«Այլեւս անհնար է լսել նման անտրամաբանական մտքեր, հակասական խոսքեր: Եղել են դեպքեր երբ այդ անձը իր ելույթի մեջ մի քանի նախադասություն հետո սկսել է հակասել իրեն… Իրենք շատ լավ գիտեն՝ ինչպես մանիպուլացնել ժողովրդին: Այն տեխնոլոգիաները, որ կիրառում են, իրենց հորինածը չեն: Դրանք հաջողություն գրանցած տեխնոլոգիաներ են, եւ հիմա իրենք դա կիրառելով՝ գրանցում են սեփական հաջողությունները»,- «Հայելի» ակումբում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ նրա վարչախմբի գործելաոճը՝ Արցախի հետ կապված:
Արցախցի պատգամավորի խոսքով. «21-րդ դարում մարդկային հիշողությունը կարճ է: Երբ որեւէ բան են ասում, հնարավոր է 2-3 օր հետո մարդիկ ընդհանրապես չհիշեն, եւ իշխանությունները նոր ինֆորմացիա դաշտ նետեն: Իսկ այն մարդիկ, որոնք ավելի ուշադիր են, կարեւորում են այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան կամ այն իրավիճակը, որում իրենք ապրում են, այլ կերպ են մտածում: Անընդհատ ասում են, թե իբր սկսած 90-ական թվականներից՝ Արցախը հանձնել են, տարբեր տարեթվեր են հնչեցնում: Պետք է ժողովրդին նույն պարզ լեզվով ասել, ինչ իրենք են ասում եւ ուղղակի հղում տալ մարդկային պարզ տրամաբանությանը:
Ասում են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Արցախը հանձնված էր, այնուհետեւ պարզվում է, որ իբր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էր հանձնված, հետո Սերժ Սարգսյանի ժամանակ…Լավ, այդ դեպքում ի՞նչն էր խանգարում Ալիեւին՝ մտնել Արցախ ու վերցնել Արցախը…Մի՞թե Ալիեւը սպասում էր, որ գար այսքան հայրենասեր, նվիրյալ անձ, որը պատրաստ էր նաեւ իր հայրենասիրությունը ցուցադրել մեր հազարավոր քաջորդիների զոհաբերմամբ, նոր վերցներ…վՀասկանալի է, չէ՞, որ այս ամենը չակերտների մեջ եմ ասում… Նույնիսկ մարդկային պարզ տրամաբանությամբ ընկալելի չէ այն ամենը, ինչ իրենք են ասում»:
Մետաքսե Հակոբյանը հավելում է. «Արցախը չէր կարող հանձնված լինել, դա կարող են փաստել 160 հազար արցախցիները, որոնք մինչեւ պատերազմն էին Արցախում, այնուհետեւ 120 հազար արցախցիները, որոնք դիմակայում էին շրջափակմանը: Նույնիսկ շրջափակված Արցախում արցախցին ավելի ապահով էր իրեն զգում, քան այսօր՝ տեղահանված, այս իշխանությունների ստեղծած խոչընդոտների եւ ճնշումների ներքո:
Կարդացեք նաև
Ես այս ամենը ասելիս՝ բնավ նկատի չունեմ մեր հայրենակիցներին եւ մայր Հայաստանը, որովհետեւ մենք երբեւէ առանձին որեւէ բան չենք դիտարկել: Մեր հայրենակիցներն այսօր վախի մթնոլորտում են, դիկտատորական ժամանակաշրջանում, կարծես 1937թվականը լինի…
Երեկ ՔՊ-ական պատգամավորը, որի անունը նույնիսկ չի տպավորվել, մի քանի անգամ մեր մասին ասում է ՝ էդ մարդիկ…Այնուհետեւ ասում է՝ թող վեր չկենային ու գային..
Զուգահեռ գնում է Ալիեւ-Փաշինյան խոսքը: Ես միշտ ուշադիր հետեւում էի այդ երկուսի հարաբերություններին մամուլով: Բազմիցս նշել եմ, որ երբ Ալիեւն է խոսում, տպավորություն է, թե Հայաստանի վարչապետի խոսքը ուղղակի թարգմանված է ադրբեջաներեն… Կամ հակառակը՝ եթե Ալիեւից հետո է հնչում խոսքը, կարծես թե թարգմանված է հայերեն… Մենք նաեւ տեսնում ենք , թե ՀՀ վարչապետը ինչպես է իր խոսափողներին առաջ տանում, եւ կան հիմնականում 4-5 խոսափողներ, որոնք ներկայացնում են թեզերը, այնուհետեւ արդեն ամբողջացրած՝ Նիկոլ Փաշինյանը է խոսում դրա մասին: Նույն բանը, ինչ ասում է Բաքվի բռնապետը, որ իրենք մեզ չեն քշել, մենք ենք լքել Արցախը, այսօր ասում են նաեւ ՔՊ-ականները՝ իրենց ղեկավարի հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































