Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են Վայոց ձորի մարզում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները

Հունվար 10,2024 22:25

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դավիդ Գոդշմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային, ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Զարինա Ատոժոնբային և Հայկական ԿԽ ընկերության Սյունիքի և Վայոց ձորի մարզային ներկայացուցիչներին։

Մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին ծավալած գործունեության համար՝ նշելով, որ պատկան մարմինները և հասարակության լայն զանգվածները քաջատեղյակ են կազմակերպության գործունեության մասին և բարձր են գնահատում հատկապես ճգնաժամային իրավիճակներում կազմակերպության՝ մարդասիրական առաքելությանն ուղղված, կոնֆլիկտներից տուժած մարդկանց խնդիրների լուծմանը միտված տարաբնույթ ծրագրերի արդյունքները։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են Վայոց ձորի մարզում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները, մասնավորապես շեշտադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզում ընդունելու, սատարելու գործընթացում կազմակերպության ցուցաբերած մեծածավալ աջակցության և կամավորների կատարած լայնամասշտաբ աշխատանքների հանգամանքը։      Այնուհետև քննարկվել են 2024 թվականին իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները․ շարունակվելու են տեղահանվածների ինտեգրմանն ու սոցիալական դժվարությունների հաղթահարմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ հոգեբանական ծառայության տրամադրում, առաջին օգնության դասընթացների կազմակերպում, նրանց և հյուրընկալած բնակավայրերի համար տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացում, տարեցներին տնային խնամքի ծառայության տրամադրում և այլն, իսկ բնակարանաշինությանն ու բնակարանների վերանորոգմանն ուղղված ծրագրերը դեռ պլանավորման փուլում են։

Կարևորվեցին կայուն և տևական արդյունքներ ապահովող ծրագրերի իրականացումը, որոնք ավելի սահուն և դյուրին կդարձնեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ինտեգրման գործընթացը։

Հանդիպման կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել արդյունավետ և ընդլայնված համագործակցությունը։

 

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031