Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձն ունեցել է վնասվածքներ, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»․ ՄԻՊ-ը՝ Արամ Երիցյանի ծեծի մասին

Օգոստոս 08,2024 13:10 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամ Երիցյանի ծեծի գործով։ Հիշեցնենք, որ Արամ Երիցյանը բռնության է ենթարկվել պարեկների կողմից։

«Դեպքից անմիջապես հետո նախ մեզ ահազանգ է ներկայացրել փաստաբանը։ Անմիջապես ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, այնուհետեւ իմ հանձնարարությամբ անմիջապես արագ արձագանքման այց ենք իրականացրել, թե՛ վնասվածքներն ենք արձանագրել, թե՛ լսել ենք քաղաքացուն։ Անձն ունեցել է վնասվածքներ, եւ այստեղ առաջին կարեւոր պահանջն այն է, որ պետք է ընթանա պատշաճ քննություն, արդյունքում՝ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Երկրորդ կարեւոր բաղադրիչը փաստաբանների մասնակցության ապահովումն է։ Մեր միջամտության արդյունքում, իհարկե, խնդիրը լուծվել է, բայց սա համակարգային խնդիր է, որը պետք է փորձենք նաեւ համակարգային եղանակով հասեցավորել»,- ասաց նա։

Հարցին, թե իրավապահ համակարգի այս պահվածքն ինչպե՞ս է մեկնաբանում, սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացի է ծեծի ենթարկվում ոստիկանների կողմից, ՄԻՊ-ը պատասխանեց․ «Ես գնահատականներով չեմ խոսի, փորձեմ իրավական տերմինաբանությամբ խոսել։ Եթե բռնության դեպքեր տեղի են ունենում, դրանք միանշանակ ոչ միայն պետք է դատապարտելի լինեն, այլ նաեւ դրանց հետ կապված պետք է պատշաճ քննություն իրականացնեն համապատասխան մարմինները։ Եթե բռնության դեպքեր են տեղի ունենում, եւ քննության արդյունքում պարզվում է, որ այստեղ կա այսինչ հանցակազմով մեղավոր անձ, նրանք միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության»։

Դիտարկմանը, որ որպես կանոն բռնություն գործադրած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվում, սա մտահոգիչ չէ՞, նա պատասխանեց․ «Հարցի հասցեատերն ամբողջությամբ ես չեմ։ Ոստիկանների՝ պատասխանատվության ենթարկվելու կամ չենթարկվելու վերաբերյալ ամբողջական պատասխան կարող են տալ համապատասխան մարմինները։ Ինձ փոխանցված տեղեկատվությամբ՝ համենայնդեպս որոշակի դեպքերի առնչությամբ թե՛ ծառայողական քննություններ, թե՛ նաեւ պատասխանատվության դեպքեր եղել են, բայց դրանք ինձ համար էլ բավարար չեն։ Այստեղ առաջնահերթ խնդիրը ոչ թե ծառայողական պատասխանատվության ենթարկելն է, ինչը եւս շատ կարեւոր է, բայց նաեւ չափազանց կարեւոր է ունենալ քրեական պատասխանատվության մեխանիզմների գործարդրում, երբ հանցակազմի առկայության հետ գործ ունենք։ Այո, կարծում եմ այստեղ խնդիր կա, եւ շատ կարեւոր է, որ բոլոր այն դեպքերում, երբ առկա է քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը, անձինք նաեւ քրեական պատասխանատվության ենթարկված լինեն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031