«Առավոտի» զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
– Պարոն Հայրիկյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ Սահմանադրության նոր տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։ Ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը։
– Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ ինքը պետք է հրապարակավ աշխատեր, դա իր որոշման մեջ էլ է գրված։ Երկրորդ, որեւէ սահմանադրական նախաձեռնություն քննարկելիս աշխարհում միշտ նկատի են առնվել այլընտրանքները, թե ինչ առաջարկ կա։ Երրորդ, ի՞նչն է վատ Սահմանադրության մեջ, որ ինքը փոխում է։ Եթե կառավարման համակարգը չի փոխում, ապա աշխարհում նման պայմաններում նոր Սահմանադրություն չեն ընդունում։ Նոր Սահմանադրությունը, որպես կանոն, ընդունվում է պետական կառավարման համակարգը փոխելու համար։ Այս նշածներից որեւէ մեկն ինքը չի արել։ Եվ ամենակարեւորը, իրեն ժողովրդավար կոչելով, ամենավերջին անշնորհք եւ տգետ մարդու նման, խոսելով ժողովրդավարության անունից, 4 անգամ ստացել է բացարձակ ժողովրդավարության վերաբերյալ փաստաթուղթ (Պարույր Հայրիկյանը նկատի ունի իր հեղինակած Սահմանադրության նախագիծը-հեղ.) ու քննարկման չի դրել։ Բացի այդ, համալսարանի սահմանադրական ամբիոնի ղեկավարն ասաց, որ Նիկոլի հանձնաժողովում աշխատում են մարդիկ, որոնց անուններն անգամ հայտնի չեն որպես իրավաբան։
Անդրադառնալով ձեր հարցին՝ ամենակարեւորն այն է, որ Նիկոլը լավ գիտի, որ ինչ էլ առաջարկի, իշխանական լծակների, ամեն ինչի օգտագործմամբ այդ իր առաջարկն առավելագույնը ստանալու է 1/3-ի աջակցությունը։ Իր նախաձեռնությանը դեմ են քվեարկելու բոլորը, ժողովրդի 75 տոկոսն արդեն դեմ է քվեարկում իրեն, իր տոհմին, իր գերդաստանին, իր ժառանգներին ու ամեն ինչին։ Եվ այդպիսի իրավիճակում գնալ սահմանադրական բարեփոխումների-չարեփոխումների կամ նոր Սահմանադրության հանրաքվեի, նշանակում է կապիկությամբ զբաղվել կամ դառնալ սրիկա, որը համոզված է, որ պետք է բռնություններով, ստորություններով, կեղծիքներով կամ պատերազմի սպառնալիքով պարտադրի դա։ Այսինքն՝ այսօր առավել եւս հրամայական է դառնում բոլորին ուղղված իմ կոչը՝ համախմբվել իմ գաղափարի շուրջը, բացարձակ ժողովրդավարության նախագծի շուրջը, միասնական ուժերով հենց այսօր ներկայացնել այդ նախագիծը եւ պահանջել, որ դա քննարկվի հրապարակավ, ինչը պահանջում է Նիկոլի ընդունած նորմատիվ ակտը։
Կարդացեք նաև
Այս օրերին ես պատասխան եմ սպասում Քննչական կոմիտեից, որովհետեւ Գլխավոր դատախազությունն արդեն երկրորդ անգամ իրենց է փոխանցել քրեական գործ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության չարաշահման վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է սահմանադրական գործընթացներում ընդունած նորմատիվ իրավական ակտը խախտելուն։ 2022 թվականին ընդունված նորմատիվ իրավական ակտում, որի ժամկետն ավարտվել է 2023 թվականի հուլիսին, փոփոխություն կատարելով է ինքը որոշում ընդունել, որ պետք է իբր նոր Սահմանադրություն ընդունվի։
– Ի՞նչ հետեւանք կունենա Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումը հանելը։
– Որեւէ կայացած պետության կարեւորագույն փաստաթղթում անպայման նախ եւ առաջ նշվում է այդ պետության Անկախության հռչակագիրը։ Հանել հռչակագրին արված հղումը, նշանակում է հրաժարվել անկախությունից։ Ես՝ հայ ժողովրդի անկախության պայքարի առաջնորդս, ձեզ ասում եմ՝ սա ոտնձգություն է ոչ միայն Սահմանադրության դեմ, այլ սկզբունքային ոտնձգություն է անկախության դեմ։ Եվ ուրեմն, այս պահից սկսած յուրաքանչյուր մարդ պետք է ասի՝ պարոն Հայրիկյան, մեկ անգամ մեզ առաջնորդել ես դեպի անկախություն, հիմա էլ մեր անկախությանը վտանգ է սպառնում, եւ դու ունես ազատության բանաձեւ, մենք քեզ հետ ենք, քո կողքին ենք այդ հարցում։ Հետո ամենաշատը 4 ամսում մեր երկիրը կլինի աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, եւ մենք կապրենք այլ Հայաստանում։
– Այսինքն՝ հայ ժողովրդի համար ընդունելի՞ չեն իշխանության այս մոտեցումները, հնարավոր հանրաքվեն կձախողվի՞։
– Ինքը ստանալու է իր պատասխանը, ինքը կապիկություն է անում, ինքը հիմա իբր ժամանակ է շահում։ Վաղն էլ կասի՝ ես փորձում էի դա անել, ժողովուրդը չուզեց, ինչպես 1990 թվականին իր պապան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում՝ ես անկախությանը դեմ եմ, բայց եթե ժողովուրդն ուզի, ես կհամաձայնվեմ։ Հիմա սա ի՞նչ է անում՝ կապիկություն, իբր ինքն ուզում է անել, վաղն էլ կասի՝ ժողովուրդը չուզեց անել։ Ժողովուրդը քեզ չի ուզում, այ անշնորհք, այ ազգադավ, ապիկար ու ծախու արարած։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.05.2025


















































