Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան․ «Կարծում եմ՝ անգամ տեղին չէ մտածել, թե պետք չէ խոսել այնպիսի թեմաներից, որոնք կարող են բարկացնել մեր թշնամուն»․ «Փաստ»

Նոյեմբեր 11,2023 09:30

Քաղաքական որոշ գործիչներ ասում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի պետական ինստիտուտներ չպետք է գործեն, դա ազգային անվտանգության խնդիր է: Ինչո՞ւ մեր քաղաքական դաշտում կա այս դիմադրությունն ընդդեմ Արցախի պետական ինստիտուտների լինելիության: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնում․ «Նման քաղաքական կարծիք հայտնողների մոտ այն տպավորությունն է, որ թշնամու հետ հարաբերություններում և բանակցություններում, որի մեջ գտնվում ենք այսօր, պետք է հանդես գալ «խելոք չբարկացնողի» դերում: Սակայն պետք է շատ լավ հասկանանք մեկ բան՝ անկախ նրանից, թե դու ինչ վարքագիծ ես դրսևորում, փորձում ես չբարկացնել քո թշնամուն, նա, միևնույնն է, անում է այն, ինչ նախատեսել ու նախագծել է: Կարծում եմ՝ անգամ տեղին չէ մտածել, թե պետք չէ խոսել այնպիսի թեմաներից, որոնք կարող են բարկացնել մեր թշնամուն: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու հրաժարվել շատ ավելի կարևոր հանգամանքներից, ստիպված ենք լինելու հրաժարվել ընդհանրապես խոսել հայկականությունից, ազգային արժեքներից և այլն:

Սա ճիշտ դիրքորոշում չէ, և այն պետք է փոխել: Հանրության մեջ տարածվում է այդ վախը, որ եթե խոսում ենք Արցախից, ապա Հայաստանի Հանրապետությունն է վտանգվում: Բազմիցս ասել ենք, որ առանց Արցախ հնարավոր չէ ունենալ ուժեղ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև դառն իրականությունը մեզ ցույց տվեց, որ առանց Հայաստանի Հանրապետության հնարավոր չէ Արցախը պահել հայկական»,-ընդգծում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահը:

Ոչ մեկ անգամ տեսակետներ են հնչում, որ մեկ հրամանագրով հնարավոր չէ լուծարել Արցախի Հանրապետությունը, որը հիմնվել է ժողովրդի հանրաքվեի արդյունքում, որ Արցախ վերադարձի ու Արցախը վերադարձնելու մտքից չպետք է հրաժարվել, բայց նաև հասկանում ենք, որ այս երկար ու բարդ ճանապարհին Արցախի թիկունքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը: Բայց այս ճանապարհը հնարավո՞ր է անցնել Հայաստանի գործող իշխանությունների օրոք և նրանց հետ:

«Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անենք այնպիսի իշխանություն ունենալու համար, որի օրակարգում լինի վերադարձ դեպի անվտանգ, զարգացող ու հայկական Արցախ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք այնպես անել, որ տվյալ պահին պահպանենք Արցախի ժողովրդին որպես հավաքական մի ամբողջություն: Նրանք պետք է կամք դրսևորեն և վերադառնան հայկական, անվտանգ ու զարգացող Արցախ: Այդ գաղափարը մեր գլխից չպետք է հանենք: Քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին, որոնք նման գաղափարով չեն առաջնորդվում, պետք է դուրս մղել քաղաքական գործունեությունից և ընդհանրապես Հայաստանի բախտը որոշելու գործընթացներից»,-ընդգծում է նա:

Հակոբյանն ասում է, որ այս ընթացքում մշտապես լինում են հանդիպումներ ու քաղաքական կոնսուլտացիաներ: «Կարծում եմ՝ մեր գաղափարներին ու նպատակներին հասնելու համար պետք է ունենանք ճանապարհային հստակ քարտեզ, որի մեջ նաև ընդգրկված կլինի, թե որևիցե մի փուլում ինչպիսի գործողություններ ու քայլեր պետք է արվեն, դա վերաբերում է նաև միջազգային տարբեր հարթակներում հայկական հարցի բարձրացմանը: Չկա առանձին հայկական հարց կամ Արցախի հարց, կա մեկ հայկական հարց, որի պատմական արդարության վերականգնման պատասխանատվությունն այս փուլում ընկած է մեզ վրա, և պարտավոր ենք այն պատվով կրելու»,-նշում է զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930