Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում ենք ռեկորդային թվով գերմանացի զբոսաշրջիկներ տեսնել Հայաստանում. Գևորգ Պապոյանը՝ Յանա Շիմկեին

Հոկտեմբեր 11,2023 17:11

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանն ու Նարեկ Գրիգորյանը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բեռլինում հանդիպեցին Գերմանիայի Բունդեսթագի զբոսաշրջության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յանա Շիմկեին և հանձնաժողովի մյուս անդամներին։


Շնորհակալություն հայտնելով Յանա Շիմկեին հանդիպման հնարավորության համար՝  ՀՀ պատվիրակության ղեկավարը կարևորեց հայ-գերմանական, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական հարաբերությունները ու այս համատեքստում խորհրդարանականների դերը։ Գևորգ Պապոյանը հավելեց, որ զբոսաշրջության հետ կապված հարցերը տնտեսական հանձնաժողովի տիրույթում են, քանզի չունենք առանձին զբոսաշրջության հարցերի հանձնաժողով։

Անցում կատարելով ՀՀ-ում անվտանգային և հումանիտար հարցերին՝ Գևորգ Պապոյանը հատուկ առանձնացրեց Գերմանիայի դրական դերն ու ակտիվ ներգրավվածությունը՝ հույս հայտնելով, որ ժողովրդավարությունն ու տնտեսության զարգացումը կօգնեն լուծել բոլոր խնդիրները։ Հավելեց, որ Հայաստանում զբոսաշրջիկների քանակը պատկառելի է, բայցևայնպես շեշտեց, որ ցանկանում ենք ռեկորդային թվով գերմանացի զբոսաշրջիկներ տեսնել Հայաստանում արդեն հաջորդ տարի, ինչը, իհարկե, արդյունք կլինի համատեղ ակտիվ աշխատանքի։ Որպես զբոսաշրջային հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջին քայլ՝ Պապոյանը նշեց Հայաստան-Գերմանիա ուղիղ չվերթների իրականացման կարևորությունը՝ ցանկություն հայտնելով Ֆրանկֆուրտի, Դորտմունդի և Դյուսելդորֆի շարքում տեսնել ևս մի քանիսը, այդ թվում Բեռլինը։ Առանձնացրեց տուրօպերատորների փոխադարձ շփումների ու ֆորումների կազմակերպման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է աջակցել հայ-գերմանական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված ցանկացած գաղափարի։ Պատվիրակության ղեկավարը հավելեց, որ չնայած Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին՝ Հայաստանի ներսում զբոսաշրջիկը ազատ է, անվտանգ ու պաշտպանված։ Սահուն անցում կատարելով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցերում Գերմանիայի ներգրավվածության փաստին՝ շեշտեց խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը։

Յանա Շիմկեն, արձագանքելով, ևս կարևորեց անվտանգային բաղադրիչը: Խոսելով Գերմանիայում զբոսաշրջության հանձնաժողովի գործունեությունից՝ ափսոսանք հայտնեց, որ չունեն համապատասխան նախարարություն և ոլորտի ծանրաբեռնվածության մի զգալի մասը հանձնաժողովի ուսերին է։

Հանդիպման ժամանակ գերմանական կողմի բարձրացրած այն հարցերին, թե ինչպես է կազմակերպվում զբոսաշրջության ոլորտի մասնագետների պատրաստումը, ինչքանով է Հայաստանը ծանրաբեռնված այս պահին ԼՂՀ բռնի տեղահանվածների ֆոնին, կամ ինչով են գրավում զբոսաշրջիկներին Հայաստանում՝ Պապոյանը շեշտեց Հայաստանի պատմական և մշակութային ժառանգության, Հայաստանում հրաշալիորեն արտահայտված տարվա չորս եղանակների և սպասարկման ոլորտի ծառայությունների բարձր որակի մասին։ Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանի ներսում անվտանգ է՝ ներկաներին հրավիրեց Հայաստան իրենց աչքով տեսնելու և զմայլվելու Հայաստանի հրաշալի բնությամբ և պատմամշակութային արժեքներով։ Հավելեց, որ զբոսաշրջության ոլորտի մասնագետների կրթման գործում Հայաստանը ևս հաջողել է, քանզի ունի համալսարանում համապատասխան ֆակուլտետներ և կրթական ծրագրեր, որոնք նշյալ ոլորտում հրաշալի մասնագետներ են պատրաստում։

Գերմանական կողմին հետաքրքրեց նաև, թե Սևանա լիճը օգտագործվում է արդյոք զբոսաշրջության նպատակով, թե այն պահվում է՝ որպես բնության անձեռնմխելի հրաշալիք։ Պատասխանելով հարցին, Գևորգ Պապոյանը նշեց, որ Սևանա լիճը հատուկ ուշադրության կենտրոնում է և՛ որպես բնության հրաշք, և՛ որպես զբոսաշրջության զարգացման հնարավորություն։

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Մանավազյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, հետաքրքրվեց գերմանական կողմի օրենսդրական վերջին նախաձեռնությամբ, որը հաջողել է կամ փոփոխություն է մտցրել զբոսաշրջության մեջ։ Յանա Շիմկեն, արձագանքելով, նշեց, որ կորոնավիրուսի հետևանքները դեռ նշմարելի են երկրում, բայց Գերմանիան փորձում է հասնել ավելի լավին, քան հիմա կա։

Քաղաքացիական պայմանագիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031