Սկիզբը՝ այստեղ:
«Եթե պատերազմը ընտրեն՝ կկռվենք։ Եթե նրանք մեզ մոտ գան տրամաբանությամբ՝ կպատասխանենք տրամաբանությամբ», Թրամփի նոր սպառնալիքներին այսպես պատասխանեց Իրանի գլխավոր բանակցողը։
«Վատ լուրն այն է, որ համաձայնության չհասանք». ԱՄՆ փոխնախագահ
Եվ այսպես, ապրիլի 12-ին արդեն հստակ էր, որ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ՝ մոտ 21 ժամ տեւած բանակցություններն ավարտվել են առանց որեւէ համաձայնության։ Axios-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում հիմնական անհամաձայնությունները վերաբերել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն ունենալու պահանջին եւ հարստացված ուրանի պաշարները հանձնելուց հրաժարվելուն։
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել էր. «Մենք փոխըմբռնման հասանք մի շարք հարցերի շուրջ, բայց, ի վերջո, բանակցությունները չհանգեցրին համաձայնության»։
Միեւնույն ժամանակ ԻՀՊԿ-ին մոտ տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ հրադադարի սկսվելուց ի վեր, ընդամենը մեկ օրում Մերձավոր Արեւելքում վայրէջք է կատարել ավելի քան 70 ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Ալիքը հետեւյալ կերպ էր մեկնաբանել նշյալ լուրը. «Դուք երբեք խաղաղություն չեք ցանկացել, պարզապես ժամանակ եք ցանկացել շահել»։
Ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատեց, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը չեն կարողացել համաձայնության գալ։ Պակիստանից մեկնելուց ԱՄՆ փոխնախագահը նշել էր. «Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների հետ, սա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, եւ կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան Միացյալ Նահանգների։ Մենք պարզապես չկարողացանք հասնել այնպիսի իրավիճակի, երբ իրանցիները կընդունեին մեր պայմանները»։ ԱՄՆ փոխնախագահը վստահեցրել էր, որ Պակիստանից հեռանում են շատ պարզ առաջարկով, որը իրենց «վերջնական եւ լավագույն առաջարկն է»։ «Տեսնենք՝ արդյոք իրանցիները կընդունեն այն», նկատել էր նա։
Թեհրանի միջուկային ծրագրի մասին հարցին Վենսը պատասխանել էր, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը կանխելը թե՛ հիմա, թե՛ ապագայում ԱՄՆ նախագահ Թրամփի «հիմնական նպատակն» է։ Վենսը շեշտել էր, որ ժամեր տեւած բանակցություններից հետո Իրանը միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու հանձնառություն չի ստանձնել. «Հարցն այն է՝ տեսնո՞ւմ ենք իրանցիների կողմից հիմնարար հանձնառություն՝ չմշակել միջուկային զենք ոչ միայն հիմա, ոչ միայն երկու տարի անց, այլեւ երկարաժամկետ հեռանկարում։ Առայժմ դա չենք տեսնում, բայց հուսով ենք տեսնել»։
Նկատենք, որ չնայած բանակցությունները հաջողությամբ չէին պսակվել, սակայն ԱՄՆ փոխնախագահը, կարծես, համաձայնության հասնելու հույսը չէր կորցրել։
Բարդ ու անհաջող բանակցությունները մեկնաբանեց նաեւ Թեհրանի գլխավոր բանակցողը՝ երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը X-ի գրառման մեջ նշել էր, որ Վաշինգտոնին չի հաջողվել շահել Թեհրանի վստահությունը։ Ղալիբաֆը հայտնել էր, որ Պակիստանում անցկացված քննարկումների ժամանակ իր բանակցային թիմը «առաջ նայող» նախաձեռնություններ է ներկայացրել, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը. «Իրանական պատվիրակության իմ գործընկերները կառուցողական նախաձեռնություններ են ներկայացրել, բայց բանակցությունների այս փուլի վերջնարդյունքում հակառակ կողմը ի վիճակի չեղավ շահել իրանական պատվիրակության վստահությունը։ Ամերիկան ընկալել է մեր տրամաբանությունն ու սկզբունքները, եւ այժմ ժամանակն է, որ նա որոշի՝ ի վիճակի՞ է շահել մեր վստահությունը, թե՞ ոչ։ Մենք դիվանագիտությունը՝ ռազմական ուժին զուգահեռ, համարում ենք իրանցի ազգի իրավունքների պաշտպանության գործիք։ Չենք դադարեցնի մեր ջանքերը՝ ամրապնդելու Իրանի քառասնօրյա պաշտպանության ձեռքբերումները։ Բանակցությունների մեկնարկից առաջ ես ընդգծել եմ, որ մենք կամք ունենք, բայց նախորդ երկու պատերազմների փորձի պատճառով չենք վստահում հակառակ կողմին»,- գրել էր Ղալիբաֆը։
