (1922, հուլիսի 12)

Մեր օրերի մասին այս տողերը հանճարի միտքն է, որ անվրեպ տեսել է այն, ինչը, ցավոք, հնարավոր չի լինում ջնջել մեր միջից.

Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի.

Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։

Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին,

Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին… (1921, սեպտեմբերի 5)

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930