Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստ լինելու առավելությունները

Հունվար 18,2024 10:00

Ո՞րն էր մեր՝ հասարակ քաղաքացիներիս, բողոքը առնվազն վերջին 30 տարիների ընթացքում: Որ պաշտոնյաներն ու հարուստները մեզ արհամարհում են, մարդատեղ չեն դնում, որ նրանք գոռոզ են եւ «հաբռգած», իրենց կարող ենք թույլ տալ այն, ինչ մենք երբեք չենք անի:

Օրինակ, գործարարը կարող էր կաշառք տալ քաղաքապետարանի պաշտոնյային, դրա դիմաց հողամաս ստանալ եւ այնտեղ քանդեր-ավերեր ու ընդհանրապես անել այն, ինչ ուզում էր: Հիմա, զուտ ձեւական առումով, այդպես չէ. գումարը հայտնի է եւ այն, կարծես թե, մուծվելու է քաղաքի բյուջե:

Բայց հարցերն, այնուամենայնիվ, մնում են: Ինչպե՞ս է որոշվել կառուցապատողը, ինչո՞ւ մրցույթ չի եղել: Արդյոք այն, ինչ արվելու է Օղակաձեւ զբոսայգու հատվածում, վերահսկվելո՞ւ է երեւանցիների կողմից: Արդյոք գործարքի հետեւանքով կառուցապատողի ստացած եկամուտները էապես չե՞ն գերազանցելու բանկի տված 264 միլիոն դրամը: Դրանք, կարծում եմ, միանգամայն արդարացված մտահոգություններ են:

Մեկ այլ դեպք, որն, ինձ թվում է, ավելի արտառոց է: Առաջ հարուստները կաշառք էին տալիս հանձնաժողովի բժիշկներին կամ զինկոմիսարիատի չինովնիկներին՝ իրենց որդիներին բանակից ազատելու համար: Հիմա նույն հարուստները միանգամայն օրինական ձեւով կարող են «մուծվել» պետությանը, որպեսզի իրենց զավակները չծառայեն:

Տարբերությունն իրավական առումով, իհարկե, մեծ է. մի դեպքում խոսքը հանցագործության մասին է, մյուս դեպքում՝ դա պետության եւ քաղաքացու միջեւ «օրինական գործարք» է: Բայց էթիկական տեսակետից երկրորդ տարբերակը նույնպես մերժելի է՝ մանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանը, միեւնույն է, վաղ թե ուշ մտնելու է պատերազմի մեջ: Ստացվում է, որ այդ պատերազմին պետք է մասնակցեն միայն նրանք, ովքեր չեն կարողացել «մուծվել»:

Հասարակությանը հասցեագրված ուղերձը պարզ է. «Հարստացեք, բարեկամներ, ի թիվս այլ «կայֆերի», դուք կապահովեք ձեր զավակների անհոգ կյանքը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031