Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամին կանգ չի առնելու, ասում էին՝ Արցախը հանձնենք, խաղաղ ապրենք։ Դե ապրեք»․ Արգամ Հովսեփյան

Փետրվար 13,2024 14:53

Սյունիքի Տեղ համայնքում իրավիճակը նորմալ է, մարդկանց մոտ խուճապ չկա։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։

«Մեր գյուղը ամենավատ դիրքում է հիմա՝ մեր դիմացը 13 հատ դիրք է, հետեւում Ադրբեջանի բանակի բրիգադն է, բայց մեր առօրյա կյանքով ապրում ենք։ Մեզ զենք է պետք, որ կանգնենք բանակի կողքին»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր։

Ըստ Արգամ Հովսեփյանի՝ թշնամու գործողությունները հայկական կողմի զիջողական քաղաքականության հետեւանք են։

«Այսպես շարունակ լինելու է։ Յուրաքանչյուր պետություն պետք է ուժեղ լինի, որ կարողանա իրեն պահել։ Մեզ ոչ Արեւմուտքն է պահելու, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իրանը։ Մենք պետք է մեզ պահենք, Նժդեհյան ոգով շարժվենք, կարողանանք մեր սահմանները պահել, մեր կորցրածը հետ բերել։ Մենք ունենք այդ ռեսուրսը, հայ ազգը 5000 տարվա պատմություն ունի, փոքր պետություն լինելով հանդերձ՝ մեծ հաջողություններ է ունեցել, 44-օրյա պատերազմը մեզ բոլորիս օրինակ, 8 պետության դեմ պայքարեց մեր զորքը։ Ես հրամանատար եմ, բոլոր պատերազմների մասնակից, այս պահին մեր տնից 100 մետր այն կողմ է սահմանը։ Մենք ինչքան կարողանանք, այնքան պահելու ենք, ուղղակի հզորանալ է պետք, զենք-զինամթերք պետք է լինի, որ ուժեղ լինենք։ Ադրբեջանն ընդամենը 120 տարվա պատմություն ունի, տեսեք՝ ո՞նց է խոսում։ Ես սիրում եմ, որ գերագույն գլխավոր հրամանատարը հզոր լինի, ուժեղ լինի։ Ալիեւը Ղարաբաղում «երկաթե բռունցք» է ցույց տալիս, ինքն ո՞վ է, որ ցույց է տալիս, մենք էլ չոքում ենք»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ պետք է խաղաղության գնալ, Արգամ Հովսեփյանն ասաց․ «Խաղաղությունը պարտադրում են։ Իրենց պետք է պարտադրես, չոքեցնես, որ խաղաղություն լինի։ Այս պայմաններում խաղաղություն չի լինի, մեզ նվաստացրել են, խաղաղություն ենք պահանջո՞ւմ։ Կամ ի՞նչ խաղաղություն, այդ խաղաղությունը որտե՞ղ է, որ մենք չենք իմանում։

Արգամ Հովսեփյանի խոսքով՝ սպասելի էր, որ թշնամին Արցախից հետո կանգ չէր առնելու, նորանոր տարածքային պահանջներ էր ներկայացնելու Հայաստանին։ «Ասում էին՝ Արցախը հանձնենք, խաղաղ ապրենք։ Դե ապրեք։ Հիմա էլ ութ գյուղերն են ուզում, որ Նոյեմբերյանի ճանապարհը փակեն, միջանցք բացեն, Հայաստանը մնա շրջափակման մեջ։ Գնանք թուրքին խնդրենք, փողը մուծենք, որ թողնի դուրս գանք Վրաստան, Ռուսաստան»,- ասաց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829