Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում հաշվելու ցեղասպանված 1,5 մլն հայերին, դա կթողնեմ իմ հայ գործընկերներին». Ռուստամ Բաքոյան

Ապրիլ 16,2024 15:39

«Եզդիների ցեղասպանությունը մինչ այսօր շարունակվում է ու շուրջ 2600-ից ավելի իմ քույրերը դեռ գտնվում են գերության մեջ եւ նրանց ճակատագրերը անհայտ ե: Մի մասին մեզ հաջողվել է գումարով վերադարձնել եւ գնել, բայց մեզ չի հաջողվել շատերին վերադարձնել: Մինչ այսօր հարյուր հազարավոր եզդիներ ապրում են ճամբարներում եւ գտնվում են բավականին վատ վիճակում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նա օրենսդրական նախագիծ է ներկայացրել՝ օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին:

Ըստ պատգամավորի, միջազգային հանրության ուշադրությունը գրավելու անհրաժեշտություն կա ու այդ նախաձեռնությունը կօգնի, որ 2014-ից շարունակվող ցեղասպանությունը կարողանան կանգնեցնել:

Հարցին՝ այս ֆոնին ՀՀ իշխանության կողմից թեզ է առաջ նետվել՝ անուն առ անուն հստակեցնելու ու հաշվելու Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, ասում են՝ գուցե 1,5 մլն են եղել, գուցե պակաս, գուցե ավելի, իսկ ցեղասպանագետները, մասնագետներն ասում են, որ դա ավելի շատ Թուրքիայի նախաձեռնությունն է եղել՝ Բաքոյանը պատասխանեց. «Առնվազն իշխանության կողմից որեւէ գործընթաց չկա: Եթե առանձին մեր գործընկերներ խոսել են դրա մասին, ես դրանից տեղյակ չեմ, պաշտոնապես ասում եմ՝ քաղաքական որեւէ որոշում, այդ թվում վարչապետի որեւէ որոշում կամ դրա մասին խոսակցություն չկա»:

Հարցին՝ դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ մեկուկես միլիոն հայերի անուն ազգանունները հնարավոր է հիմա պարզել՝ նա պատասխանեց. «Ես պատմաբան չեմ, կարծում եմ, որ ցանկացած հարց ճիշտ կլինի այդ տիրույթում գտնվող մասնագետների հետ խոսալուց հետո այդ խոսակցությունը բացել»:

Հարցրեցինք՝ դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ անուն-ազգանուններով պարզել բոլոր 1,5 մլն ցեղասպանված հայերին՝ նա պատասխանեց. «Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում, դրա մասին տեղեկություն չունեմ, հետեւաբար դա կթողնեմ իմ հայ գործընկերներին…Ես կարող եմ խոսել եզդիների ցեղասպանության մասին»:

Նա վստահեցրեց, որ Թուրքիան նման պահանջ չի դրել իշխանությունների առաջ՝ պարզելու զոհերի անունները. «Նման նախապայման չկա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ.Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի:

Քոչարյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը կօգնի, որ ի հայտ գան ոչ միայն Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930