Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձել են ամեն գնով հասնել նրան, որ եղբայրս գտնվի անազատության մեջ»․ Ռոման Երիցյան

Օգոստոս 08,2024 14:45 Share

Փաստաբան Ռոման Երիցյանը

«Փորձել են ամեն գնով հասնել նրան, որ եղբայրս գտնվի անազատության մեջ»,-«Մեդիա կենտրոնում» «Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց արցախցի Արամ Երիցյանի եղբայր Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք՝ երեկ դատարանը մերժեց Արամ Երիցյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։

Այս առիթով Ռոման Երիցյանն ասաց․ «Դատական նիստի ընթացքում միջնորդությունը մերժվել է այն հիմքով, որ դատարանն արձանագրել է, որ քննիչը կամ նախաքննական մարմինը զրկված է նույնաբովանդակ միջնորդություն՝ նույն հիմքով ներկայացնելու հնարավորությունից՝ մանավանդ այն դեպքում, երբ փաստական տվյալները փոփոխության չեն ենթարկել»։

Ռոման Երիցյանն ասաց, որ քննիչը, ի պատասխան իրենց հարցերի, նշել է, որ ոչ մի հանգամանք փոփոխության չի ենթարկվել․ «Սա հաղթանակ է ոչ թե պաշտպանության կողմի, այլ առհասարակ իրավունքի։ Վերջերս նախաքննական մարմնի մոտ ձևավորվել է անօրինական պրակտիկա, երբ դատարանը մերժում է կալանավորման միջնորդությունը՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու հիմքով, նրանք ասում են՝ դե, նորից ձերբակալում ենք»։

Ռոման Երիցյանը պնդեց՝ փորձել են ամեն գնով հասնել նրան, որ իր եղբայրը գտնվի անազատության մեջ․ «Պատճառն այս գործի հանրային հնչեղությունն է, հանրության մոտ կարծիք ձևավորելը, որ Արամ Երիցյանը, այնուամենայնիվ, գտնվում է անազատության մեջ։ Դա կապում եմ անձամբ իմ փաստաբանական գործունեության հետ, պարեկային ծառայողների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ։ Ես պարեկային ծառայողների գործունեությունը միշտ էլ կոշտ քննադատության եմ արժանացնում, ինչի պատասխանը ստացել եմ ոչ թե ես, այլ եղբայրս, սակայն՝ ոչ օրինական եղանակով»։

Անդրադառնալով ՆԳՆ-ի հայտարարությանը՝ Ռոման Երիցյանն ասաց․ «Ես ՆԳՆ-ի հայտարարությանն ի պատասխան հրապարակել եմ տեսաձայնագրության մի հատված, որտեղ նրա նկատմամբ ոչ միայն բռնություն է կիրառվում, այլև հատուկ միջոցներ են կիրառվում։ Դատարանն արձանագրել է, որ եղբորս նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն չկար»։

Փաստաբանը ՆԳՆ-ին հորդորեց՝ եթե իրոք իր եղբոր նկատմամբ բռնություն չի գործադրվել, ապա թող հրապարակեն տեսաձայնագրությունը լրիվությամբ․ «Թող ցույց տան՝ ինչ արտահայտություններ են թույլ տալիս պարեկները՝ գողական արտահայտություններ, հանրային ծառայողին ոչ բնորոշ արտահայտություններ»։

Անդրադառնալով ՄԻՊ-ի գործողություններին՝ Ռոման Երիցյանն ասաց․ «Ամենամեծ խնդիրը, որտեղ ես սպասում էին ՄԻՊ-ից ավելի ակտիվ գործողություններ, սակայն չեմ արձանագրել, դա տեղի է ունեցել ՔԿ-ում, երբ ժամը 18։00-ի սահմաններում Արամ Երիցյանին տեղափոխել են Քննչական կոմիտեի՝ Արաբկիրի բաժին։ Արդեն ժամը 21։00-ին սկսել ենք հրապարակավ հայտարարել, որ մեզ՝ փաստաբաններիս, թույլ չեն տալիս մտնել Քննչական կոմիտե՝ չնայած եղբայրս գտնվում էր առողջական վատ վիճակում՝ արցունքաբեր գազ կիրառելուց հետո։ Մոտ չորս ժամ մեզ չէին թույլատրում մտնել մեր պաշտպանյալի մոտ։ Ներկա էին նաև պատգամավորներ, որոնց մուտքը ևս խոչընդոտվել է։ Երբ մենք ստիպված հրապարակային հայտարարեցինք, որ մարդիկ հավաքվեն քննչականի մոտ, մոտ տասը րոպե հետո ասացին, որ կարող եք մտնել։ Հաջորդ 3 օրվա ընթացքում, երբ եղբորս պահում էին ՁՊՎ-ում, մեզ կրկին թույլ չէին տալիս մուտք գործել, որովհետև գրություն չէին ուղարկել, որ մենք այդ աձի փաստաբաններն ենք»։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ ներկայումս նշանակված է փորձաքննություն, որն ավելի հստակ կարտացոլի՝ ինչ վնասվածքներ են Արամ Երիցյանի վնասվածքները և ինչ ծանրության։ Էդգար Մարտիրոսյանը փաստեց՝ կա պրակտիկա, որ երբեմն փաստաբանների մուտքն իրենց պաշտպանյալի մոտ ոչ այնքան խոչընդոտվում է, որքան ձգձգվում․ «Այդ ուղղությամբ առաջիկայում ևս պաշտպանը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։ Եթե խոսենք կոնկրետ ոստիկանության ծառայողների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ, ապա այդ մասով պաշտպանը չունի անհրաժեշտ գործիքակազմ, նախաքննություն իրականացնող մարմին չէ, որ վերջնական գնահատական տա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031