Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ են գործելու դեպի Ակադեմիական քաղաք տանող մետրոյի կայարանը, երկաթուղին եւ տրամվայը. Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի պարզաբանումը

Ապրիլ 01,2024 17:36

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը NEWS.am-ին հայտնել էր, որ 2024 թ. մարտի 18-ի դրությամբ ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված է 28 բուհ, այդ թվում՝ բոլոր պետական բուհերը եւ 7 ոչ պետական բուհ, ընդ որում` ՈԱԱԿ հավատարմագրման արդյունքները ճանաչվում են Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում եւ համարժեք են ճանաչված Եվրոպական հավատարմագրման այլ կառույցների արդյունքներին: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարել էր, որ Հայաստանում չկան միջազգային հավաստագրում ունեցող բուհեր, ուստի նաեւ այդ պատճառով Ակադեմիական քաղաքի ծրագիրն այդքան կարևոր նշանակություն ունի։

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով գրավոր հարցում էր ուղարկել: ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվել էինք՝ արդյոք ԿԳՄՍ նախարարությունը չի՞ տեղեկացրել կամ չի պատրաստվում տեղեկացնել վարչապետին, որ 28 հավատարմագրված բուհ ունենք: Նաեւ հարցրել էինք, երբ խոսում են բոլոր բուհերը Ակադեմիական քաղաքում տեղավորելու մասին, արդյոք տեղյա՞կ են, որ ժամավճարով աշխատող դասախոսները 8-12 հազար դրամ են ստանում, ինչպե՞ս են նրանք այդ չնչին աշխատավարձով հասնելու Ակադեմիական քաղաք:

Ժաննա Անդրեասյանին՝ ուղղված մեր երրորդ հարցը հետեւյալն էր՝ նշել էիք, որ Ակադեմիական քաղաքը ունենալու է մետրո, տրամվայ եւ երկաթուղային գիծ, ունե՞ք հստակ տեղեկություններ, հաշվարկ որպես ԿԳՄՍ նախարար՝ ե՞րբ են գործելու դեպի Ակադեմիական քաղաք տանող մետրոյի կայարանը, երկաթուղին եւ տրամվայը:

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային հավատարմագրման հարցին անդրադառնալիս, հարկ է տարանջատել ներկայումս իրականացվող հավատարմագրման գործընթացները ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքով սահմանված թիրախներից, որն է՝ ապահովել, որ մինչև 2030 թվականը առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային (Թայմսի բարձրագույն կրթության՝ աշխարհի համալսարանների վարկանիշ – Times Higher Education World University Rankings, Աշխարհի համալսարանների քյուէս վարկանիշ – QS World University Rankings կամ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշ – ARWU, Shanghai Ranking) աղյուսակների լավագույն 500-ի մեջ:

Օրենքով սահմանված այդ թիրախը ենթադրում է ներպետական կրթական չափորոշիչների, համակարգի և ընթացակարգերի ամբողջական և լիարժեք համապատասխանություն որակի չափման նշված միջազգային վարկանիշավորման համակարգերի չափորոշիչներին, այդ թվում՝ Ակադեմիական քաղաք նախագծի իրագործման միջոցով, որը թույլ կտա ապահովել հայաստանյան բուհերի ընդգրկումը միջազգային լավագույն 500 բուհերի աղյուսակներում:

Ներկայումս միջազգային վարկանիշավորման համակարգերի չափորոշիչներին, հետևաբար նաև՝ Օրենքով սահմանված թիրախին համապատասխանող բուհեր ՀՀ-ում չկան:

Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովմանը միտված միջոցառումներին զուգընթաց՝ խոշորացված բուհերում նախատեսվում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի առնվազն կրկնապատկում, որը թույլ կտա էապես բարելավել նրանց սոցիալական պայմանները: Բացի այդ, համաձայն Ակադեմիական քաղաքի հայեցակարգի դրույթների՝ ակադեմիական քաղաքի չորս կլաստերներում եւ հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու եւ բնակվելու է մոտ 44 000 մարդ, որոնց մի մասին կամպուսային տարածքներում անհրաժեշտ է լինելու ապահովել կա՛մ հանրակացարանային տարածքով (ուսանողներ, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ), կա՛մ ծառայողական բնակարաններով (հիմնական դասախոսներ և ավագ մակարդակի հետազոտողներ):

Ակադեմիական քաղաքի շուրջ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև քաղաքի բնակիչների ու այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հարցերը Ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրականացման առանցքային կետերից են: Մասնավորապես, հաշվի առնելով, որ նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական M1 մայրուղուն, ներկայումս մշակվում են տրանսպորտային ցանցի ներդաշնակեցման ուղղված նախագծեր՝ ապահովելով կապը թե՛ Երևան քաղաքի, թե՛ մարզերի, թե՛ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ, ինչպես նաև ընթանում են աշխատանքներ՝ տվյալ տարածքում ներկայումս գործող բեռնատար երկաթգիծը որպես մարդատար վերագործարկելու ուղղությամբ։

Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով եւ այլ եղանակներով։

Բացի այդ, ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային ու նախահաշվային աշխատանքների շրջանակներում քննարկվում է նաեւ Ակադեմիական քաղաքին մետրոյի հասանելիության ապահովման հարցը:

Ժամկետների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն հնարավոր կլինի նշել նախագծահաշվարկային աշխատանքների փուլի ավարտից հետո»,-Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից գրավոր պատասխանել են Aravot.am-ին, քանի որ նախարարությունը հարցումը այս կառույցին է վերահասցեագրել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930