Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա արդարադատության բռնաբարում է, քաղաքական պատվեր է իմ դեմ»․ Գագիկ Համբարյան

Հունվար 29,2024 20:10

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ին բողոք է ներկայացրել այն մասին, որ իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում թե’ նախաքննական մարմինը և թե’ դատախազությունը իր ներկայացրած ապացույցները բացարձակապես հաշվի չեն առնում։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, պատճառը Գագիկ Համբարյանի՝ «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ գրառումն է, որով նա վիրավորել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։ Այն շրջանառության մեջ են դրել մի շարք լրատվական կայքեր։

ՇՊՀ-ի դասախոսի ասելով՝ նախաքննական մարմինն առաջնորդվում է միայն դատավոր Լիլիթ Խաչատրյանի այն «կեղծ ենթադրությամբ», թե Գագիկ Համբարյանը իր հասցեին վիրավորական արտահայտություն է արել, քանի որ դժգոհ է մնացել իր՝ որպես դատավորի գործունեությունից, ի վնաս իրեն կայացրած երկու վճիռներից։

Մինչդեռ Գագիկ Համբարյանը պնդում է ու ներկայացնում ապացույցներ այն մասին, որ ինքն այս դատավորի գործունեությունը սկսել է քննադատել ավելի վաղ՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջից, երբ դեռ Լիլիթ Խաչատրյանի մոտ իր դեմ գործեր չկային։

«Որ ես վրդովվել, գրառումներ եմ արել ու սկսել եմ նրան վիրավորել իմ դեմ մասնակի կայացրած վճիռներից, դա չի համապատասխանում իրականությանը, դրանք չեղարկվում են հենց մամուլում տեղ գտած ապացույցներով (տես փաստաթղթերում)։

Նա իմ դեմ վճիռ կայացրել է 2022 թվականի փետրվարին, իսկ ես գրառումներ եմ արել՝ սկսած 2018 թվականի վերջից։ Եվ այդ գրառումները և նրա գործունեության վերաբերյալ հարցազրույցները շարունակվել են, մինչև նրա կողմից ԲԴԽ դիմելը։

2023 թվականի մարտի 29-ի առավոտյան ես գրառում եմ անում իմ էջում, որը Լիլիթ Խաչատրյանը իբրև թե տեսնում է ապրիլի 3-ին ԶԼՄ-ներից մեկում և դիմում է ԲԴԽ։ Հատկանշական է, որ իմ գրառման օրը՝ մարտի 29-ին, Լիլիթ Խաչատրյանը իմ դեմ կայացրած վճիռներից մեկի կատարողականն է ստորագրում և դիմում է ԲԴԽ՝ ենթադրաբար պատրանք ստեղծելով, որ ինքն այս տարիների ընթացքում իր գործունեության վերաբերյալ իմ բազմաթիվ գրառումների և հարցազրույցների մասին տեղյակ չի եղել։

Ես ենթադրում եմ, որ դատավոր Լիլիթ Խաչատրյանը, նախապես ծանոթ լինելով իմ քննադատություններին, հետագայում իմ դեմ դիտավորյալ վճիռներ է ընդունել»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Գագիկ Համբարյանը նաև շարունակում է ներկայացնել իր ապացույցները ու պնդել, որ դատավոր Լիլիթ Խաչատրյանը «գրագող է», «վճիռ գողացող» է ու մեջբերում է իր գործընկերոջ՝ Հովհաննես Խորիկյանի վճիռը՝ կայացված 2018 թվականի սեպտեմբերի 24-ին Լիլիթ Խաչատրյանի կողմից, որի 21-րդ էջը տառացիորեն արտատպած է Գագիկ Համբարյանի վճռի 24-րդ էջից (տես փաստաթղթում)։

Գագիկ Համբարյանի վճիռը կայացվել է Հովհաննես Խորիկյանի վճռից երկու ամիս առաջ՝ 2018 թվականի հուլիսի 28-ին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանի կողմից։

Ավելին, ըստ Գագիկ Համբարյանի, դատավոր Լիլիթ Խաչատրյանը իր վճռից այնպիսի «փնթի քոփի փաստ» է արել, որ Հովհաննես Խորիկյանի վճռի 21-րդ էջում մոռացել ու թողել է Գագիկ Համբարյան անուն-ազգանունը։

