Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ եւ Հայաստան քարտեզ-հավաքածուներ, հայկական հուշամեդալներ ու մի կտոր Հայաստան

Ապրիլ 22,2024 12:00

«Արմքոին» ընկերությունը որպես նորարարություն  զբաղվում է հուշամեդալների արտադրությամբ: Դա մի ծրագիր է, որն ուղղված է  տուրիզմի զարգացմանը, նոր  աշխատատեղերի ավելացմանը, այդ թվում մարզերում՝ ակտիվացնելով տեղի կյանքը: «Առավոտի» հետ զրույցում Armenian Coins հայկական հուշամեդալների ընկերության հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանն ասում է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին գրավում են հատկապես քիչ կրկնվող, յուրահատուկ ազգային զարդերը, քարտեզ հավաքածուները, հուշամեդալները, որոնք փոքրիկ հուշ են իրենց այցելած վայրից՝  մի կտոր Հայաստան։

«Անկեղծ ասած, իրենք տարբեր հավանություններ ունեն, սակայն զբոսաշրջիկներին  հիմնականում հետաքրքիր են վանական համալիրների եւ մայրաքաղաքի հուշարձանների պատկերներով հուշամեդալները, որոնք հնարավոր է ձեռք բերել նաեւ մեր ինքնաշխատ սարքերից։ Ինչ վերաբերում է տեղացիներին, հետաքրքրություններն ավելի շատ դեպի անվանական շարքերն  են՝ Տիգրան Մեծ, Անահիտ աստվածուհի, Կոմիտաս, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Թումանյան, Արամ Խաչատրյան: Շարքը շարունակելի է եւ առաջիկայում նոր անվանումներ կլինեն»,-նշեց Անուշ Նիկողոսյանը։

Խնդրեցինք ներկայացնել Արցախ եւ Հայաստան քարտեզ-հավաքածուները: «Ստեղծել ենք քարտեզ -հավաքածուներ, որտեղ տեղադրված են Հայաստանի եւ Արցախ աշխարհի վանական համալիրների եւ նշանավոր հուշակոթողների պատկերներով երկկողմանի հուշամեդալներ։ Նայելով քարտեզներին, կնկատենք, որ Հայաստանի բոլոր մարզերում հիմնադրված են «Անցյալի խոսուն վկաները»՝ վանական համալիրներ: Եվս մեկ անհերքելի փաստ, որ հայ ժողովուրդն ապրել եւ արարել է իր պատմական բնօրրանում։ Հուշամեդալների դիմերեսին կոթողի պատկերն է, դարձերեսին՝ եռալեզու անվանումը եւ թվագրություն»,-ասաց մեր զրուցակիցը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930