Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Երիտասարդ տենորի կարիերայում խոսուն դրվագներ կան

Ապրիլ 04,2022 12:30

Տիգրան Հակոբյանը նույն դերերգով հանդես է գալու 35 ներկայացումներում

«Առավոտը» քանիցս անդրադարձել է հայաստանյան մշակութային օջախներում ստեղծագործող ամուսնական զույգերի գործունեությանը։ Մեր դիտարկմամբ, օրինակ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներից Աննա Այվազյան-Գեւորգ Հակոբյան, Ալինա Փահլեւանյան-Լիպարիտ Ավետիսյան, Սյուզաննա Մելքոնյան-Արմեն Բադալյան ընտանեկան զույգերի տղամարդկանց ավելի շատ ենք հանդիպում ոչ միայն օպերային թատրոնի ներկայացումներում, այլեւ նվագախմբերի հետ ելույթներով կամ այլ միջոցառումների ժամանակ։ Էլ չխոսենք Գեւորգ Հակոբյանի, Լիպարիտ Ավետիսյանի մասին, որոնք, ինչպես ասում են՝ ցանկալի ու սպասված հյուր են հեղինակավոր թատրոններում։

«Առավոտի» հյուրը տենոր Տիգրան Հակոբյանն է, որը նոր է համալրել թատրոնի մեներգիչների ցանկը։ Նա կնոջ՝ սոպրանո Նունե Գրիգորյանի հետ 2019-ից ընդգրկված էր թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրում (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան)։ Տիգրան Հակոբյանի անունը օպերասերներին հայտնի դարձավ հենց այդ թվականից. տենորին վստահվեց հանդես գալ Արմենի դերերգով Չուխաջյանի «Կարինե», Կանիոյի՝ Լեոնկավալոյի «Պայացներ», Նեմորինոյի՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք», Սարոյի՝ Տիգրանյանի «Անուշ» օպերաներում։ Նկատենք, որ երիտասարդ տենորի համար թվարկածը խոսուն փաստ է։ Չմոռանանք նշել մինչ օրս դասական երաժշտության սիրահարների շրջանում հիացմունքով հիշվող «Երեք տենոր» նախագծի մասին, որտեղ Տիգրան Հակոբյանը հանդես էր գալիս ճանաչված անուններ Լիպարիտ Ավետիսյանի եւ ռուսաստանաբնակ Արսեն Սողոմոնյանի հետ։

Նունե Գրիգորյանին հանդիպել ենք ընդամենը երկու օպերաներում՝ Շուշանի դերերգով «Կարինեում» եւ Ադինայի՝ «Սիրո ըմպելիքում»։ Նշենք նաեւ, որ 2018-ից մինչ օրս Երիտասարդական օպերային ծրագրի 5 երգիչներ այլեւս թատրոնի մեներգիչներ են։ Հնարավոր է առաջիկայում Նունեն նույնպես համալրի վերջիններիս կազմը։ Ընդ որում, Նունեն հանդիսանում է նաեւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան-մեներգչուհի։

Անդրադառնանք Տիգրան Հակոբյանի բեմական գործունեությանը, որը արդեն մեներգչի կարգավիճակով օրերս թատրոնի խաղացանկային՝ Պուչինիի «Տոսկա» օպերայում հանդես եկավ Կավարադոսիի դերերգով։ Տպավորություն չստեղծվի, թե վերոնշյալ երգչուհիները պակաս շնորհալի կամ տաղանդավոր են իրենց ամուսիններից, թեեւ «Առավոտի» հետ զրույցում Ալինա Փահլեւանյանը բարձրաձայնել էր, որ ամուսինը՝ Լիպարիտ Ավետիսյանն ավելի տաղանդավոր է, քան ինքը։

Տիգրան Հակոբյանի հետ հանդիպման առիթը մեզ հասած տեղեկությունն է, թե երգիչը պայմանագիր է ստորագրել միայն Ռուդոլֆի դերերգով՝ Պուչինիի «Բոհեմ» օպերայում, Շվեդիայում հանդես գալ 35 ներկայացման մեջ եւ տենորը 2021թ. համագործակցում է գերմանական Opera connection պրոդյուսերական գործակալության հետ։ «Դեռեւս Երիտասարդական ծրագրում էի, երբ մասնակցեցի Էստոնիայում կայացած միջազգային մրցույթին, որից հետո եղավ առաջարկը»,- հայտնեց երգիչը։ Մանրամասնելով էլ ասաց, թե հիշյալ դերերգի համար Շվեդիայում մասնակցել է լսումների եւ ի թիվս երեք հրավիրված ու Մալմոյի օպերային թատրոնի երեք սոլիստների, ընտրվել է ինքը, իսկ ներկայացումների շարանը կսկսվի աշնանից։ Հավելեց նաեւ, թե այդ պատճառով մերժել է Չեխիայից առաջարկը, որտեղ հանդես էր գալու Յանաչեկի «Գլագոլիտիկ» մեսսայում։ Առանց կոնկրետ ժամանակահատված նշելու հայտնեց, որ Չեխիայում ու Գերմանիայում Կասիոյի դերերգով հանդես է գալու Վերդիի «Օթելլոյում»։ Երեւանի օպերային թատրոնում էլ պատրաստում է Ալֆրեդի դերերգը՝ Վերդիի «Տրավիատայում» եւ Խոզեինը՝ Բիզեի «Կարմենում»։

Մենք էլ հավելենք, որ անցյալ տարի անդրադարձել էինք Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությանը «Մուրովյան աշուն» փառատոնին Չեխիայում, որտեղ նվագախմբի ընկերակցությամբ այլ մեներգիչների թվում հանդես էր եկել նաեւ Տիգրան Հակոբյանը։ Ի դեպ, ապրիլի 8-ին տենորը «Արամ Խաչատրյան» համերգարսահում մաեստրո Կարեն Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա «Ազնավուր. Սիրված երգեր» ծրագրում, եւ նույն օրը օպերային թատրոնում կայանալիք «Ֆրանկոֆոնյան նոտաներ» երեկոյին՝ մաեստրո Դուրգարյանի եւ թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ։

Անդրադառնալով Շվեդիայում կայանալիք 35 ներկայացումներում հայ արտիստի զբաղվածությանը, նշեցինք, որ դա ամիսներ տեւող հյուրախաղ է, ինչի առիթով մեր զրուցակիցն ասաց. «Իսկապես, չորս ամիս է տեւելու։ Հասկանում եմ ձեր խոսքի ենթատեքստը։ Կարող եմ ընդամենն ասել, որ այսպիսին է արվեստագետի, մասնավորապես՝ օպերային երգչի աշխատանքային գրաֆիկը կամ ռեժիմը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930