Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Արշակ Բ արքան՝ ռուսազգի օպերային երգչի հայացքով

Ապրիլ 11,2024 12:30

Մեծակտավ երկի ստեղծումից շուրջ 160 տարի անց, հայկական՝ առայժմ միակ, Երեւանի օպերային թատրոնը մարտի 22-ին առաջին անգամ մեր եւ համաշխարհային օպերային արվեստի նշանավոր գործիչների մասնակցությամբ ներկայացրեց Թովմաս Թերզյանի լիբրետոյով հայ երաժշտության դասական, հայ երաժշտական թատրոնի հիմնադիր, հանճարեղ կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ն՝ հայկական առաջին օպերան բնագրով՝ իտալերենով։ Այս միջազգային նախագծի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Դոնատո Ռենցետտին է, ասիստենտը՝ Դավիդե Մարսիլիան, երկուսն էլ Իտալիայից։ Բեմադրող ռեժիսորը Ժան-Ռոման Վեսպերինին է՝ Ֆրանսիայից, երաժշտական խորհրդատուներն են Փարիզի Տիգրան Չուխաճյան ինստիտուտի տնօրեն Ժիրայր Փափազյանն ու նույն ինստիտուտի աշխատակից, կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը։ Ի դեպ, լուսային ձեւավորողը կրկին Ֆրանսիայից է՝ Քրիստոֆ Շոպենը։ Մենք, իհարկե, անդրադարձել ենք այս հիրավի իրադարձությանը եւ նշել մի ուշագրավ փաստ. գլխավոր հերոսների դերերգերով հանդես եկան թատրոնի հիմնականում երիտասարդ արտիստները եւ մեկ երգիչ ՌԴ-ից՝ բարիտոն Ալեքսեյ Շապովալովը։ Ու քանի որ հյուրախաղային գրաֆիկով գերզբաղված արտիստը բեմադրության փորձերի ընթացքում գնաց-վերադարձավ, իսկ պրեմիերայից անմիջապես հետո դարձյալ հյուրախաղի մեկնեց, մենք նրա հետ զրույցը վարեցինք օնլայն։ Ի վերջո, չափազանց կարեւոր էր իմանալ հայոց թագավորի կերպարը մարմնավորած ռուս արտիստի կարծիքը Արշակ Երկրորդ արքայի մասին, մանավանդ որ, մինչ օրս նա այլ թագավորի կերպար չի մարմնավորել։

Ալեքսեյ Շապովալովը մեզ փոխանցել է հետեւյալը. «Նախ շնորհակալությունս հայտնեմ Երեւանի օպերային թատրոնի տնօրեն մաեստրո Կարեն Դուրգարյանին, ով հրավիրեց ինձ խաղալու հայոց պատմության համար այդքան նշանավոր արքայի կերպար։ Իրավացի եք, ես առաջին անգամ եմ մարմնավորում թագավորի կերպար եւ ինձ հաճելիորեն զարմացրեց երաժշտական հարուստ նյութը, որը հստակ ցույց է տալիս Վերդիի հետ ձեր կոմպոզիտորի անձնական շփումներն ու իտալացի կոմպոզիտորի ազդեցությունը։ Մեծ հետաքրքրությամբ սովորեցի երաժշտությունը, որն ունի բազմաթիվ վառ սոլո դրվագներ, անսամբլներ… Զանգվածային տեսարաններն ու խմբերգային դրվագները ոչ միայն վեհություն են հաղորդում այս գործին, այլ առնական էներգիա, կոչական ինտոնացիաներ, ռազմական-քայլերգային ռիթմեր եւ այլն։ Այստեղ պետք է նշել նվագախմբի ու երգչախմբի (խմբավար՝ Նարինե Ոսկանյան) կատարած իսկապես հսկայական աշխատանքը»։

Արտիստին խնդրեցինք կենտրոնանալ օպերայում կենտրոնական դեմք հանդիսացող Արշակ թագավորի վառ, տպավորիչ ու բազմաշերտ կերպարի վրա։ Մեր զրուցակիցը նախ նշեց, թե Չուխաճյանն այդ կերպարը ստեղծել է առանձնահատուկ սիրով, կարծես վարպետորեն մեղմելով նրա դաժանությունը։ Հետո էլ մանրամասնեց. «Ես կարողացա այս օպերայում բացահայտել իմ՝ դերասանի նոր կողմերը, ինչը, պետք է բարձրաձայնեմ՝ դյուրին չէր։ Կարծում եմ՝ հասկանալի է. Հայաստանի Թագավորություն, 365թ., պարսիկների դեմ պատերազմում հաղթանակած թագավոր Արշակը վերադառնում է մայրաքաղաք Արմավիր, որտեղ բախվում է քաղաքական անկարգությունների՝ իր սեփական թագավորությունում։ Բավական է նշել, որ կասկածելով դավադրության մեջ, Արշակը աքսորել է իր եղբորը՝ Գնելին, եւ ցանկանում է կնության վերցնել նրա նշանածին՝ Փառանձեմին, փոխարինելով թագուհի Ոլոմպիային… Իհարկե, վստահ եմ, որ այս պատմությունը դուք անգիր գիտեք, հետեւաբար գամ օպերայի 4-րդ գործողություն, որտեղ խորապես ցնցված Արշակը վայր է դնում իր թագը եւ ողբում այն փաստի համար, որ ոչ ոք չի հասկացել միասնական հայրենիքի իր երազանքը։ Բայց նա զղջալու ժամանակ չունի, քանի որ պարսիկները հերթական անգամ հարձակվում են Հայաստանի վրա։ Հենց այդ պահին բոլոր ընդդիմադիրները միավորվում են՝ ի տես Հայաստանին վտանգ սպառնացող թշնամուն, եւ ոտքի կանգնում՝ Արշակին խնդրելով, որ նա ականջ դնի հայրենասիրական պարտքի կոչին ու փրկի Հայաստանը։ Այստեղ իմ կերպարը զգաստանում է եւ վերադառնալով նախկին հերոսամարտիկի իր ոգուն, գնում է պատերազմի՝ «ողջույն արքային» կոչերի ներքո»։

Մենք էլ հավելենք, որ Ալեքսեյ Շապովալովը վերջին շրջանում զուգահեռում է իր բեմելները Նովոսիբիրսկի եւ Թբիլիսիի օպերայի եւ բալետի պետական թատրոններում։ Երիտասարդ արվեստագետի բազմաթիվ գլխավոր դերերգերից մամուլն առանձնացնում է Շարփլեսը՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայում, որն արժանացել է «Ոսկե դիմակի», Պինգայի կերպարը՝ «Տուրանդոտում», որով նա հանդես է եկել Իտալիայում կայացած Պուչինիի փառատոնում եւ այլն։

Մեր հանդիսատեսը երկրորդ անգամ Ալեքսեյ Շապովալովի արվեստը կարող է վայելել մայիսի 2-ին՝ ներկա գտնվելով  Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի ներկայացմանը, որտեղ բարիտոնը հանդես կգա  Շարփլեսի դերերգով։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930