Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժեց Դանիել Իոաննիսյանի, նրա խորհրդատվական կազմակերպության դիմումը

Մարտ 03,2025 12:00 Share

2025 թվականի փետրվարի 12-ին Սահմանադրական դատարան էին դիմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` փաստաբան Ռուզաննա Ավագիմյանը եւ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրանք խնդրել են ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը՝ այնքանով, որքանով դրանով բացառվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի տարր հանդիսացող՝ դատական կարգով մինչդատական ակտի բողոքարկման իրավունքը:

Դիմող կողմը ներկայացրել էր թիվ ԵԴ1/0342/11/24 գործի դատավարական նախապատմությունը, նշել, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանափակվել են իրենց՝ դատարանի մատչելիության եւ արդար դատաքննության իրավունքները: Այսինքն, ըստ դիմողների, ոտնահարվել է անձի՝ դատական վերահսկողության ինստիտուտի միջոցով մինչդատական ակտի բողոքարկման իրավունքը, արդարադատության բուն իրականացումը՝ ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքների առնչությամբ վարույթ իրականացնելը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ուժի մեջ է մնացել քննիչի կողմից կայացված վարույթային ակտը, որի իրավաչափության վերաբերյալ, փաստորեն, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ մինչ այժմ գոյություն չունի, քանի որ տվյալ հարցի քննություն չի իրականացվել՝ դատական վերահսկողության ինստիտուտին դիմելու հնարավորության բացառման հետեւանքով: Ստացում է, որ խնդիրը բացարձակապես չի վերանում, վերացել. «քանի որ որեւէ սուբյեկտի՝ հանցագործության հաղորդում ներկայացնելու իրավունքը՝ առանց դրա առնչությամբ առերեւույթ ոչ իրավաչափ ակտերը, գործողություններն ու անգործությունը դատական կարգով բողոքարկելու հնարավորության, դառնում է վերացական ու պատրանքային՝ կախված բացառապես քննիչի եւ դատախազի հայեցողությունից»: Դիմողները գտնում էին, որ վիճարկվող դրույթի եւ վերաբերելի այլ դրույթների ներկայիս խմբագրությունը դրանց սխալ մեկնաբանման եւ սխալ կիրառման հնարավորություն է տալիս, ինչի հետեւանքով խնդրո առարկա դեպքում խաթարվում են անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքները:

Սահմանադրական դատարանը, որը երեկ ՍԴԱՈ-31 որոշմամբ մերժեց դիմումատուներին, փաստեց, որ անհատական դիմումի եւ կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ թիվ ԵԴ1/0342/11/24 գործի շրջանակներում վերաքննիչ քրեական դատարանի կողմից վիճարկվող դրույթին որեւէ մեկնաբանություն չի տրվել, այլ վերջինս պարզապես կիրառել է այն կոնկրետ գործի փաստական հանգամանքների եւ առանձնահատկությունների հաշվառմամբ՝ արձանագրելով, որ «Քաղաքացիներ Հենրիկ Մկրտչյանի, Գոռ Ասատրյանի եւ Հովսեփ Ղազարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարան բողոք է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ով չի հանդիսանում վերջիններիս լիազոր ներկայացուցիչը, չի հանդիսանում վարույթի մասնավոր մասնակից, եւ բացի այդ, որեւէ կերպ չի հիմնավորվել, որ նրա իրավաչափ շահերի նկատմամբ կայացված ակտերով անհամաչափ ներգործություն է տեղի ունեցել, ինչից հետեւում է, որ ՀՀ քրեական դատավարության 300-րդ հոդվածով սահմանված կարգով, բողոքի հեղինակը չի հանդիսացել բողոք բերելու իրավասություն ունեցող անձ»:

Ռոըզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31