Վերածննդի մեծագույն գիտնականներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին, ծնվել է ապրիլի 15-ին՝ միայն թե մեզանից 574 տարի առաջ։ Սակայն այդ 500 և ավելի տարիները մինչ օրս չեն խամրեցրել այս բազմակողմանի հանճարի վաստակը համաշխարհային մշակույթի, գիտության, այդ թվում և բժշկագիտության ոլորտում, ուստի առիթն օգտագործելով՝ ներկայացնում ենք Լեոնարդո դա Վինչիի անատոմիական փնտրտուքները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել մարդու առողջությունը հասկանալու և բարելավելու գործում։
Լեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայում գեղարվեստական կրթություն է ստացել, սակայն 1480-ական թթ․, Միլան տեղափոխվելով, սկսել է խորապես հետաքրքրվել գիտությամբ՝ ավելի ու ավելի շատ ժամանակ հատկացնելով իր հետազոտություններին, հատկապես՝ անատոմիայի ուսումնասիրությանը՝ այդ թեմայով պատկերազարդ տրակտատ հրատարակելու նպատակ ունենալով։
1490- 1513 թվականների ընթացքում Լեոնարդոն ուսումնասիրել է մարդկանց ու կենդանիների նյարդային համակարգը, ներքին օրգանները, ոսկորներն ու մկանները, սրտի կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև վերարտադրողական համակարգը։ Աշխատելով վանական հիվանդանոցներում և բժշկական դպրոցներում՝ նա մարդկանց ու բազմաթիվ կենդանիների դիահերձում է կատարել՝ իր եզրակացությունները գրի առնելով ու պատկերելով։
Եթե Լեոնարդոն հրատարակեր իր հետազոտությունները, հնարավոր է՝ նրա տրակտատը դառնար երբևէ գրված ամենակարևոր աշխատությունը մարդու անատոմիայի ուսումնասիրության թեմայով, սակայն տարբեր պատճառներով դա նրան չի հաջողվել։
Կարդացեք նաև
Մահից հետո նրա անատոմիական գրառումները երկար ժամանակ չէին հրապարակվում, մինչև որ կոլեկցիոներ Պոմպեո Լեոնին դրանք չներառեց Դա Վինչիի գեղարվեստական նկարների ալբոմում, որը մոտ 1670-ական թթ․ հայտնվեց Թագավորական հավաքածուի կազմում։ XIX դ․ վերջին նրա անատոմիական նկարները վերջապես հրատարակվեցին, իսկ գրառումները՝ թարգմանվեցին։
Անատոմիայի ուսումնասիրությունը Լեոնարդո դա Վինչիի գեղարվեստական գործունեության անբաժան մի մասն էր։ Վերածննդի դարաշրջանի նկարիչների գլխավոր թեման մարդու մարմինն էր, և այն ճիշտ ներկայացնելու համար նկարիչը պետք է հասկանար դրա կառուցվածը։ Ահա թե ինչու նկարիչներն Իտալիայում մասնակցում էին դիահերձումներին՝ խորապես ուսումնասիրելով մարդու մարմինը։ Սակայն ի սկզբանե Լեոնարդոյի հետաքրքրության սահմանները վեր էին սովորական նկարիչներին հուզող հարցերից։ Նա ցանկանում էր հասկանալ հենց կյանքը՝ որպես երևույթ, մարդու հույզերն ու զգացմունքները, նյարդային համակարգը, գլխուղեղի կառուցվածքն ու բազմանալու գաղտնիքները։
Այդ ժամանակաշրջանում անատոմիական պատկերազարդումը դեռ սաղմնային վիճակում էր։ Մարմնի եռաչափ կառուցվածքը, դրա շարժումը փոխանցելու համար Լեոնարդոն մի քանի իլյուստրացիոն տեխնիկաներ էր մշակել, որոնք վերցրել էր ճարտարապետությունից ու ինժեներիայից․ նրա որոշ նկարները զարմանալիորեն նման են ժամանակակից բժշկության վիզուալիզացիային։
Այդ ժամանակ մարդու մարմնի դիահերձումն իրականում արգելված չէր Եկեղեցու կողմից, ինչպես հաճախ ենթադրվում է։ Բժիշկները երբեմն հերձում էին մարդուն նրա առեղծվածային մահվան պատճառները բացահայտելու նպատակով, իսկ իտալական համալսարանների բժշկական ֆակուլտետները հանրային դիահերձումներ էին անցկացնում՝ սովորաբար մահապատժի ենթարկված հանցագործների շրջանում։
Լինելով ընդամենը արհեստավոր՝ երիտասարդ Լեոնարդոն հեշտությամբ չէր կարող ձեռք բերել մարդկային դիակներ դիահերձման համար։ Այդ պատճառով իր կարիերայի սկզբում նա ուսումնասիրում էր կենդանիներին՝ ներառյալ գորտերին, արջերին, շներին և կապիկներին։ Նրա ամենավաղ նկարներն արտացոլում են մարմնի մասին հնագույն պատկերացումները, որոնք հաճախ այնքան համոզիչ են պատկերված, որ կարելի է կարծել՝ նա իսկապես տեսել է այդ մտացածին կառուցվածքները։