Թե՛ Գագիկ Համբարյանը և թե՛ Հովհաննես Խորիկյանը դատի էին տվել Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին՝ իրենց աշխատանքից ապօրինի ազատելու համար։

Գագիկ Համբարյանն ասում է, որ ինքը 20 տարվա դասախոս է և սա վրիպակ չէ, այլ հստակ գրագողություն։

Իսկ դատավորին «անգրագետ» բնութագիրը տվել է այն պատճառով, որ Լիլիթ Խաչատրյանը Հովհաննես Խորիկյանի նույն վճռում Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնը երեք տարբեր անուններով է գրել և լրացուցիչ նոր որոշում է կայացրել, քանի որ այն ի կատար չէր ածվել Շիրակի պետական համալսարանի կողմից։

«Լիլիթ Խաչատրյանն իր ցուցմունքում նշում է, որ իր անգրագիտությունը փաստող ապացույցները ընդամենը վրիպակներ են, շատ լավ, Գագիկ Համբարյանը, 20 տարվա դասախոս լինելով, պնդում է, որ անգրագիտություն է։ Բա չկանչե՞ն համապատասխան փորձագետների, լեզվաբան-փորձագետը թող պարզաբանի, թե օրինակի համար նույն վճռի մեջ Շիրակի պետական համալսարանի նույն ստորաբաժանումը ինչպես է 1-ին, 5-րդ և 26-րդ էջերում 3 տարբեր անուններով անվանել, որն, ի դեպ, առաջացրել էր խնդիր։ Հովհաննես Խորիկյանը դիմեց դատարան, և Լիլիթ Խաչատրյանը լրացուցիչ վճիռ կայացրեց։

Իսկ նրա գրագող լինելու մասին փաստն այն է, որ Հովհաննես Ղազարյանի կայացրած վճռի մոտ 45 տոկոսը գողացված է Լիլիթ Խաչատրյանի կողմից։ Ես իմ ցուցմունքում էջերով մանրամասն նշել եմ սա։ Գրագողության փաստն ապացուցվում է թե՛ տառասխալների, թե՛ կետադրական նշանների սխալ լինելով, թե ընդհանրապես բովանդակությունն արտատպելով։ Իսկ գրագողության համար փորձագետ հրավիրե՞լ են, չեն հրավիրել։ Ես, 20-ամյա դասախոս լինելով, կարող եմ փաստել՝ սա գրագողության ցայտուն փաստ է։

Լիլիթ Խաչատրյանին մեղադրել եմ նաև ստախոսության մեջ։ Ի դեպ, Լիլիթ Խաչատրյանի ստախոսությունը բացահայտվում է այն հանգամանքով, որ իմ երկու գործերի քննության ժամանակ առաջին իսկ օրը՝ 2019 թվականի նոյեմբերի վերջին են տեղի տեղի ունեցել նիստերը, նույն օրը՝ տարբեր ժամերի, ես միջնորդություն եմ ներկայացրել, որ Լիլիթ Խաչատրյանը չի կարող արդարացի վճիռներ կայացնել իմ գործերով, որովհետև ինքը ծանոթ է հայցվորի հետ։

Լիլիթ Խաչատրյանը հերքել է, տարիներ անց ՝ 2022 թվականի հունիսի 24-ին Newsmedia.am կայքում հայտնվում է ձայնագրություն, որով Լիլիթ Խաչատրյանի ընկերուհին բացահայտում է, որ Լիլիթ Խաչատրյանը ծանոթ է հայցվորի հետ ու նրա միջոցով այնպիսի տեղեկություններ է ինձ հաղորդել, որոնք հետագայում տեղի են ունեցել։

Հիմա հարց՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանն ի՞նչ շահեր է հետապնդում, որ իմ բերած ապացույցը չի ուսումնասիրում, ձայնագրությունը ուղղակի անտեսված է։ Իմ բոլոր ապացույցներն արհամարհված են թե՛ քննիչի և թե՛ հատկապես դատախազ Արեգ Խաչատրյանի կողմից»։

Գագիկ Համբարյանի դեմ նախաձեռնված քրեական վարույթը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Նա մտավախություն ունի, որ դատարանը ևս կաշկանդված է, օբյեկտիվորեն չի քննի իր գործը։

«Գործը հիմա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում է։

Առաջին դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ ինքը մոտ է դատավոր Լիլիթ Խաչատրյանի հետ։ Սա տրամաբանական էր․ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը շատ փոքր է, այնտեղ 12 հոգի դատավորներ են և բարոյականությունն է հուշում, որ որևէ դատավոր այդ դատարանում չի կարող մեկը մյուսի դեմ որոշում կայացնել։

Ինձ առաջնահերթ անհանգստացնում է այս հանգամանքը, քանի որ Շիրակի դատարանում որևէ դատավոր չի կարող օբյեկտիվ քննություն անցկացնել այս դեպքում։ Եթե դատավորները, լինելով կոլեգաներ, մեկը մյուսի դեմ որոշում չեն կայացնում, այստեղից պետք է հետևություն անել, որ խախտվում են իմ իրավունքները, օբյեկտիվ դատաքննություն լինել չի կարող։

Բայց մինչ դատաքննության մասին նշելը, ասեմ՝ ես սարսափած են այն խայտառակ նախաքննությունից, որը անցկացվեց քննչական կոմիտեի Շիրակի մարզային կառույցում և դատախազությունում։

Այս ամենի հեղինակները Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը և նրա տեղակալ Արեգ Խաչատրյանն են։ Նրանք Շիրակի մարզից չեն և նրանց համար շատ հեշտ է մարդկանց գլխին գործ սարքելը, եթե իրենք այստեղ ծանոթներ, բարեկամներ, հարազատներ չունեն։

Լուրեր են տարածվում, որ շահագրգիռ են նաև Շիրակի մարզի քննչական վարչության պետ Իսահակյանը և նրա տեղակալ Հովհաննես Պողոսյանը։

Ինձ համար ի սկզբանե շատ զարմանալի էր, որ դատախազություն-քննչական կոմիտե տանդեմը ջանադրաբար թույլ չէին տալիս, որ ես ցուցմունք տամ, միայն իմ բողոքներից հետո մարզի դատախազի տեղակալը ստիպված եղավ փոխել քննչական կոմիտեի որոշումը։ Նրանք ասում էին, թե գործն արդեն քննվել է և ուղարկվում է դատարան։

Մարդիկ ինձ մեղադրանք են առաջադրում և թույլ չեն տալիս, որ ես ցուցմունք տամ», -ասում է Գագիկ Համբարյանը։

Նա նշում է, որ իր տված ցուցմունքում իր արտահայտած բոլոր կարծիքների վերաբերյալ մի քանի ապացույցներ է ներկայացրել , քննիչը և վերադաս դատախազը առարկություններ, կարծիքներ չեն հայտնել ներկայացրածի վերաբերյալ։

«Բացարձակ հաշվի չեն առնում իմ ներկայացրած ապացույցները, երբ ես փաստերով ուղղակի քարուքանդ եմ անում իրենց առաջադրած մեղադրանքը, որի հիմքում դատավոր Լիլիթ Խաչատրյանի կեղծ ենթադրություններ են։ Իմ և դատավոր Լիլիթ Խաչատրյանի ցուցմունքներում կային հակասություններ, դատախազությունն ու քննչական կոմիտեն մերժեցին իմ միջնորդությունն առերեսում անցկացնելու»։

Գագիկ Համբարյանը պնդում է՝ ԲԴԽ-ն կեղծ հիմքով գործ է սարքել իր դեմ, և սա քաղաքական պատվեր է համարում։

«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը թող նայի իմ ներկայացրած ապացույցներն ու պատասխանի՝ սա ի՞նչ է, պատվեր իջեցնել քննչական կոմիտեին ու դատախազությանը ու ասել, որ սա առերևույթ X հոդվածով նախատեսված պատիժ է, դա ուղղակիորեն ԲԴԽ-ի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում և լիազորությունների անցում է, և սա ուղղակիորեն ճնշում է իրավապահ համակարգի նկատմամբ, որպեսզի իրենք փաստերն արհամարհեն և իմ դեմ մեղադրանք առաջադրեն և շատ արագ մտնեն դատարան։ Ես համարում եմ արդարադատության բռնաբարում, քաղաքական պատվեր իմ դեմ»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031