Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանում ԵՄ անդամ երկրների դիվանագետները չեն տեսնում քաղբանտարկյալներին

Հունվար 30,2024 21:55 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը համամիտ չէ, որ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները սկսել են լավ չտեսնել, թե ի՞նչ է կատարվում այդ առումով Հայաստանում, անգամ քաղբանտարկյալների առկայությունը չեն նկատում:

«Բազմաթիվ կառույցներ դրա մասին հայտարարություններով արդեն հանդես են եկել են», Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այլ խնդիր է, թե ինչո՞ւ Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանատներն են դրա մասին լռում:

«Դրա պատասխանը շատ պարզ է. որովհետեւ ունեն կոնկրետ խնդիրներ՝ դրված այս իշխանության առջեւ: Փորձում են իրենց խնդիրներն առաջ քաշել, իսկ այդ ճանապարհին ձեռնտու չէ որեւէ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Իսկ եթե իշխանությունները շեղվեն՝ իրենց առջեւ դրված նպատակներից, վստահեցնում եմ ձեզ, միանգամից կլսենք բավականին լուրջ մեղադրանքներ, կհիշեք եւ քաղբանտարկյալներին, եւ մարդու իրավունքների խախտումները, եւ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող գործողությունները»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, ակնհայտ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ են իրականացվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման համակարգող Նարեկ Մալյանի, Արցախի վրա սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ Երեւանի Հանրապետության հրապարակում ցույց անող 11 արցախցի երիտասարդների, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի եւ տասնյակ այլ մարդկանց նկատմամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: