Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մալյանն ընթերցանությամբ էր զբաղված, երբ մեղադրողը նրա հայտարարությունների դատահոգեբանական վերլուծությունն էր ներկայացնում

Դեկտեմբեր 22,2023 17:39

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով լսումները: Դատարանը հետազոտում է գրավոր ապացույցները:

Մինչ մեղադրողը ներկայացնում էր Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջի դատահոգեբանական փորձաքննությունը, Նարեկ Մալյանը դատարանի դահլիճում նստած՝ գիրք էր ընթերցում: Իսկ փորձաքննության արդյունքով, ըստ Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատահոգեբանական եւ դատալեզվաբանական փորձագետների, Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում բացասական է գնահատել ՀՀ իշխանությունների գործունեությունը՝ անձի արժանապատվությունը վիրավորող, նրա վարկանիշը նսեմացնող արտահայտություններով, հասարակությանն էլ ըմբոստության եւ անհնազանդության կոչեր է արել, վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է ներկայացրել՝ դավաճանության առումով: Մալյանը բացասական գնահատականներ է արել նաեւ ՔՊ կուսակցության նկատմամբ, նսեմացնելով իշխանական կուսակցության անդամների պատիվն ու արժանապատվությունը: Դատահոգեբանական եզրակացությամբ, Նարեկ Մալյանի կողմից գռեհկաբանության դրսեւորում է որակվել այն, որ նա իր ուղիղ եթերում հայտարարել է. «Այս ժողովուրդը հատ-հատ գալու է ձեր բոլորի տուն՝ կոֆե խմելու, ՔՊ-ականների մայրիկների հետ»: Իր տեսաուղերձներով Նարեկ Մալյանը նաեւ փորձել է հոգեբանական ներազդեցություն գործել հանրության վրա՝ ուղղորդելով նրանց Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների եւ նրանց ընտանիքի անդամների, ոստիկանների դեմ գործողությունների:

 Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031