Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Միասնականացվում է ուսհաստատությունների տիպը` քոլեջ եւ ուսումնարան տեսակների փոխարեն առաջարկելով մեկ տեսակի` քոլեջի հնարավորությունը»

Հունվար 30,2024 18:04

Նախաձեռնությամբ ամբողջությամբ փոխվում է մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը, օրենքի անվանումը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին: Միասնականացվում է ուսումնական հաստատությունների տիպը` քոլեջ եւ ուսումնարան տեսակների փոխարեն առաջարկելով մեկ տեսակի` քոլեջի հնարավորությունը: Կրթական ծրագրերն էլ տարբերակվում են ըստ մակարդակների: Ներկայացնելով «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը` այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Զեկուցողը կարեւորել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումը: «Սա նաեւ արվում է վերջին տարիներին փորձարկվող դուալ կրթության եւ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության այլ ձեւերի փորձի վրա»,- ընդգծել է նախարարը: Նա փաստել է, որ ամբողջությամբ փոխվում են մասնագիտական կրթական ծրագրերն ու դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները: Նշվել է, որ սոցիալական գործընկերության միջոցով էապես բարելավվելու է կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելը: Փոխվում է համակարգում հաստատությունների կառավարման ընթացքը. խոսքը վերաբերում է կառավարման խորհրդի ձեւավորման եւ տնօրենի ընտրության մեխանիզմներին: Նախաձեռնությամբ փոխվում է նաեւ լիցենզավորման գործընթացը. այն կիրականացվի երկու մակարդակով` ոլորտում գործունեություն ծավալելու եւ առանձին կրթական ծրագրեր իրականացնելու համար: Մեծ փոփոխություններ են նախատեսվում ֆինանսավորման համակարգում: «Մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մոդելով պետք է փորձենք մրցակցային եւ բարձրորակ կրթություն իրականացնել»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա` ներդրվում են վարչական, մանկավարժական աշխատակազմերի համալրման, կատարելագործման, գնահատման, խրախուսման, պատասխանատվության եւ առաջխաղացման մեխանիզմներ:

Նախարարը կարեւորել է ուսանողների իրավունքների եւ պարտականությունների կարգավորումները, ներդրվող կրթաթոշակային քաղաքականությունը:

Արդյունավետ համարելով նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումները` նախարարը նշել է, որ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում փաթեթը լրամշակելու ընթացքում:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են օրենքում մի շարք հասկացությունների խմբագրմանը, նպատակային ուսուցման համակարգին, շուկայի ուսումնասիրությանն ու տնտեսական կարիքների գնահատմանը, ՄԿՈՒ-ների ժամկետներին, արտաքին գնահատման իրականացմանը, անժամկետ տրամադրվող լիցենզիաներին եւ այլն:

Ըստ զեկուցողի` նպատակային ուսուցման հարցում ամենակարեւոր երաշխիքներից են ճիշտ պլանավորումն ու կանխատեսումը: Նշվել է, որ ոլորտի բոլոր կարեւորագույն որոշումները քննարկվում եւ ընդունվում են Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային խորհրդի կողմից. վերջինիս կազմը հաստատվում է վարչապետի որոշմամբ:

Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 30-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031