Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական կապերը եւ բարիդրացիական հարաբերությունները իրանցիների եւ հայերի միջեւ արժեքավոր ակտիվներ են». ՀՀ-ում Իրանի դեսպան

Դեկտեմբեր 05,2023 13:14

«Միշտ հաճելի է տեսնել, թե ինչպես են ակադեմիական եւ հետազոտական համայնքները կառավարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկում առկա աշխարհաքաղաքական մարտահրավերները հաղթահարելու ուղիները: Անկասկած, նման նախաձեռնությունները միտված են նպաստելու առավել արդյունավետ որոշումների կայացմանն ուղղված քաղաքականության մշակմանը: Մյուս կողմից էլ՝ դրանք վերաձեւում են միջկառավարական եւ միջպետական հարաբերությունների բարելավմանն ուղղված ռազմավարական մտածողությունը:

Ներկայումս, երբ ականատես ենք առավել մասնատված աշխարհի, նման հարթակներում համագործակցությունը արդեն իսկ փոխակերպող դերակատարություն է ունենում՝ փաստելով գիտելիքի եւ փորձառության միջեւ բացը լրացնելուն»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնած, հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովում։

Նախարարի տեղակալը փաստեց, որ Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի հետ ավանդականորեն ձեւավորված ջերմ հարաբերությունները հիմնված են մի շարք համընդհանուր իրողությունների վրա: Ի թիվս այլնի, Սաֆարյանն ասաց. «Մենք գնահատում ենք Իրանի սկզբունքային հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում, բարձր ենք գնահատում նաեւ միջազգային հարթակներում Հայաստանին առնչվող խնդիրների վերաբերյալ Հնդկաստանի հնչեցրած դիրքորոշումները, հատկապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստերին»:

Հավելենք, որ համաժողովի նպատակն է նշված երկրների առաջատար փորձագետների մասնակցությամբ քննարկել տարածաշրջանային առկա իրողությունները, փոխադարձ հետաքրքրությունները եւ տարածաշրջանային այն նախագծերը, որոնք կարող են շահավետ լինել բազմաթիվ դերակատարների համար:

Հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, նախատեսվում է նաեւ քննարկումները կենտրոնացնել տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, տնտեսական կապերի և հեռանկարային ենթակառուցվածքային ծրագրերի վրա՝ քննարկելով ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված հայեցակարգը։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի (լուսանկարում) ձեւակերպմամբ, երկարաժամկետ պատմական կապերը եւ բարիդրացիական հարաբերությունները իրանցիների եւ հայերի ու երկու երկրների կառավարությունների միջեւ արժեքավոր ակտիվներ են, որոնք թույլ են տալիս բարելավել հետագա հարաբերությունները, հենվելով անցյալի վրա՝ մտածել նոր ուղիների մասին:

«Մեր ընդհանուր սահմանը Հայաստանի հետ, որ քանակական իմաստով ամենակարճն է, որակի իմաստով լավագույն սահմաններից մեկն է: Այս սահմանահատվածը միշտ եղել է խաղաղության ու բարեկամության սահման: Երկու երկրները երբեւէ իրար չեն սպառնացել եւ միշտ հնարավորություններ են ընձեռել իրար համար: Ջատագովելու ունակությունը դիվանագիտության խնդիրներից մեկն է, եւ դա միշտ դրական իմաստով է ներառվել մեր հարաբերությունների համատեքստում: Ընդհանուր ըմբռնման եւ առաջարկների ուղղորդման լույսի ներքո՝ մեր երկու երկրների միջեւ հարաբերություները բազմազան ուղղություններով են զարգացել»,-նշեց Հայաստանում ԻԻՀ դեսպանը:

Նաեւ ընդգծեց. «Մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը բազմապատկվել է եւ հասնում է 1 մլրդ դոլարի ծավալի: Երկու երկրները փոխադարձ շահավետ համաձայնագրեր ունեն՝ ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ասպարեզներում: Մենք փորձում ենք նաեւ ուսումնասիրել թաքնված ներուժը՝ երկու երկրների հարաբերությունների աճին ի շահ: Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքի ամրացումը եւ հաղորդակցության ուղիների բացումը ոչ միայն երկու երկրների միջեւ հարաբերություններին կնպաստի, այլեւ ճանապարհ կհարթի տարածաշրջանային մասնակցության համար: Մենք հավատում ենք, որ հաղորդակցության միջանցքները Հնդկաստանից մինչեւ Չաբահար նավահանգիստ եւ դրանից հյուսիս դեպի Հայաստան եւ Սեւ ծով՝ վստահելի ճանապարհ կտրամադրեն դեպի Հյուսիս, Եվրոպա ապրանքատեղափոխման համար»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031