Թրամփի սպառնալիքների նոր ալիքը
Ձախողված բանակցություններից հետո ամերիկյան կողմից սկսվեց կոշտ հայտարարությունների տարափը Թեհրանի ուղղությամբ։
Միացյալ Նահանգները սկսում է Հորմուզի նեղուցն ականազերծելու գործընթացը, հայտնեց նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ սա «մեծահոգություն է աշխարհի շատուշատ երկրների համար»՝ առանձնացնելով Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային եւ Գերմանիային։
Ամերիկյան ուժերը «սկսել են պայմաններ ապահովել, որպեսզի նեղուցն ականազերծվի», իր հերթին տեղեկացրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերը։ Նաեւ հաղորդել էին, որ ամերիկյան երկու ռազմանավ այս նպատակով գործողություններ են իրականացնում Հորմուզում։ The New York Times-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանն ի վիճակի չէ հայտնաբերել եւ հեռացնել պատերազմի ժամանակահատվածում Հորմուզի նեղուցում տեղադրած ականները։
Նկատենք, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին օրեր առաջ ընդգծել էր, որ Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի «կառավարումը կտեղափոխի նոր փուլ»։ Հիշեցնենք, որ պատերազմից առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի եւ նավթամթերքի մոտ 20 տոկոսը։
ԱՄՆ նախագահը ծավալուն կերպով անդրադարձավ իրանա-ամերիկյան բանակցություններին. նկատելի էր, որ նա ե՛ւ փորձում է կարեւորել բանակցությունների անցկացման փաստը, ե՛ւ ճնշում է գործադրում իրանական կողմի նկատմամբ։ «Համաձայնեցված կետերն ավելի լավն են, քան մեր ռազմական գործողությունները մինչեւ վերջ շարունակելը, բայց այդ բոլոր կետերը կարեւոր չեն՝ համեմատած միջուկային էներգիան այդպիսի անկայուն, դժվար, անկանխատեսելի մարդկանց ձեռքում թողնելու հետ»,- նշեց Թրամփը՝ խոստանալով, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցի շրջափակման գործընթացը։ «Նաեւ հրահանգել եմ արգելել միջազգային ջրերում գտնվող յուրաքանչյուր նավի մուտքը, որը տուրք է վճարել Իրանին։ Անօրինական տուրք վճարողը չի ունենա բաց ծովում անցնելու հնարավորություն։ Մենք նաեւ կսկսենք ոչնչացնել նեղուցներում իրանցիների կողմից տեղադրված ականները»։
Ապա նա ավելի կոշտ հայտարարություններով հանդես եկավ. «ԱՄՆ զինված ուժերը, հարմար պահին, կոչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից», «ես կարող էի մեկ օրում ոչնչացնել Իրանը», «Մենք ունենք նոր սարքավորումներ՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար։ Լազերները նաեւ հալեցնում են անօդաչու թռչող սարքը. դա գեղեցիկ տեսարան է»։
Fox News-ին Թրամփը նաեւ ասել էր. «Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ եւ կտա մեզ ամեն ինչ։ Ես բանակցությունների մեկնող իմ մարդկանց ասացի՝ ես ամեն ինչ եմ ուզում։ Ես 90% չեմ ուզում, 95% չեմ ուզում։ Ես ամեն ինչ եմ ուզում, իսկ իրանցիները որեւէ հաղթաթուղթ չունեն»։
