«Գարուն-ամառ հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ երբ այս գումարման խորհրդարանը նոր էր ընտրվել, այդ նույն մարդիկ 6 ամսվա կյանք էին կանխատեսում, հետո՝ ՔՊ-ի իշխանության տարբեր ժամկետներ հնչեցին, դրանց բազում բացատրություններ տրվեցին։
Լրագրողներն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հասարակական նախաձեռնության մասին։
«Խնդիրն այն է, որ իշխանությունն այնքան բաց է, այնքան ազատ է խոսում ամեն ինչի մասին, որ այդ շահարկումները մեկ օրվա կյանք ունեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հիմք չի տեսնում։
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը՝ ՀՀ սահմաններում առկա իրավիճակը եւ այլ խնդրահարույց հարցեր իմպիչմենտի հիմք չե՞ն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ինչ-որ մեկի ցանկության, կարծիքի վրա հիմնված բան չի կարող լինել։ Ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականին, որոնք որեւիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել, ՀՀ-ն ունի օրինական ընտրված իշխանություն, այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է եւ ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի մոտ»։
Թե քանի՞ տոկոս վարկանիշ ունի ՔՊ-ն, Ալեն Սիմոնյանը հստակ չի հիշում, բայց վստահ է՝ եթե առաջիկա ուրբաթ օրը ՀՀ-ում ընտրություններ լինեն, ՔՊ-ն կրկին հաղթելու է՝ «50+1» տոկոսով, իսկ 2026-ին մոտ՝ մի քիչ ավելի շատ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































