Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Բաղդասարյան․ «Դուք հետո կլսեք իմ մասին»

Սեպտեմբեր 28,2023 16:20

Սեպտեմբերը վերջին տարիներին, երեք տարի անընդմեջ ծանր է իջնում Հայաստանի վրա, այս օրերը՝ ամենադաժանը, երբ ապրում ենք ազգային ու անձնական ողբերգություն, ինչպես մեր նախնիները մեկ դար առաջ։

Հայրենիքի զոհված զինվորների հարազատների համար դժվար օր է նաև սեպտեմբերի առաջին օրը, բոլորն են վերհիշում իրենց երեխաների առաջին մուտքը դպրոց՝ հուզող մանրամասներով։

Գառնի գյուղի Բաղդասարյան ընտանիքի համար այս սեպտեմբերի մեկը դաժան էր կրկնակի՝ քսանամյա Նարեկ Բաղդասարյանը պիտի գնար Տնտեսագիտական համալսարան՝ իբրև առաջին կուրսի ուսանող։

48 օր էր մնացել, որ զորացրվեր ու գար տուն, բայց հայրենիքի վտանգված սահմաններին զինվորի կյանքի ամեն օրն էր վտանգի մեջ։

Պաշտոնական, ՀՀ ՊՆ մամուլի ծառայության լուրը․ «Սոթքում երկու օր շարունակվող սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 6 վիրավոր զինծառայող։ Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.)»:

 

 

«Ես որ ստեղ եմ, ինչից ես վախենում, հանգիստ քնիր»

 

«Նարեկը իմ երրորդն էր, երկար սպասված բալիկ էր Նարեկը, ծնվել է 2003 թվականի հունվարի 6–ին, նրա ծնունդով մեծ ուրախություն էինք ապրում։ Ես հղի էր, Հավուց թաղ Ամենափրկիչ եկեղեցի էինք գնացել, ուխտավորների խումբ կար, մի կին մոտեցավ ու ասաց՝ դու տղա ես ունենալու, անունը Նարեկ կդնես։ Շա՜տ սազում էր իր անունը, խելքը, շարժուձևը բնատուր էր»․ պատմում է զինվորի մայր Սվետլանա Ավետիսյանը։ Երիտասարդ, նիհարակազմ, լռակյաց կինը որդու մասին խոսելիս էլ է զուսպ։

«Ուրախ, կյանքով լեցուն, ամեն ինչի մեջ լավն էր տեսնում։ Վատ արարք չուներ Նարեկը, բանակից միշտ Հայկանուշին ու Գայանեին ասում էր՝ երեխեքին ցույց տվեք, կարոտում էր։ Համալսարան էր ընդունվել, շատ նպատակներ ուներ, հավանած աղջիկ ուներ, ես չէի ճանաչում, իր խնդալուց, դեմքի արտահայտությունից էի հասկանում»։

Առաջադեմ էր դպրոցում, գերազանցիկ էր, պատմություն, գրականություն, մաթեմատիկա, անգլերեն էր սիրում։

Տիկին Սվետան հիշում է, որ զինվոր տղային վերջին անգամ տեսել է նախորդ տարի օգոստոսի 14–ին, երբ ընտանիքով գնացել էին Սևան, «Նարեկն էլ միացավ մեզ, էդ օրվանից պոստերից չի իջել, օգոստոսի 17–ից մինչև մայիս ամիս»։

– Նարեկ ջան, հոգնել եք, ինչի չեք իջնում։

– Մամ ջան, ստեղ շատ գործ ունենք, շատ պատասխանատու գործ եմ անում, բոլորիս կյանքը ինձանից է կախված։

– Ախր շատ եմ վախենում։

– Որ ես ստեղ եմ, ինչից ես վախենում, հանգիստ քնիր։

Շատ դաժան երկու ձմեռ է անցկացրել, Սոթքի դիտակետից Քարվաճառի ճանապարհն են հսկել, չի բողոքել, չի տրտնջացել․ «լավ ենք, լավ ենք, ես իմ գործն եմ անում»։