ԱՄՆ նախագահի զայրույթը, կարծես, չէր մարում, նա շարունակ մեկնաբանում էր ձախողված բանակցությունները։ «Եթե Իրանը չհրաժարվի միջուկային ծրագրից, ես կշարունակեմ հարվածել նրանց. կարող էի Իրանը ոչնչացնել մեկ օրում, կարող ենք 10 տարով անջատել նրանց էլեկտրականությունը»։ Ապա նա հավելում էր. «Նրանք չեն լքել բանակցությունների սեղանը։ Կանխատեսում եմ, որ նրանք կվերադառնան եւ մեզ կտան այն ամենը, ինչ ուզում ենք»։ Ըստ նրա՝ Հորմուզի նեղուցը վճռորոշ նշանակություն ունի Ճապոնիայի համար. դրանով է անցնում նրանց ամբողջ նավթի մոտ 93%-ը, իսկ Հարավային Կորեան ստանում է շուրջ 45%-ը։ «Եվ այնուամենայնիվ, այդ երկրները մեզ առանձնապես չեն օգնել։ Ես հարցնում եմ նրանց՝ իսկ դուք պատրաստվո՞ւմ եք օգնել։ Մենք մոտ 45,000 ամերիկացի զինծառայող ունենք Ճապոնիայում եւ մոտ 50,000՝ Հարավային Կորեայում։ Ի վերջո, բենզինի եւ նավթի գները կընկնեն։ Դա կարող է անմիջապես չլինել, բայց հենց որ իրավիճակը հանգուցալուծվի, գները կիջնեն»,- եզրափակել էր Թրամփը։
Հետաքրքրական էր, որ Թրամփն անգամ նկատեց, թե իր ներկայացուցիչները «սկսել են հարգել իրանցիներին»։ Նա նշել էր. «Իրանը խոստացել էր բացել Հորմուզի նեղուցը, սակայն գիտակցաբար դա չի արել։ Սա տագնապ, կողմնորոշման կորուստ եւ ցավ է պատճառել բազմաթիվ մարդկանց ու երկրների ամբողջ աշխարհում։ Նրանք պնդում են, թե նեղուցում ականներ են տեղադրել, չնայած նրանց ամբողջ նավատորմը եւ ականակիր նավերի մեծ մասը լիովին ոչնչացվել են։ Հնարավոր է՝ նրանք դա արել են, բայց ո՞ր նավատերը կցանկանա ռիսկի դիմել։ Սա մեծ խայտառակություն է եւ անդառնալի վնաս Իրանի ու նրա «առաջնորդներից» մնացածի հեղինակությանը, բայց մենք արդեն անցել ենք այդ ամենի միջով։ Ինչպես եւ խոստացել էին, նրանց համար ավելի լավ կլինի հնարավորինս արագ սկսել այս միջազգային ջրային ուղու բացման գործընթացը։
Նրանք խախտում են բոլոր օրենքները։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշներն ինձ մանրամասն տեղեկացրել են Իսլամաբադում կայացած հանդիպման մասին…»։
Այսպես, Թրամփը կարեւորել էր մեկ բան, որ՝ «Իրանը չի ցանկանում հրաժարվել իր միջուկային հավակնություններից», թեեւ նա նաեւ նկատել էր, որ «շատ առումներով ձեռք բերված պայմանավորվածությունները լավն են, քան մեր ռազմական գործողությունները մինչեւ վերջ շարունակելը»։ Այնուհետեւ Թրամփն անկեղծացել էր. «Այս ընթացքում իմ երեք ներկայացուցիչները, ինչն անսպասելի չէ, շատ մտերմացել են եւ սկսել հարգել իրանական ներկայացուցիչներին՝ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին, Աբաս Արաղչիին եւ Ալի Բաղերիին։ Բայց դա նշանակություն չունի, քանի որ նրանք շատ անզիջում էին ամենակարեւոր հարցում։ Ինչպես միշտ եմ ասել, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։
Ի դեպ, ԱՄՆ նախագահը հարկ համարեց նաեւ նախազգուշացնել Չինաստանին՝ Իրանին մատակարարելու վերաբերյալ. «Եթե Չինաստանն անի դա, կարող է մեծ խնդիրներ ունենալ»։ Նկատենք, որ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը ավելի վաղ հերքել էր CNN հեռուստաալիքի պնդումներն այն մասին, թե Չինաստանն իբր նախատեսում է Իրան հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարել հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։
«Սպառնալիքները որեւէ ազդեցություն չեն թողնում իրանցի ժողովրդի վրա». Ղալիբաֆ
Տապալված իրանա-ամերիկյան բանակցություններից անմիջապես հետո հաղորդվեց, որ Իսրայելի բանակը բերվել է բարձր պատրաստականության վիճակի։ «Հայտարարվել է պատրաստականություն Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը։ Պակիստանում ամերիկա-իրանական բանակցությունների ձախողումից հետո Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը մարտունակությունը բարձրացնելու հրաման է տվել»,- հաղորդեցին իսրայելական լրատվականները։
