Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնյակ հայկական գյուղեր և քաղաքներ վերացան, Ադրբեջանը նվազեցրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Ապրիլ 22,2024 20:20

«Ադրբեջանը, իհարկե, ազատ է Հայաստանին մեղադրելու նրանում, ինչում ցանկանում է, բայց մի բան չի կարող անել․ չի կարող անցնել դատարանի իրավազորությունը, ինչը CERD-ի սահմաններից դուրս է։ Ադրբեջանի՝ այս փորձերն են Հայաստանին տալիս իրավունք առարկություններ ներկայացնել դատարանի առաջ»,-Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումների ժամանակ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի առարկությունների ներկայացման ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա ներկայացրեց ՀՀ առարկությունները Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ դատարանի իրավազորության և այդ պահանջների ընդունելիության վերաբերյալ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանն առաջին փուլով կներկայացնի իր առարկությունները՝ ժամը 10։00-13։00։ Ապրիլի 24-ին իր առարկությունները երկրորդ փուլով կներկայացնի Հայաստանը՝ ժամը 16։30-18։00, ապրիլի 26-ին երկրորդ փուլով իր առարկությունները կներկայացնի Ադրբեջանը՝ ժամը 10։00-13։00։

Այն, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին՝ կապված ղարաբաղյան առաջին պատերազմում իրականացրած ենթադրյալ հանցագործությունների մեջ, Եղիշե Կիրակոսյանն այս առիթով ասաց․ «Ադրբեջանի պահանջները վերաբերում են առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանին։ Մի ժամանակաշրջան, որը դատարանի իրավասությունից դուրս է, քանի որ CERD-ն այդ ժամանակ ուժի մեջ չէր՝ մինչև 1996-ի սեպտեմբերի 15-ը»։

Եղիշե Կիրակոսյանը, մանրամասնելով, թե ինչ ժամանակաշրջանի մասին է խոսքը, փաստեց՝ երկու երկրների միջև կնքվել էր հրադադար՝ 1994-ին, որը հետագայում Մինսկի խմբի կողմից հաստատվեց, որպեսզի ապահովվեր հրադադար և երկուստեք փախստականների վերադարձ ապահովվեր։ Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ ԼՂ-ի իշխանությունները  պահպանեցին հրադադարը և փախստականների վերադարձի պահանջը, մինչդեռ Ադրբեջանը կրկնապատկեց էթնիկ հայերի նկատմամբ իր խտրականությունը, հրաժարվեց թույլ տալ ՄԱԿ-ի առաքելության մուտքը տարածաշրջան, շարունակաբար խախտեց հրադադարը»։

Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց՝ բոլորին հայտնի է, որ խորհրդային ժամանակաշրջանում էթնիկ հայերն Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունում ենթարկվել են խտրականության սոցիալական ծառայության ոլորտում, լեզվական և կրոնական իրավունքներն են խախտվել, հայկական մշակութային ժառանգությունն է վանդալիզմի ենթարկվել»։

Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց՝ այս քաղաքականության պատճառով ուղղակի տասնյակ հայկական գյուղեր և քաղաքներ վերացան․ «Նախիջևանում էթնիկ հայերի թիվը 1917-ին 50 հազար էր, որը 1979-ին դարձավ 3400։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը, որը 1921-ին ընդհանուր բնակչության 94,4 տոկոսն էր, դարձավ 75,9 տոկոս։ Սրանք ոչ թե զուգադիպություններ են, այլ նպատակաուղղված քաղաքականություն։ Իլհամ Ալիևի խոսքերն են, որտեղ նա հղում է արել իր հորը՝ Հեյդար Ալիևին, որն ասել էր՝ Ղարաբաղում ադրբեջանցի բնակչության թիվը կտրուկ աճել է, հասել 30 տոկոսի։ Հայաստանն ընդունում է՝ փաստը, որ այս ամենն արել է Ադրբեջանը, նրան չի բերում այս դատարանի իրավասության ներքո։ Դատարանի իրավասությունը սահմանափակված է այն շրջանով, երբ CERD-ը մտավ ուժի մեջ՝ 1996-ի սեպտեմբերին։ ՀՀ-ն հարգում է այդ իրավասությունը, իսկ Ադրբեջանը՝ ոչ»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն հայցին, թե Հայաստանը տեղադրում է ականներ, որոնք վնասում են շրջակա միջավայրին, Եղիշե Կիրակոսյանը նշեց․ «Ի հակադրություն Հայաստանի հայցերի, որոնց մեջ ներառված են վկայություններ էթնիկ հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի՝ էթնիկ հողի վրա, ականների հետ կապված Ադրբեջանի պնդումների առիթով նշեմ, որ դատարանը երկու դեպքերով գտել է, որ CERD-ը չի կարող Հայաստանի առաջ դնել որևէ պահանջ քայլեր ձեռնարկել Ադրբեջանին թույլ տալու ձեռնարկել դադարեցնելու տեղադրել ականներ։ Ադրբեջանը ոչ մի նոր ապացույց չի ներկայացրել, որոնք կհիմնավորեն, որ այս հայցերը CERD-ի իրավազորության ներքո են։ Ադրբեջանի պահանջները՝ կապված շրջակա միջավայրի վնասմանը, նույնպես դուրս են դատարանի իրավազորությունից։ Հայաստանը չէր կարող ռասսայական խտրականություն անել այն տարածքներում, որտեղ ըստ ադրբեջանական կողմի՝ ոչ ապրում էին, ոչ էլ մտադրված էին այդ տարածքները գալ ադրբեջանցիներ։ Ադրբեջանը չի կարող ցույց տալ, որ շրջակա միջավայրի ենթադրյալ վնասները ներառում են տարբերակված վերաբերմունք մարդկանց նկատմամբ, չի կարող ցույց տալ, որ այդ ենթադրյալ վնասները կրել են էթնիկ կամ ռասսայական բնույթ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930