 

«Արևս, մի քիչ զգույշ, քեզ բան չի մնացել, պիտի տուն գաս»

 

Երկու քույրերի կրտսեր եղբայր Նարեկը սպասված երեխա էր եղել ոչ միայն ծնողների, այլև քույրերի՝ տասնամյա Հայկանուշի և ութ տարեկան Գայանեի համար։

Գայանեն երկրորդ դասարան էր, գիտեր, որ ապերիկ են ունենալու, անհամբեր սպասել է եղբոր ծնվելուն․ «Նարեկը որ ծնվեց Գառնիի հիվանդանոցում, ցրտից հիվանդացել էր, տեղափոխել էին քաղաք, բուժումների շնորհիվ ամեն ինչ լավ էր։ Մեր երեքից Նարեկն ամենալավն էր սովորում, 12 տարի բարձր առաջադիմությամբ, ամեն ինչից գաղափար ուներ։ Մանկությունից շատ խելացի, իր տարիքի երեխեքից առանձնացող, ամեն ինչի մասին մտածում էր, շատ աշխույժ, շարժուն, անմտածել քայլեր չէր անում։ Պատերազմին անչափահաս էր, 17 տարեկան, շատ անհանգիստ էր, ոգևորված էր մեր հերոսներով»։

«Առաջնագիծ ես, Նարեկ ջան, զգույշ եղիր»․ կրտսեր քրոջ անհանգստությանը Նարեկը չի արձագանքել, միշտ վիդեոյով է զանգել, որ որդուն՝ Մհերին տեսնի․ «Մհերին շատ էր սիրում, ասում էր՝ իմ արջուկն ես, հարցնում էր ինչ է անում Մհերը, ինչ է խոսում։ Չէ, ինձ չի ասել, որ հետո կլսեմ իր մասին, երևի խնայել է, ասում էր ամեն ինչ լավ է, պիտի ուշադիր լինեմ, որ տղերքի հետ մի բան չլինի։ 25 օրվա ծառայողների մասին էլ ասում էր՝ էնքան մեծ են, բայց էնքան վախկոտ են, շուտ խառնվում են իրար»։

Գայանեն չի հասցրել ասի, որ ինքն էլ երեխա ունենալու, միայն Հայկանուշի երեխայի մասին գիտեր, ուրախացել էր՝ ինչ լավ է տանն եմ լինելու։ Չեղավ, եկավ․․․

Դեռ չծնված երեխայի անունի մասին հարցին Գայանեն պատասխանում է․ «Չէ, Լուսե, մեր լույսն է լինելու։ Իսկ Նարե արդեն ունենք»։

Պատմում է Հայկանուշը․ «Նարեկի ու իմ տարբերությունը տասը տարի է, պահել եմ, խնամել եմ, լուսավոր, պայծառ ժպիտ ուներ, կյանքն ուրիշ տեսակ էր սիրում, չի դժգոհել, չի նեղվել։ Որ ասում էր՝ ինչ ես անում, ասում էի՝ ոչ մի բան, անկապ, ասում էր․«Մի ասա անկապ, կյանքն էնքան լավ բան է, ձեր օրը արժեվորեք»։ Երեխեքին շատ էր սիրում, մի բան ասում էին, ուրախանում էր։ Հետաքրքիր բան են հիշում իր մանկությունից։ Նարեկը առաջին դասարանի վինետկայի վրա, անուշ հոտ գալու համար, օծանելիք էր ցանել, փչացել էր նկարը»։

Հայկանուշը զինվոր եղբոր հետ վերջին անգամ խոսել է մայիսի 11–ին այդ օրը բոլորի հետ խոսել էր, գիտեին, որ խառն է, ծառայությանն էր ուշադիր։

Սեպտեմբերի տասնմեկի հարձակման օրերին Սոթքի հետախուզական վաշտի կապավոր Նարեկը կոորդինատներ էր դիտարկում, որ կանխվեր թշնամու առաջխաղացումը։ Սոթքի սահմանը պոստերով կախված էր իրենց հաշվարկներից։

