Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետի աթոռին դուք բարձրացել եք՝ բացառապես բարձրանալով Վարդան Ղուկասյանի ուսերին»․ Իզաբելլա Աբգարյանը՝ Տիգրան Ավինյանին

Մարտ 12,2024 11:28

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց, որ այս դահլիճում ու դահլիճից դուրս տեղի է ունենում ժողովրդավարության եւ օրենքների անարգում։ Նա նշեց, որ իրենց խմբակցության կողմից Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանը հրավիրվել էր այս նիստին, որպեսզի իր դիտարկումներն աներ։ «Եվ Հայկ Մարությանի մուտքը շենք արգելել են արդեն երկրորդ անգամ։ Վկայակոչում են ինչ-որ նորմատիվ ակտ, որն ընդունվել է Տիգրան Ավինյանի պաշտոնը ստանձնելու ժամանակ, ըստ որի՝ Երեւանի ավագանու նիստերի օրն այլեւս որեւէ կողմնակի անձ չի կարող մուտք գործել շենք։ Սա անում է մի քաղաքական ուժ, որի վարչապետն ասում էր՝ ժողովրդի դուռն է կառավարության դուռը։ Այս շենքի դռները փաստորեն այլեւս փակ են։ Ուզեք դուք դա, թե ոչ, Հայկ Մարությանը եղել է ընտրված քաղաքապետ՝ ի տարբերություն ձեզ, զարտուղի ճանապարհներով չի մտել այս շենք»,- ասաց նա։

Աբգարյանը նշեց, որ իրենց խոսելու ու արտահայտվելու իրավունքը տվել են Երեւանի քաղաքացիները՝ իրենց քվեով։ «Իմ աթոռի տակ տրված քվե կա, իսկ ձեր աթոռի տակ ժողովրդի քվե չկա, քաղաքապետի աթոռին դուք բարձրացել եք՝ բացառապես բարձրանալով Վարդան Ղուկասյանի ուսերին, որքան էլ փորձեք հիմա նրանից հետ կանգնել»,- հավելեց նա։

Իզաբելլա Աբգարյանը հարցադրում արեց․ «Քաղաքապետարանը խառնել եք ձեր անձնական տարածքի հե՞տ։ Ես պահանջում եմ հարգանք այն տասնյակ հազարավոր երեւանցիների հանդեպ, որոնք մեզ ձայն են տվել եւ ուզում են մեզ այստեղից լսել։ Մեր ձայնը կտրող չլինի»։

Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Երբ որեւէ մեկը պահանջում է հարգանք, առաջին հերթին ինքը պետք է հարգի այդ ինստիտուտը։ Ավագանու գրեթե բոլոր նախորդ նիստերին ամեն ինչ արվել է, որպեսզի ցույց տրվի մեզ, որ այս ինստիտուտի նկատմամբ ձեր կողմից հարգանք չկա։ Մենք բոլոր ընտրողներին ենք հարգում, բայց դուք չեք հարգում Երեւանի բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայն ստացած ուժի ընտրողներին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031