1489 թ․-ին Լեոնարդոն կարողանում է մարդու գանգ ճարել։ Նա այն բաժանում է մի քանի մասի՝ դրա կառուցվածքն ուսումնասիրելու նպատակով, իսկ իր ենթադրությունները գրանցում է փոքրիկ գրքույկում՝ լրացնելով իր նշումները մանրակրկիտ կերպով մշակված նկարներով։ Լեոնարդոն փորձում էր գտնել նյարդային ուղիներն ու պատկերացնել գլխուղեղի կառուցվածքը, սակայն դատարկ գանգի ուսումնասիրությունները բավարար չէին գլխուղեղի մասին լիարժեք տեղեկատվություն ստանալու համար, և, չկարողանալով առաջ գնալ իր հետազոտություններում, այդ շրջանում նա դադարեցնում է դրանք։
1490-ականներին Լեոնարդոն մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկում մարդու մարմնի համամասնությունները։ Նա որոնում էր մարմնի կատարյալ կառուցվածքը, և այդ որոնումը հրաշալիորեն արտացոլված է նրա Վիտրուվյան մարդ կտավում։
Սակայն կենդանի մոդելներին ուսումնասիրելով՝ Դա Վինչին բացահայտում է, որ իրականությունը շատ ավելի բարդ է։
Ավելի ուշ Լեոնարդոն, լինելով արդեն Իտալիայի ամենահայտնի նկարիչներից մեկը, ունենալով դիրք ու կապեր, հնարավորություն է ստանում մարդկային մարմինների ինքնուրույն դիահերձումներ կատարելու։ Լավ փաստաթղթավորված դեպքերից մեկը տեղի է ունեցել ենթադրաբար 1508 թ․-ի ձմռանը։
Դա Վինչին իր նոթատետրում գրում է․ «Այդ ծերունին իր մահից մի քանի ժամ առաջ ասաց ինձ, որ ավելի քան 100 տարեկան է, և իր մարմնում ոչ մի վատ բան տեղի չի ունենում, բացի թուլությունից։ Եվ այդպես, նստած Ֆլորենցիայի Սուրբ Մարիա-Նուովա հիվանդանոցի մահճակալին՝ նա անշարժ հեռանում է կյանքից։ Եվ ես նրա դիահերձումը կատարեցի՝ այդպիսի քաղցր մահվան պատճառը հասկանալու համար»։
Լեոնարդոն շարունակում է նկարագրել սրտի իշեմիկ հիվանդության և լյարդի ցիռոզի նշանները։ Մարդկային մարմնին հասանելիություն ստանալով՝ վերսկսում է ուղեղի ուսումնասիրությունը։
Իր վաղ շրջանի նկարներում նա ներկայացնում էր այն ավանդական պատկերացումը, ըստ որի՝ ուղեղը կազմված է երեք ուռուցիկ փորոքներից (խոռոչներ), որոնք գտնվում են ուղիղ գծով՝ աչքերի հետևում։ Համարվում էր, որ դրանցում տեղակայված են ընկալման, դատողության, երևակայության և հիշողության մտավոր կարողությունները։ Պարզ դիահերձումը կարող էր ցույց տալ, որ ուղեղը իսկապես ունի խոռոչներ, բայց ոչ այդպիսի ձևով։
Մոտ 1509 թվականին Լեոնարդոն փայլուն փորձարկում է իրականացնում՝ ուղեղի խոռոչների մեջ հալված մոմ ներարկելով՝ դրանց իրական ձևը պարզելու համար։ Հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նյարդերը կապ չունեն այդ փորոքների հետ։ Այդպիսով նա հրաժարվում է հին համոզմունքից, թե մտավոր կարողությունները գտնվում են խոռոչներում։
1510–1511 թթ․ ձմռանը Լեոնարդոն, ըստ ամենայնի, աշխատել է Պավիայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ ունենալով լայն հնարավորություն մարդկային դիակներն ուսումնասիրելու։ Հավանաբար այդ ձմռան ընթացքում նա մինչև 20 դիակ է դիահերձել՝ կենտրոնանալով ոսկորների և մկանների վրա։ Մարմինը դիտարկելով բացառապես մեխանիկական տեսանկյունից՝ նա պատկերագրական տարբեր հնարքներ է օգտագործել՝ իր նկարներն ավելի հասկանալի դարձնելու համար։
Լեոնարդոյի վերջին և ամենափայլուն անատոմիական ուսումնասիրությունը վերաբերվում էր սրտին։ Նա ամենայն ճշգրտությամբ նկարագրում է սրտի խոռոչները (փորոքներ և նախասրտեր), փականների կառուցվածքն ու աշխատանքը և նույնիսկ ստեղծում աորտայի փականի ապակե մոդել։ Նա հասկանում է, որ սիրտը միակողմանի պոմպ է և շատ մոտ էր արյան շրջանառության բացահայտմանը։

Ձախից՝ սիրտ, բրոնխներ և բրոնխային անոթներ, մոտ 1511-13 թթ: Կենտրոնում՝ փորոքներ, պապիլյար մկաններ և եռափեղկ փական, մոտ 1511-13 թթ: Աջից՝ սիրտ և պսակաձև անոթներ, մոտ 1511-13 թթ:
1513 թվականի սեպտեմբերին Լեոնարդո դա Վինչին Հռոմ է տեղափոխվում։ Նա փորձում է վերսկսել իր անատոմիական հետազոտությունները Վատիկանի մոտ գտնվող Սանտո Սպիրիտո հիվանդանոցում, սակայն նրան մեղադրում են սրբապղծության մեջ և արգելում շարունակել դիահերձումները։ 1516 թվականին նա տեղափոխվում է Ֆրանսիա՝ Ֆրանցիսկ I թագավորի մոտ որպես պալատական նկարիչ աշխատելու համար և, այլևս երբեք չվերադառնալով իր անատոմիական ուսումնասիրություններին, 1519 թ․-ին կնքում է իր մահկանացուն։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
























































