Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ կարգավիճակ տալու որոշման հիմքում քաղաքական գործոն կա, այս որոշման իմաստը Արցախի քաղաքացիություն հասկացությունը վերացնելն է»․ Լեւոն Հայրյան

Հոկտեմբեր 27,2023 13:42

Արցախից բռնի տեղահանված անձինք այսօր դարձյալ բողոքի ցույց էին անում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիայի դեսպանատանը հայտնել են, որ իրենց ցույցը շարունակական է լինելու։ «Հիմնական պահանջը՝ Ֆրանսիայից հումանիտար ապաստան ենք ուզում։ Նրանք չեն ժխտում, որ հարցը կարելի է լուծել։ Ասում են՝ բարդ հարց է, մենք քննարկումներ ենք անում այդ հարցի շուրջ, սպասեք պատասխանի»,- նշեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում չեն ուզում բնակվել, Հայրյանը պատասխանեց․ «Մենք երեք տարի է՝ փորձում ենք Հայաստանում ապաստան գտնել։ Երեք տարի անընդհատ դիմել ենք փախստականի կարգավիճակի համար, որ մեզ համար բնակավայր կառուցեն, որպեսզի մեր համայնքը մեր մշակույթը պահպանելով՝ ապրի։ Բայց Հայաստանում մեր խնդրանքներն ու պահանջներին արհամարհում էին։ Նախկինում մենք միշտ ՀՀ կառավարության մոտ էինք մեր հավաքներն անում, նրանցից էինք պահանջում։ Բայց կառավարության համապատասխան պահվածքը մեզ մղեց դեպի դեսպանատներ»։


Կառավարությունը երեկվա նիստում Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կարգավիճակ տալու մասին որոշում է ընդունել։ Ըստ այդմ՝ արցախցիները կարող են օգտվել փախստականի իրավական կարգավիճակից, ինչպես նաեւ՝ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Հարցին, թե ինչո՞ւ գոհ չեն կառավարության այս որոշումից, չէ՞ որ իրենք երեք տարի շարունակ բարձրաձայնում էին փախստականի կարգավիճակի հարցը, Լեւոն Հայրյանը պատասխանեց․ «Մեզ երեք տարի անընդմեջ ասում էին՝ ձեզ չենք կարող փախստականի կարգավիճակ տալ, որովհետեւ դուք ՀՀ քաղաքացի եք։ Հիմա երեկ գրչի մեկ հարվածով չգիտես ինչու որոշել են, որ 120 հազար մարդու փախստականի կարգավիճակ են տալիս։ Հայաստանում մեզ չեն պահել եւ չեն պահելու։ Այդ նախագիծը, որը երեկ ներկայացնում էին, այսպիսի կետեր ունի։ Ասում է՝ փախստականի կարգավիճակից ելնելով՝ ձեզ ինչ-որ միջոցներ կտան ապրելու կամ եթե չեք ուզում, կարող եք դիմել, եւ ձեզ Հայաստանի քաղաքացիություն կտան։ Այսինքն՝ այս մարդիկ երեք տարի թմբկահարում են, որ դուք ՀՀ քաղաքացի եք, հիմա ասում են՝ դիմեք, որ Հայաստանի քաղաքացիություն ստանաք։ Ես ունեմ անձնագիր, որտեղ գրված է, որ անձնագրի կրողի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմա ինչ-որ որոշում են ընդունել, ինձ ասում են՝ ՀՀ անձնագիրը բեր հանձիր եւ ստացիր ՀՀ քաղաքացիություն։ Դուք կարո՞ղ եք հասկանալ, թե դա ի՞նչ է նշանակում»։


Հայրյանը հավելեց․ «Այս կարգավիճակը մեզ տվել են ոչ թե մեր հարցերը լուծելու համար, այլ սրա հիմքում ընկած է քաղաքական որոշում։ Պետք է նախ իմանանք, թե սա ինչ որոշում է, ում առաջադրանքով է։ Ես հասկանում եմ, որ այդ որոշման հիմնական իմաստը Արցախի քաղաքացիություն հասկացողությունը վերացնելն ու ոչնչացնելն է։ Այս որոշման իմաստը իմ անձնագրի այն էջն է, որտեղ գրված է, որ ես հաշվառված եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այսինքն՝ Սամվել Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու հրամանագիրը հերիք չէր, հիմա էլ ուզում են ներքին կարգով Արցախի քաղաքացիությունը վերացնել։ Ես պետք է կոչ անեմ մեր հայրենակիցներին, որ ոչ ոք Արցախից Հանրապետության քաղաքացիությունից չհրաժարվի։ Եթե ՀՀ իշխանությունները որոշել են մեզ այստեղ պահել որպես փախստական, թող պահեն։ Բայց ես ուրիշ բանից եմ վախենում՝ նրանք մեզ ստիպողաբար նատուրալիզացիայի ենթարկելով՝ նաեւ ուզում են ինձ իմ պահանջներից զրկել։ Ես տուն ունեի, ՀՀ-ն՝ որպես իմ ունեցվածքի երաշխավոր, պետք է փոխհատուցում տա։ Բայց դա էլ չեն ուզում տալ, եւ ես այսպիսի պետության մեջ ապագա չեմ տեսնում այս ժողովրդի համար»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031