Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սամվել Հակոբյան․ «Միակ լուծումը, որ մենք չզոհվենք, չփոքրանանք՝ իբրեւ պետություն, մեր քարտեզները չփոխվեն, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»

Փետրվար 13,2024 16:09

Երեւանի ավագանու այսօրվա նիստում թեեւ քննարկվում էր տրանսպորտի թանկացման հարցը, սակայն «Մայր Հայաստանից» Սամվել Հակոբյանն իր ելույթը նվիրեց ՔՊ-ի, ի խոսքով՝ կասկածելի գործարքներին։

Հակոբյանը նախ ցավակցեց այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհված չորս զինծառայողների ընտանիքներին։

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության գլուխ կանգնած, Հայաստանն անընդհատ զոհեր է ունենալու: Ցավակցում եմ ոչ միայն զոհվածների հարազատներին, այլեւ մեր ամբողջ պետությանը եւ բանակին: Միակ լուծումը, որ մենք չզոհվենք եւ չփոքրանանք՝ իբրեւ պետություն, մեր քարտեզները չփոխվեն, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»,-հայտարարեց Հակոբյանը։

Դահլիճից արձագանքեցին, թե ելույթներն ըստ հարցի պիտի լինեն։

Դահլիճից անընդհատ ինչ-որ արձագանքներ էին անում։ Հակոբյանն էլ արձագանքողներին ասաց՝ խելոք մնացեք, հետո կշփվենք, եթե ցանկություն ունեք հետս շփվելու, հետո եկեք շփվեք, հիմա թողեք ելույթ ունենամ։ Նա քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրեց դահլիճից արձագանքողներին կարգի հրավիրել։

«Կարգի եմ հրավիրում առաջինը ձեզ, ձեր ելույթի ժամանակ դուք կոռեկտության սահմանները չպիտի անցնեք, դուք պետք է խոսեք հարցի մասին, որը դրված է քննարկման։ Սա Ազգային Ժողովի ամբիոնը չէ»,-Հակոբյանին ասաց Ավինյանը։

Հակոբյանը շարունակեց․«Իմ ասածը վերաբերելու է ձեր թիմի լեգիտիմությանը, ի հայտ են եկել նոր հանգամանքներ այս իշխանության լեգիտիմության վերաբերյալ։ Գործ ունենք մի իշխանության հետ, որը չստանալով Երեւանի բնակիչների մեծամասնության ձայնը, ստվերային գործարքների եւ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում պահեց քաղաքապետի աթոռը: Սակայն լիազորությունների ստանձնումը, օրենքի տառին համապատասխան, չկարողացավ անել: Մենք դատական կարգով վիճարկում ենք դա, նախնական առաջին դատական նիստը լինելու է մարտի 5-ին։ Մեր խմբակցության ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցն էլ վիճարկելու ենք դատական կարգով, քանի որ այդ որոշումը հակաիրավական է եւ հակասահմանադրական։ Նոր սկանդալային հանգամանքներ են ի հայտ եկել ։

Երեւանի ավագանու վերջին ընտրություններից առաջ, սովորական քաղաքացիներ միլիոնավոր դրամներ են փոխանցել ՔՊ նախընտրական հիմնադրամին․ infocom-ի հետաքննությամբ պարզվել է,որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի գործարքները կասկածելի են, ֆինանսների մեծ մասը ունի անհայտ ծագում։ Սա կոռուպցիայի պարզ դրսեւորում է, կոռուպցիան այլ կերպ չի լինում: Ընտրություններից միայն 5 ամիս հետո է ՔՊ-ն տրամադրել իրենց բյուջե նվիրատվություն արած անձանց ցանկը՝ այն էլ միայն այն ժամանակ, երբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել ՔՊ-ին՝ այդ տվյալները չներկայացնելու համար։ ՔՊ-ի նախընտրական բյուջեի 80%-ը անհայտ ծագման, կոռուպցիոն ռիսկերով գումարներ են, որոնք փոխանցվել են Հայէկոնոմբանկով, որը պատկանում է ՔՊ ցուցակով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ավինյանի առաջին տեղակալի մասին այնտեղ առանձին պարբերություն է գրած։ Սա ՔՊ-ի իրական դեմքն է, եկան թալանի դեմ, թափանցիկություն էին պահանջում, բայց թափանցիկություն պահանջող քաղաքական միավորը չէր կարող հինգ ամիս պահել սեփական նախընտրական բյուջեի դոնորների ցուցակը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829