Իսկ ահա իրանական կողմն ընդգծում էր՝ Հորմուզի նեղուցը իրենց ձեռքում է։ Այս մասին նշել էր Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ հավելելով. «Իրանական դիվանագիտությունը՝ Էրզրումի պայմանագրերից մինչեւ Իսլամաբադի բանակցություններ, հիմնված է մեկ՝ մեր սիրելի Իրանի պաշտպանության սկզբունքի վրա»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը, իրենց հերթին, հայտարարեցին, որ «հակառակ թշնամական որոշ պաշտոնյաների կեղծ հայտարարությունների», Հորմուզի նեղուցը գտնվում է ողջամիտ վերահսկողության տակ եւ բաց է քաղաքացիական նավերի անվտանգ անցման համար՝ հատուկ կանոններին համապատասխան։ «Ցանկացած պատրվակով որեւէ ռազմանավի մոտեցումը Հորմուզի նեղուցին կհամարվի հրադադարի ռեժիմի խախտում։ Նման դեպքում կձեռնարկվեն կոշտ միջոցներ»,- ըստ Fars-ի, նշել էին ԻՀՊԿ-ից։
Իսկ երկրի գլխավոր բանակցողը՝ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետբանակցային սպառնալիքներին այսպես պատասխանեց՝ դրանք ոչ մի ազդեցություն չեն թողնում իրանցի ժողովրդի վրա։ «Սպառնալիքները որեւէ ազդեցություն չունեն իրանցի ժողովրդի վրա։ Մենք ապացուցել ենք, որ սա պարզապես կարգախոս չէ. աշխարհն իր աչքերով է տեսել դա։ Մենք ցույց ենք տվել, որ թշնամին հասել է հուսահատության կետին։ Մենք ապացուցել ենք, որ չենք հանձնվում սպառնալիքներին։ 47 տարվա հեղափոխության ընթացքում՝ ռազմական ասպարեզներում, տնտեսական պատժամիջոցների, քաղաքական ճնշման եւ շատ ավելիի ներքո, իրանցի ժողովուրդը դա ցույց է տվել գործնականում։ Եթե ամերիկացիները կրկին փորձեն մեր կամքը, մենք նրանց ավելի դաժան դաս կտանք»։
Այնուամենայնիվ, Ղալիբաֆը նաեւ հասկացնել տվեց, որ բանակցությունների «սեղանը շրջված չէ»։ «ԱՄՆ-ն կկարողանա Իրանի հետ լուծման հասնել միայն այն դեպքում, եթե ստանա իրանցի ժողովրդի վստահությունը»,- նշեց իրանական կողմի հիմնական բանակցողը՝ հավելելով. «Վաշինգտոնը «պարտք» է Իրանին եւ պետք է զգալի աշխատանք կատարի դա շտկելու համար… Եթե պատերազմը ընտրեն՝ մենք կկռվենք։ Եթե նրանք մեզ մոտ գան տրամաբանությամբ, մենք կպատասխանենք տրամաբանությամբ»։
Լավատեսական տոնայնությամբ մի արտահայտություն էլ Իրանի նախագահ Փեզեշքիանն արեց. «Եթե ամերիկյան կառավարությունը հրաժարվի իր տոտալիտարիզմից եւ հարգի իրանցի ազգի իրավունքները, ապա համաձայնության հասնելու ուղիներ անպայման կգտնվեն»։
Ամերիկյան կողմի սպառնալիքների պայմաններում անգամ՝ իրանական կողմի հայտարարությունները նկատելի զուսպ էին, սթափ ու հավասարակշռված։
Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ Թրամփի վարչակազմը փակուղում է հայտնվել։ Արդեն բոլորի համար պարզ է, որ Իրանի հետ թելադրանքի լեզվով խոսելը, սպառնալը պարզապես անիմաստ է ու անօգուտ։ Մյուս կողմից՝ Վաշինգտոնի համար, թերեւս, այնքան էլ հստակ չէ, թե ինչպես փրկել ամերիկյան պետության հեղինակությունը, ինչպես պայմանավորվել Իրանի ու Իսրայելի հետ, եւ ինչպես այդ ամենը ներկայացնել որպես ամերիկյան դիվանագիտության փայլուն հաղթանակ։
Ինչեւէ, տապալված բանակցություններից 2 օր անց տեղեկություններ ստացվեցին, որ միջնորդները ձգտում են ԱՄՆ-Իրան նոր բանակցություններ կազմակերպել մինչեւ ապրիլի 21-ը։ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան ամեն ինչ անում են, որպեսզի ԱՄՆ-ին ու Իրանին նորից բանակցությունների սեղանի շուրջ նստեցնեն. նրանք նպատակ ունեն դա իրականացնել մինչեւ ապրիլի 21-ը, քանի դեռ զինադադարի ժամկետը չի անցել։ Լրատվականները հաղորդում էին նաեւ, որ Իսլամաբադն ուղիղ կապի մեջ է երկու կողմերի հետ՝ վարչապետի անձնական հանձնարարականով։ Ավելի ուշ նաեւ տեղեկություններ ստացվեցին, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հինգշաբթի օրը Իսլամաբադում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.04.2026


















































