«Մտածողության հարց է։ Մենք ասում ենք՝ ջուրը կամ բադրիջանի խավիարը, եթե համապատասխան չլինի, չենք կարող արտահանել ԵՄ, ԱՄՆ, Ավստրալիայի շուկաներ։ Հիմա մենք ասում ենք՝ ջուրը պետք է ստանդարտացնենք, որ կարողանանք արտահանենք եվրոպական շուկա, բայց որ մենք, մեր ժողովուրդը, մեր երեխեքը տասնամյակներով էդ ջուրը խմում է, ոչինչ, ասում ենք՝ մեր ինչին է պետք, թող էդ ֆոսֆորը հարյուր անգամ ավել լինի։ Նույնը բադրիջանի խավիարը»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը եւ ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ։

Փաշինյանն ասաց, որ պետք է փոխել վերաբերմունքը ստանդարտների նկատմամբ․ «Տասնյակ տարիներով, որ էդ ջուրը խմել ենք, մեզ չի հետաքրքրում․․․, որովհետեւ ստանդարտացում նշանակում է թանկացնել։ Սա է ամբողջ խնդիրը։ Այս երեւույթի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է կոնկրետացնենք; Օրինակ՝ գնաճի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք։ Գնաճը սահմանված շրջանակներում տնտեսության զարգացման ե՛ւ խթան է, ե՛ւ՝ նշան»։
Փաշինյանի խոսքով՝ ստանդարտացում նշանակում է թանկացում, բայց պետք է հասկանանք, թե ինչ որակի պետություն, հանրություն ու կյանք ենք ուզում․ «Այն, որ մենք այստեղ նստած ենք կոստյումով ու փողկապով, էդ էլ է ստանդարտ եւ իրականում թանկացրել է մեր բոլորիս կյանքը, որովհետեւ մենք բոլորս կարող էինք գալ այստեղ չստերով, «սպարտիվկայով» եւ այլն, բայց որ հանրությունը այդ պատկերը տեսներ, ի՞նչ կմտածեր»։
Կարդացեք նաև
Հանրությունը, Փաշինյանի խոսքով, երբ փողոցում, մայթին տեսնում է խոզի ջանդակը փռած վաճառում են, չի ասում՝ էս ի՞նչ եք անում, հակառակը, որ ուզում ենք ստանդարտ դնենք, ասում են՝ բա խոզի միսը կթանկանա․ «Բայց էդ խոզի միսը կթանկանա, որովհետեւ դրա վրա կավելանա անվտանգության կոմպոնենտ, առողջապահական ավելի հուսալի կոմպոնենտ եւ իրականում տեղի կունենա խնայողություն այն ապագա ռիսկի, որ դու պիտի թունավորվեիր, գնային վերակենդանացման բաժանմունքում երեք օր պառկեիր սիստեմաների տակ։ Ստանդարտը սրա մասին է։ Եթե չլիներ եվրոպական շուկա արտահանելու խնդիրը, կարող է ասեինք՝ ստանդարտը մեր ինչին է պետք, էդ ջուրը խմենք մեռնենք, կարճ, կոնկրետ պրծնենք»։
Ըստ Փաշինյանի՝ պետք է հասկանալ, որ ցանկացած բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում․ «Հնարավոր չի, որ քո կյանքը էժանանա, բարեկեցությունը ավելանա, այլ բան է, որ պետք է եկամուտները աճեն։ Բայց եկամուտների աճելն էլ է ստանդարտի հարց, որովհետեւ նույն ջուր, բադրիջանի խավիար արտադրողը պետք է ստանա եկամուտ ու կարողանա ներդրումներ անել նոր ստանդարտներին համապատասխանելու համար։ Իհարկե, կառավարությունն էլ պետք է ինչ-որ ձեւ խթանի»։
Փաշինյանի խոսքով՝ նախ մտածողության ստանդարտ պետք է հաստատվի, որ քաղաքացին էլ հասկանա՝ արա, էս խի պիտի տեսչությունը գա, ասի՝ էս ապրանքը, սնունդը, խաղալիքն էս ինչ վիճակում է․ «Որպեսզի մարդը արձագանքի իրավիճակին, պետք է իր մտածողության ստանդարտը փոխվի»։
Արտադրողները, ըստ Փաշինյանի ասում են՝ կառավարություն, գնա ու միջազգային շուկաները բացի մեզ համար, բայց այդ շուկաները բաց են, այլ բան է, թե հայկական ապրանքների որ հատվածն է ստանդարտին համապատասխան, եւ որ հատվածն է, որ մրցունակ է շուկայում․ «Այսօր փակ շուկա Հայաստանի ապրանքներ համար շատ քիչ են»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































