Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկազարդն ու արցախցի երեխաներին օրհնությունը՝ Մայր աթոռում. «Պիտի ունենանք Արցախ վերադարձի հույսը՝ ոչ թե վրեժխնդիր լինելով, այլ Քրիստոսով հաղթելու»

Մարտ 24,2024 18:50

Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակությունն է:

Ավետարանական դրվագներից մեզ հայտնի է, թե ինչպես էին երեխաները ողջունում Հիսուսին՝ ուռենու ճյուղերով, դափնիներով, «Օվսաննա՜» բացականչելով, որը թարգմանվում է «փրկի՛ր մեզ»։ Այդ իսկ պատճառով, ինչպես հայտնի է, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր։

Այսօր Մայր տաճարի բակում տեղի ունեցավ մանուկների օրհնության կարգ՝ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ:

Մշտապես այս օրը Մայր տաճարը բազմամարդ է լինում, բայց այսօր՝ առավել, քան երբեւէ, որովհետեւ Վեհափառը ցանկացել էր, որ հայաստանյան բոլոր 12 թեմերից Մայր աթոռ ուղեկցեն շուրջ 600 արցախցիների՝ երեխաների եւ նրանց ծնողներին:

Նրանցից շատերը առաջին անգամ էին այնտեղ, երբեւէ տաճարի շրջապատում չէին եղել, ուստի հոգեւոր հայրերի ուղեկցությամբ ոգեւորված շրջում էին տաճարի բակում, տարաբնույթ հարցեր տալիս օրվա խորհրդի հետ կապված:

Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, օրհնելով երեխաներին Ամենայն Հայոց Հայրապետի եւ միաբանակից եղբայրների անունից՝ ասաց. «Ցավոք սրտի, դեպքերի ընթացքը բերեց մեզ այս օրերին: Մենք բոլորս ականատես էինք, թե ինչ քաջությամբ, ինչ նվիրումով, ինչպես էինք ուզում պահել եւ պահպանել Արցախը: Այս տոնական օրը մենք դա չպիտի հիշենք, մենք պիտի տոնենք՝ ելնելով ավետարանական ճշմարտությունից, թե ինչպես է տեղի ունեցել Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հաղթական ենք ասում, որովհետեւ Տերը հաղթեց իր մուտքով Երուսաղեմ եւ ցույց տվեց արդարների ու մեղավորների համար ճանապարհը դեպի երկնքի արքայություն: Այս տոնը երկակի է մեզ համար ուրախալի, քանզի Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, բարձր տնօրինությամբ այն դարձավ նաեւ մեր երեխաների եւ մեր ընտանիքների նվիրական մի տոն:

Այսօր դուք, որ այստեղ եք եւ ձեր գլուխները զարդարված են արմավենու կամ ուռենու ճյուղերով, դա խորհրդանշում է այն փոքրիկ հաղթանակը, որ դուք ձեռք եք բերել՝ գալով Մայր աթոռ սուրբ Էջմիածին: Ես եւ այստեղ որեւէ մեկը չի ցանկանում, որ դուք եւ մենք Արցախը դարձնենք մեզ համար հիշողություն, առավել եւս ցավալի իմաստով այն դառնա գենետիկ հիշողություն: Ձեր աչքերի մեջ նայելով՝ ես զգում եմ, որ նա կա եւ կմնա՝ որպես Արցախ եւ որպես հայկական եւ քրիստոնեական: Այդ ձեր աչքերի մեջ նայելով եմ տեսնում հաղթանակած Արցախը: Մենք պիտի ունենանք այդ վերադարձի հույսը՝ ոչ թե վրեժխնդիր լինելով, այլ Քրիստոսով հաղթելու: Ուստի այս կարեւոր օրը, որ Մայր աթոռում ենք, թող Տիրոջ սուրբ օրհնությունը անպակաս լինի ձեր ընտանիքներից, դժվարությունները կգան եւ կգնան, կհաղթահարենք այդ ամենը, ճշմարտությունը մնում է մեկը՝ մենք հայ ենք, քրիստոնյա ենք եւ պիտի ապրենք Արցախով եւ վերադարձի հույսով: Թող Տերը օրհնելով օրհնի ամենքիդ այսօր եւ վաղը եւ ընդմիշտ: Ամեն»:

Էջմիածնի Հայորդաց տունը ամեն տարի անակնկալ է մատուցում, այս տարի էլ արցախցի երեխաների համար չտեսնված գեղեցիկ համերգ էր կազմակերպել, որից հետո Մայր աթոռի միաբանական սեղանատանը, որտեղ առհասարակ Մայր աթոռի միաբանությունից դուրս որեւէ մեկը մուտք գործելու իրավունք չունի, Վեհափառի հատուկ թույլտվությամբ երեխաների համար կազմակերպվեց ճաշկերույթ եւ հյուրասիրություն:

Նրանց հետո նվիրեցին մանկական աստվածաշնչեր, օրհնված խաչեր եւ աղոթագրքեր:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, «Սուրբ գիրքը եւ Աստծո խոսքը ամենազորավոր միջոցն են՝ դժվարությունները հաղթահարելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031