Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մայր օրենք է, միշտ էլ պատրաստ ենք աշխատել հասարակության հետ»․ ԱԺ հանձնաժողովը հետ չկանգնեց «Թանգարանների մասին» օրենքի նախագծից

Փետրվար 23,2024 12:54

ԱԺ գիտության,կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցումից առաջ քննարկվեց «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը։ Չնայած ոլորտի մասնագետների հնչեցրած մտահոգություններին՝ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Հայտարարվեց, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում փոփոխություններ են կատարվել։

Մհեր Մելքոնյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ներկայացրեց թանգարանային գործի մասնագետների, հանրային, մշակութային գործիչների դիմումը, որով նրանք կոչ են անում դադարեցնել այս նախագծի քննարկումը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց․ «Բազմաթիվ մասնակիցներ ենք ունեցել, շատ տարբերակներով օրենքը քննարկվել է, երկխոսությունը եղել է։ Շատ նշված կետերի հետ համաձայն չենք, բայց ես նշել եմ՝ սա մայր օրենք է, եւ միշտ էլ պատրաստ ենք աշխատել հասարակության հետ, եթե կան սկզբունքային հարցեր»։

Սիսակ Գաբրիելյան

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց․ «Թանգարանային ոլորտի՞ց էր այդ առաջարկը։ Դա ոչ թե առաջարկ էր, այլ քննադատություն, նորմալ է։ Իրենք կարող են այդպես ասել, բայց այդ ձեւակերպումը, որ արտասանում են՝ անորոշություն է, մենք՝ որպես պատգամավոր, մեր բան ու գործն էլ այդ անորոշությունը որոշակի դարձնելն է։ Եթե այս պահին չունենք առարկայական առաջարկ, չի կարող այս պահին ոչ քննարկվել, ոչ էլ քվերակվել»։ Նա նշեց, որ եթե կարիք լինի, հանձնաժողովում եւս մեկ հանրային քննարկում կկազմակերպվեն։

Թագուհի Ղազարյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասաց, որ ոլորտի մոտ 5 տասնյակ ներկայացուցիչների հետ քննարկում են անցկացրել նախագծի շուրջ։ «Բազմաթիվ մտահոգություններ ենք քննարկել, ինձ թվում է՝ մենք բոլոր այս նամակներից ստացել ենք, այդ մարդիկ հրավիրվել են քննարկմանը, բազմաթիվ մտահոգություններ արդեն իսկ փարատված են այս նախագծում, որովհետեւ դրանք առաջին ընթերցմանն էին վերաբերվում։ Մենք ինքներս էլ նկատել ենք, որ որոշ հասկացություններ ունեն իրավական որոշակիության կարիք։ Որոշ մտահոգություններ գուցե չեն փարատվել, բայց մենք պայմանավորվածություն ունենք նախարարության հետ, որ օրենքի ընդունման հաջորդ օրվանից կսկսենք աշխատել այն հարցերի շուրջ, որոնց մասով վերջնական համաձայնության չենք եկել»,- ասաց նա։

Թագուհի Ղազարյանը նշեց, որ նախագծում կարեւոր նորմ է ավելացվել՝ թանգարանների հավատարմագրման մեխանիզմը։ Դա վերաբերում է մասնավոր թանգարաններին։ Լիազոր մարմնին՝ նախարարությանը հնարավորություն է տրվում սահմանել չափորոշիչներ, որոնց համապատասխանելու դեպքում մասնավոր թանգարանները կկարողանան հավատարմագրվել։ Դրա միջոցով ոլորտային քաղաքականությունը կտարածվի ոչ միայն պետական եւ համայնքային, այլ նաեւ մասնավոր հավատարմագրված թանգարանների վրա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829