Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Բեժանյան․ «ՌԴ միգրացիոն ծառայության աշխատակիցները հրաժարվում են հաշվառման վերցնել կամ ժամկետը երկարացնել ՀՀ այն քաղաքացիների համար, ում անձնագրում ելքի կնիքի ժամկետն անցած է»

Փետրվար 16,2024 13:51

Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն ծառայություններում ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են առաջացնում։

Բանն այն է, որ ՌԴ միգրացիոն տարածքային կենտրոններում ՀՀ քաղաքացիներից պահանջում են անձնագրում ունենալ ելքի վավերականության կնիքը, մինչդեռ ՀՀ կառավարությունը հանել է այդ պահանջը եւ այդ մասին տեղեկացրել համապատասխան բոլոր կառույցներին եւ երկրների արտգործնախարարություններին։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։

Նրա ներկայացմամբ՝ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում առկա ելքի վավերականության կնիք ունենալու պահանջ այլեւս չկա․ «Այսինքն, վավեր է համարվում անձնագրի ժամկետով։ Մեր ԱԳՆ-ն այս մասին տեղեկացրել է բոլոր կառույցներին, տարբեր երկրների արտաքին գերատեսչություններին, որ ելքի կնիքի կարիքը չկա։ Բայց Ռուսաստանում խնդիր կա միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ։ Նրանք հունվարի 1-ից հրաժարվում են միգրացիոն հաշվառման վերցնել կամ ժամկետը երկարացնել ՀՀ այն քաղաքացիների համար, ում անձնագրում ելքի կնիքի ժամկետն անցած է։ Այս ամենի հետեւանքով ՀՀ մեր քաղաքացիները դառնում են անօրինական միգրանտներ, ուստի նրանց մուտքի արգելք են դնելու կամ արտաքսելու են»։

Բեժանյանի խոսքով՝ ՌԴ միգրացիոն ծառայության աշխատակիցները պատճառաբանում են, թե իրենք իրենց նախարարությունից ցուցում չունեն, նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները հյուպատոսներից տեղեկանքներ են ներկայացնում։

Բեժանյանն ասաց, որ խնդրի մասին տեղեկացրել են ՀՀ համապատասխան կառույցներին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829