Լրահոս
Օրվա լրահոսը

«Երվանդ Քոչարն ասում էր՝ Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է». Կարինե Քոչար

Փետրվար 07,2024 13:46

2024թ լրանում է նկարիչ, արձանագործ եւ նորարար Երվանդ Քոչարի թանգարանի հիմնադրման 40, արվեստագետի ծննդյան 125, ինչպես նաեւ նրա Սասունցի Դավթի արձանի տեղադրման 65 տարին: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որը 2024 թ. հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, մաեստրո Քոչարի ծննդյան 125-ամյակի առիթով մի շարք ծրագրեր են նախատեսել: Ընդ որում, Քոչարի հոբելյանը դուրս է եկել Հայաստանի սահմաններից:

Մասնավորապես փետրվարի 2-4-ը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան հովանու ներքո՝ Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում, Երվանդ Քոչարի թանգարանը՝ Ֆրանսիայի ՀԲԸՄ-ի հետ համատեղ, կազմակերպել է «Քոչարյան գծի մոգական փոխհատումները» ցուցահանդես- երեկոն: Նաեւ Փարիզի Պիկասոյի թանգարանում բացվել է ցուցադրություն, որտեղ ներառված էր Երվանդ Քոչարի 1934 թ. ստեղծած տարածանկարը:

Կարինե Քոչարի բնորոշմամբ, Երվանդ Քոչարը գյուտարար է, նոր նկարչության հիմնադիր: Նա աշխատում էր կերպարվեստի ժանրի մի քանի ուղղություններում՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, նա բացառիկ կերպար է մեր հայ իրականության մեջ: Տիկին Քոչարի խոսքով, Երվանդ Քոչարը կերպարվեստում համաշխարհային կարեւորության ներդրում ունի՝ տարածական նկարչությունը:

Ինչ վերաբերվում է 1984թ հիմնադրված Քոչարի թանգարանին, այն նաեւ իր հուշային կենտրոնն է, որտեղ եղել է արվեստագետի արվեստանոցը եւ երկար տարիների բնակության վայրը: Թանգարանի տնօրենի խոսքով, թանգարանում բացառիկ վկայություններ, փաստաթղթեր են ներկայացված Քոչարի՝ համաշխարհային նշանակության արվեստագետների հետ (այդ թվում՝ Լեժեի, Պիկասոյի) հարաբերութունների մասին:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ տպագրված «Այդ արարչագործ Քոչարը» գրքի շնորհանդեսին, որը տպագրվել էր Քոչարի 125-ամյակի առիթով: Կարինե Քոչարը նշեց, որ գրքում ներառված նյութերն առնչվում են արվեստագետի ստեղծագործական կյանքի փարիզյան շրջանի գործունեությանը, մասնավորապես անհատական ցուցահանդեսներին եւ դրանց վերաբերյալ հայտնի հրապարակումներին: Հավելեց, որ գրքի առաջաբանը գրել է արվեստի պատմության դոկտոր, Փարիզի «Հուշագրությունների արդի հրատարակության ինստիտուտի» գեղարվեստական արխիվի տնօրեն Իվ Շեվրըֆիս Դեբիոլը: Ի դեպ, շնորհանդեսին ներկա են գտնվել հայտնի լուսանկարիչ Ալեն Յարոցինսկին (նշանավոր արվեստաբան Վալդեմար Ժորժի թոռը) եւ գրքի առաջաբանի հեղինակ Իվ Շեվրըֆիս Դեբիոլը: Կարինե Քոչարը հիշեցրեց, որ Վալդեմար Ժորժը նշել է, թե Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի նվաճումներից է, նշանակալի այնքան, որքան Բրանկուզիի անեղծ ձևերը, Պիկասսոյի ու Բրաքի կառուցվածքները… Ֆրանսիացի արվեստաբանն ընդգծել է, որ եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է:

Քոչարի թանգարանի տնօրենը նշում է, որ ներկայումս թանգարանն աշխատում է արվեստի խոշորագույն կենտրոնների հետ համագործակցային ուղիներ նախանշելու ուղղությամբ, բազմաթիվ արվեստաբաններ սկսել են էլ ավելի շատ հետաքրքրվել Քոչարի արվեստով, ինչը կարեւոր է այն առումով, որ Խորհրդային Հայաստան վերադարձած Քոչարի անունը կոնսերվացվեց, նրան չթույլատրեցին դուրս գա երկրից, ցուցահանդեսների մասնակցել. «Մեզ մոտ ցուցադրվում են 20-30-ական թվականների ցուցահանդեսների հրավիրատոմսեր, որտեղ նշված են նկարիչների անուններ, որոնք այն ժամանակ՝ ի տարբերություն Քոչարի հայտնի չէին, սակայն հետագայում հայտնի դարձան: Իսկ Քոչարի անունը փակվեց Խորհրդային երկրում, նրա մասին ոչ մի տեղեկատվություն դուրս չեկավ երկրի սահմաններից»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց Վարդան Մամիկոնյանի արձանի բացման ժամանակ արդեն պատկառելի տարիք ունեցող Քոչարի արած մի արտահայտություն. «Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է»:

Խոսելով Սասունցի Դավթի արձանի տեղադրման 65-ամյակի մասին, Կարինե Քոչարն ասաց, որ ի թիվս այլնի, անիմացիոն հավակնոտ նախագիծ են ցանկանում իրականացնել գարնանը. դիտարժան եռօրյա ծրագիր կլինի, դպրոցներում էլ մրցույթ կհայտարարվի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829