«Արևս, մի քիչ զգույշ, քեզ բան չի մնացել, պիտի տուն գաս»․ ավագ քրոջ զգուշացումին հանգիստ պատասխանել է, որ ամեն ինչ նորմալ է, պիտի ուշադիր լինի։ Մեկ անգամ էլ ասել է ․«Դուք իմ մասին դեռ կլսեք, մենք դաս ենք տալիս թշնամուն, որ ոչ մի անգամ սահմանին չմոտենան»։

«Ամսի 12–ին հաղորդագրություն է ուղարկել, կեսօրվա 3–ին, չենք խոսել։ Չէ, այդ ժամանակ տագնապ չեմ ունեցել։ Որ լուրերով լսեցինք Սոթքում զոհ ունեք, հենց էդ պահին վախեցա, բայց չէի ուզում վախենալ, թե սարսափելի մեկ զոհը Նարեկն է։ Ինքս հակասում էի իմ մտքին՝ չէ, դու նոր ես Նարեկի հետ խոսել, հանգիստ։ Իրիկունը նոր իմացանք ինչ է կատարվել մեզ հետ, մինչև հիմա մեր հավատը չի գալիս, որ իրեն կորցրինք»,– ասում է ավագ քույրը։

Հատված զորամասի հրամանատարի պաշտոնական գրությունից․ «Հրետանային մարտկոցի կապի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը բազմիցս խրախուսվել է, մշտապես տիրապետել է իր ֆունկցիոնալ պարտականություններին, ու իր առջև դրված մարտական խնդրին։ Մարտական պարտականությունները կատարել է առանց խախտումների ու գերազանց։ Նարեկը բարձր մակարդակով իրականացրել է հակառակորդի հետախուզություն և ուղղորդել է հրետանու կրակը, ինչի արդյունքում հակառակորդը չի կատարել իր առջև դրված խնդիրը։

Մարտական գործողությունների ժամանակ կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը ապահովել է դիտակետի հուսալի կապը և հայտնաբերած նշանակետերի մասին ժամանակին զեկուցել է ըստ վերադասության, ինչի շնորհիվ հրետանային միջոցները ճիշտ և ժամանակին կրակ են բացել հակառակորդի ուղղությամբ։

Ցուցաբերած խիզախումի, նվիրումի և անձնազոհության համար պարգևատրվել է ՀՀ կառավարական մեդալով։ Ցավոք, հերոսաբար մարտնչել ու զոհվել է հակառակորդի հերթական հրետանային հարվածից»։

Տիկին Սվետլանան հիշում է․ «Վերջին անգամ Նարեկիս հետ խոսել եմ ամսի 10–ին։ Այդ օրը քույրիկի հետ է խոսել՝ ամեն ինչ լավ է, ես ամեն ինչ անում եմ, դուք հետո կլսեք իմ մասին։ Ընկերը պատմել է, որ թշնամու առաջխաղացումը իր հաշվարկներով կանգնեցրել է։ Զոհվելու օրը, մայիսի 12–ին, 48 օր էր մնացել զորացրվելու։ Երկու վիրավորի իջեցրել էր ներքևի բուժկետ, նրանցից մեկը հետո եկավ մեր տուն, ասեց, որ Նարեկը իր կյանքը փրկել է։ Խիզախ էր, անվախի պես կանգնեց, ոչ կրակից, ոչ պայթյունից հետ չի կանգնել, չի նահանջել, չի թաքնվել, խիզախորեն կանգնել է, ընկերներն են պատմել։ Ընկերները փրկվեցին, ինքը՝ չէ։ Աջ ու ձախից երեք օր դաժան կռիվ է եղել, ամեն ինչը պայթեցրել են, իր կյանքով, իր արյունով է պահել սահմանը, հանուն մեզ, հանուն խաղաղ օրվա, որ մենք ապրենք»։

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930