«Ո՞նց կարելի է գալ այստեղ ու ձեր տված միլիարդավոր դրամների պարգևավճարների հրամանի մեջ մեղադրել ընդդիմությանը։ Մեզ մեղադրում են, որ իրենք իրենց պարգևավճար են տալիս։ Է, մի տվեք, մենք ձեր պարգևավճարների ձեռքը կրակն ենք ընկել, ամեն անգամ պիտի մտածենք՝ որտեղ ենք ուղղում ու էդ հաշվետվությունը ոնց ենք տալիս և այս նախընտրական շրջանի արգելքի հետ ինչ ենք անում, որ ձեր քննչականը մեր հետևից չգա։ Բա հեղափոխական տղերք ու աղջիկներ էիք, հետո պարզվեց, որ հեղափոխական տղերքն ու աղջիկներն առանց պարգևավճարների ու պադավատների չեն կարա աշխատեն»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հայկական Բիլլի Միլիգանն է, անձի երկվություն ունի, 24 հատ առանձին անձ ունի։ Այնքան է ինքն իրեն հակասել, այնքան է ինքն իրեն հակադարձել, էլ չգիտես՝ որ Նիկոլ Փաշինյանին պատասխանես։ Մարդիկ իրոք խճճվել են, չգիտեն՝ որ Նիկոլ Փաշինյանին պատասխանեն։ Բայց աշխարհում երկու սուբյեկտ կա, որ այս խառնաշփոթի մեջ, անընդհատ իրար հակասող հայտարարություններ անելու մեջ դուք իրենց ոտքը երբեք չեք տրորել, իրենց շահերին հակառակ չեք գործել, դա Թուրքիան ու Ադրբեջանն են»,- ասաց նա։
Քրիստինե Վարդանյանը հավելեց․ «Դուք հայտարարում եք, որ Եվրոպա եք գնում։ Այ Եվրոպա գնացող Նիկոլ Փաշինյան, ինձ մի հատ ցույց կտա՞ք եվրոպական պետություն, որտեղ որևէ կուսակցության նախընտրական ծրագրով հոգևոր առաջնորդ են փոխում»։
Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՔՊ-ն իշխանություն չլինի, պատերազմ կլինի․ «Ես ուզում եմ հասկանալ՝ վերջը մեզ ի՞նչ եք առաջարկում, ցմահ ձեզ ղեկավար պահե՞նք, զմռսե՞նք, ի՞նչ անենք։ Եթե վաղը ձեր հետ բան պատահի, ի՞նչ է լինելու այդ խաղաղության հետ, վե՞րջ, վերջանո՞ւմ է խաղաղությունը, արևը, երեխաների ժպիտը։ Ձեզնո՞վ է աշխարհը սկսվել, որ ձեզնո՞վ վերջանում է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Պատգամավորն իր ելույթում դիմեց հասարակությանը․ «Սիրելի հայրենակիցներ, ձեզ մինչև հիմա խաբել են, չեն ասել այն, ինչի համար իրենք գալիս են իշխանության, քվե են խնդրում։ Ձեզ ասել են մի բան, բայց արել են 180 աստիճանով հակառակը։ Բայց այս մեկը տարբեր է, էլ չեն թաքցնում, արդեն բաց, ուղիղ են ձեզ ասում։ Մարիա Կարապետյանն ասում է, որ այս ընտրություններն Ալիևի Սահմանադրությանը այո կամ ոչ ասելու ընտրություններ են, Ալեն Սիմոնյանն ասում է, որ մեր երաշխավորն Ադրբեջանն է։ Շատ ուղիղ են ձեզ ասում՝ ինչի մեջ է ձեր ընտրությունը։ Դուք շատ լավ պետք է հասկանաք, որ այս իրավիճակում չգնալ ընտրության նշանակում է այո ասել այդ ծրագրին։ Գնալ ընտրության, ՔՊ-ին ձայն տալ, նշանակում է այո ասել Ալիևի Սահմանադրությանը, այո ասել, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի։ Այս մարդիկ, բացի հանցավոր լինելուց, ձեզ բոլորին դարձնում են իրենց հանցակից»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































