Լրահոս
Օրվա լրահոսը

Դավադրության երեք տեսությունները

Մարտ 08,2024 10:00

Դավադրության տեսությունների երեք հիմնասյուներն են՝

ա/ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է,

բ/ ոչինչ պատահաբար տեղի չի ունենում,

գ/ մի հավատացեք ձեր աչքերին, ձեր տեսածի տակն ինչ-որ բան կա:

Ինչո՞ւ են մարդիկ հավատում այդ տեսություններին: Որովհետեւ որոշ իմաստով այդպես ավելի հեշտ է ապրել. երբ բախվում ես ինչ-որ երեւույթի, այլեւս պետք չէ մտավոր ճիգեր գործադրել այն հասկանալու, բացատրելու համար: Բացատրությունն արդեն պատրաստ է՝ ինչ որ մի կենտրոնում կա մարդկանց  մի խումբ, որն, այսպես ասած, «հեռակառավարում է» աշխարհը կամ դրա մասը: Բոլոր իրադարձություններն, այդպիսով, «իրենց տեղն են ընկնում»՝ սկսած սեփական ատամնացավից, վերջացրած ֆեյսբուքի գլոբալ խափանումով:

Աշխարհի քաղաքական պատկերի առումով այդ մոտեցումը հայաստանցիների համար բեկվում է դավադրությունների երեք տեսակի.

1/ «Ազգային – ազատագրական՝ ամեն ինչում մեղավոր են հրեաները (որպես տարբերակ՝ մասոնները), չնայած նրանց միավորելը մի այլ տեսակի անգրագիտություն է:

2/ Ռուսամետ՝ ամեն ինչում մեղավոր է Վաշինգթոնը (Բրյուսելը, Սորոսը): Այդ տեսակետին բացահայտորեն կամ լատենտ, անգիտակցական ձեւով հանգում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների մեծ մասը:

3/ Նիկոլական՝ ամեն ինչում մեղավոր են եւ Կրեմլը եւ, համապատասխանաբար, Հայաստանում Կրեմլի գործակալները: Ինձ թվում է, որ այդ տեսությունը մեր երկրում այսօր առավել տարածված է: Համենայնդեպս, համացանցում ես դրան առավել հաճախ եմ հանդիպում, եւ կարելի է հետեւություն անել, որ նիկոլականներն առնվազն ավելի ակտիվ են սոցցանցային տարածքում:

Ըստ այդ տեսության, աշխարհում կա կառավարման երկու «վահանակ»՝ պայմանականորեն ասած, «չարիքի» եւ «բարիքի» առանցքներ: Առաջինը Պուտինի կաբինետում է, իսկ երկրորդը, հավանաբար, Ելիսեյան պալատում կամ Սպիտակ տանն է եւ մարմնավորում է աշխարհի լավագույն բաները՝ հումանիզմը, առաջընթացը, մարդու իրավունքները, ազատությունը եւ այլն: Եվ մեր անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը պայմանավորված է նրանով, թե որքանով ենք մոտ լինելու «Երուսաղեմի այդ տաճարին»:

Այդ տեսությունը որեւէ բանով ավելի լավը կամ ավելի վատը չէ, քան առաջին երկուսը: Դրանք չափազանց նման են իրար, որովհետեւ մերժում են աշխարհի վրա ազդեցություն ունեցող գործոնների բազմազանությունը:

Ի դեպ, ի տարբերություն ռուսամետների, ես չեմ կարծում, որ Փաշինյանը ղեկավարվում է Արեւմուտքի հրահանգներով: Գոնե այդպես լիներ: Նա ղեկավարվում է սեփական իմպուլսներով, որոնք կարող են օրը 20 անգամ փոխվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Դավադրապաշտությունն իհարկե լավ տեղ չի տանում՝ այն մարդուն դարձնում է պասիվ, ամեն ինչ «հեռակառավարմամբ» պայմանավորող, չպայքարող, լավ հանգամանքների սպասող և այլն: Բայց ինչպե՞ս եք պատկերացնում, որ օրը 20 անգամ սեփական իմպուլսները փոխող և բարձրագույն կրթություն չունեցող մարդը կարող է այնքան «խելացի ու խորամանկ» լինել, որ տասնյակ հազարավոր իրենից խելոքների, կրթվածների ականջներից բռնած՝ նրանց տանել ջուրը ու ծարավ հետ բերել, իսկ միջազգային հարաբերություններում իրեն գժի տեղ դնելով Ռուսաստանի գրկից թռնել Արևմուտք և հետո էլ Արևմուտքից Ռուսաստան ու այսպես շարունակ: Չե՞ք կարծում, որ այդպիսի անհավասարակշիռ ու անդեմ մարդն առայժմ ձեռնտու է թե արտաքին ուժերին և թե՝ հայ օլիգարխներին:

    Իսկ այն, որ հայ հասարակությանը ներկա պահին բավարարում է ամեն ինչ միայն դավադրությունների տեսություններով բացատրելը, դա էլ գալիս է հայ ժողովրդի պատմության մեջ հասարակության ունեցած չնչին դերակատարության շարունակական քարոզից և կրավորական հոգեբանության սերմանումից (օրինակ՝ «բզի գլխին բռունցքով չեն խփի», «եղունգ ունես, գլուխդ քորիր», «երթալը կփրկի», «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես», «որտեղ հաց, այնտեղ կաց»):

    Ո՞վ կարող է փոխել այս արատավոր ցիկլը, կարծում եմ մենք՝ ինքներս, եթե մի օր վերջապես հասկանանք Չարենցի պատգամի էությունը – «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այլ ելք չկա, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ՉՊԱՅՔԱՐՈՂ ԱԶԳԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՂԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ Է:

  2. Ընթերցող says:

    Նախ, Շնորհակալություն Ձեր խմբագրականների համար, ամեն առավոտ սկսում եմ Ձեր գրածը ընթերցելուց: Կարճ մեկնաբանություն որ կարծիքը, որ ամեն ինչում կրեմլն է մեղավոր, կամ նրանց գործակալները մեծամասնություն է: Չնայած հետո ասում եք, որ միգուցե նիկոլականներն են առավել ակտիվ սոցցանցերում: Նախ, այդ կարծիքը մեծամասնություն չէ քանի որ վերջին Գելափի հարցումը ցույց տվեց, որ 58% մեր հանրության դեմ է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը: Սա փաստում է այն մասին, որ հակառուսականությունը դոմինանտ չէ, և առավել կարևոր, նրա մասին, որ մեր հասարակությունը սթափ է դատում՝ չնայած բոլոր խնդիրներին Ռուսաստանի հետ կապված, հստակ գիտակցվում է ինչ պետք չէ անել: Երկրորդը, միգուցե ճիշտ եք, որ այդպես սոցցանցերն են ցույց տալիս: Էստեղ մի քանի դիտարկում՝ 1) սոցցանցերի ալգորիտմն այնպես է, որ Ձեզ ցույց է տալիս ձեր շրջապատի (բաբլի) հետ կապված հրապարակումները, օրինակ ես սոցցանցերում ճնժող մեծամասնությամբ հականիկոլականություն եմ տեսնում (չնայած ես ֆեյսբուկից վաղուց դուրս եմ եկել, հարթակը միգուցե կարևոր է), իսկ հետո դրանք նիկոլականներ չեն, այլ արդյունաբերական ծավալի հասցրած ֆեյքաֆաբրիկայի աշխատանք որը միտված է հենց այդ կարծիքը ստեղծելու, թե նրանք մեծամասնություն են: Պետք է հենվել գիտական տվյալների վրա՝ այս դեպքում սոց հարցումների, որքանել, որ ոչ իդեալական լինեն մեթոդները

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031