«Նախարարության թաղում կազմակերպենք․ եթե նախկինում կար էկոնոմիկայի նախարարություն, այժմ ընդհանրապես չկա, մեռել է»,- այս պարզաբանմամբ այսօր ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները դադարեցրին կառավարության մոտ ցույցը՝ շարժվելով դեպի ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
«Կասեցում, միացում» վանկարկումներով՝ ցուցարարները շարժվեցին նախարարության շենքի մոտ։
Հիշեցնենք, այսօր՝ գործարարի օրը, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները գործադուլ են հայտարարել եւ կառավարության շենքի մոտ ցույց էին անում՝ պահանջելով հարկային բեռի վերանայում, որը բավական բարձրացել է՝ շրջանառության հարկի մասին կառավարության վերջին որոշման արդյունքում։
Երկու ժամ տեւած ցույցի ընթացքում, ցուցարարներին կառավարությունից ոչ ոք չհանդիպեց։
Կարդացեք նաև
Նախարարության շենքի մոտ ցուցարարներին դիմավորեց նախարար Գեւորգ Պապոյանը։ Նա ցուցարարներին առաջարկեց՝ շենքի դահլիճում քննարկել հարցը եւ մերժում ստացավ։ Ապա դիմեց ցուցարարներին․ «Ովքեր ընդդիմադիր գործիչ են, թող մնան այստեղ, ովքեր ցուցարար, խնդրեմ անցնեն՝ ներսում քննարկենք»։ Ցուցարարների մի մասը նախարարի հետ մտան շենք։
Փետրվարի 27-ին կայացած նիստում կառավարությունը հայտարարեց «ժամանակավոր հետքայլի» մասին․ 2025-ի առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը կվերադարձնեն բիզնեսներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Հաջորդ ցույցը տեղի կունենա մարտի 10-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ Շաբոյանի ֆեյսբուքյան էջից


















































