Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից «Արևմտյան Ադրբեջանում» հուշարձանների ոչնչացման մասին փաթեթ է վերցրել

Հոկտեմբեր 02,2023 23:10 Share

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի տեղեկություններով՝ «Արևմտյան Ադրբեջան» նախագծին ընդառաջ՝ ԿԳՄՍ-ից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը» գրավոր հանձնարարական է տրվել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար:

Ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը առանձին խոշոր դրամաշնորհային ծրագրով լծվել են ՀՀ տարածքում ադրբեջանական ժառանգության ու ներկայության ուսումնասիրությանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Aravot.am-ի հետ զրույցում զարմանքով արձագանքեց այս տեղեկություններին:

«Ի՞նչ ընդառաջ, ո՞վ է ընդառաջ գնում այդ նախագծին առհասարակ,ի՞նչ նախագիծ է, որ մենք խոսենք: Վերջին շաբաթվա մեջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստան էր ուղարկել մի փաթեթ, որ իբրեւ թե Հայաստանում ադրբեջանական հուշարձանների ինքնությունները փոխվում են, դրանք ոչնչացվում են: Իրենք գրել էին, որ իբրեւ թե Արեւմտյան Ադրբեջանում է դա տեղի ունենում:  Գիտությունների ազգային ակադեմիան տարբեր ինստիտուտներով ելել էին այդ հիմարության դեմ: Իմ առաջին գրածն այն էր՝ ոնց կարող էր մեր արտգործնախարարությունը վերցներ մի թուղթ, որտեղ գրված է Արեւմտյան Ադրբեջան: Եթե Արեւմտյան Ադրբեջանում ինչ-որ բաներ են տեղի ունենում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է  այդ հարցն ուղարկի Արեւմտյան Ադրբեջան, ոչ թե Հայաստան: Ինչ իրավունքով է նախ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուղարկում, ինչ հիմքով կարող է Հայաստանի կառավարությունն այդպիսի փաթեթ ընդունի Արեւմտյան Ադրբեջանի մասին, մենք Արեւմտյան Ադրբեջանի մասին չգիտենք, Հայաստանն ինչ կապ ունի դրա հետ: Այդ փաթեթը մեր կողմից վերցնելը իրավական մեծագույն հանցագործություն է»,- նկատեց ազգագրագետը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական գերեզմանները հաշվառելուն, Հրանուշ Խառատյանը շարունակեց. «Այո՛, մենք անընդհատ գրում ենք, որ ադրբեջանական գերեզմանները Հայաստանում պահպանվել են այն մակարդակով  բացի ժամանակի վնասները: Ինչ որ թողել, գնացել են, լուսանկարներ ունենք, ցույց ենք տալիս, ի՞նչ է մենք դա չպետք  է տեսնենք, չպիտի՞ անենք: Այո՛, մենք նկարում ենք այդ հուշարձանները, դրա մասին վերլուծություն ենք տալիս իշխանություններին, բոլոր ժամանակների  իշխանություններին, թե պահպանվածության ինչ մակարդակ ունեն դրանք »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե Սարումյան says:

    «Արևմտյան Ադրբեջան» անվանումն օգտագործելը՝ ընդառաջ գնալ է Ադրբեջանի իշխանություններին։ «Արցախի Հանրապետություն» անվանումից հրաժարվելն ու դադարել օգտագործելը՝ Ադրբեջանի իշխանություններին ընդառաջ գնալ է,կրկին, նշանակում։ Այստեղ արդեն մեկնաբանություններն ավելորդ են…

Պատասխանել