Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին, ի հեճուկս բոլոր տեսակի սահմանափակումների, անթերի կերպով իրացնում է իր հոգևոր սպասավորությունն ու առաքելությունը. Գենադի Մնացականյան

Ապրիլ 19,2026 23:12 Share

Թեև սրա մասին շատ քիչ է խոսվում, սակայն իրականում հասարակության լայն շրջանակների մոտ դեռևս չի «մարսվում» այն փաստը, համաձայն որի, Մայր Աթոռի բնորոշմամբ, «կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով հնազանդության ուխտը դրժած» բոլոր հոգևորականները կարգալույծ չեն հռչակվում։

Ամենատարածված կարծիքներից է այն, որ Մայր Աթոռը այդպիսով փորձում է ավելի չսրել ՀՀ իշխանությունների հետ առանց այն էլ լարված իրավիճակը, որը կարող է հանգեցնել իրավական և գույքային լուրջ բախումների, ինչպես նաև այն տեսակետը, որ Մայր Աթոռը մտավախություն ունի, որ այդ կտրուկ քայլը կարող է ստեղծել «նոր ներքին ընդդիմություն», իսկ համաձայն մեկ այլ տեսակետի զանգվածային կարգալուծությունները կարող են բացասաբար ազդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությանը որպես «Համայն հայության Մայր Եկեղեցի»։

Անշուշտ, շատ այլ կարծիքներ նույնպես կան, սակայն իմ դիտարկմամբ, հայ հանրության մեջ այս երեք կարծիքները դոմինանտ են։ Ինչպես նշեցի, քիչ չեն այն մարդիկ, ովքեր Եկեղեցու հանդուրժողականությանը վերաբերվում են հոռետեսորեն` գտնելով, որ ճիշտ կլինի բոլորին անխտիր կարգալույծ հռչակել։ Պետք է խոստովանեմ, որ շատ կարժ ժամանակով նման դիրքորոշում ես նույնպես ունեցել եմ, սակայն ինչպես ես, այնպես էլ յուրաքանչյուր այդպես մտածող մարդ, եթե մի պահ փորձի ներհայեցողությամբ հասկանալ թե ինչո՞ւ է ինքը գտնում, որ պետք է հայտնի բոլոր կարգազանցներին անխտիր կարգալույծ հռչակել, ապա անպայման կհայտնաբերի, որ այդ կարծիքի ակունքում բարի ու ազնիվ զգացումների հետ գողտրիկ մի տեղ ծվարել են նաև չարությունն ու բարկությունը։

Էմոցիաները, այդուհանդերձ, նման խիստ  որոշումներում իրենց չափաբաժինը ունենում են։ Այդ դեպքում ինչո՞ւ Արման Սարոյանը, նույն ինքը Գևորգ եպիսկոպոսը կարգալուծության արժանացավ, իսկ մնացածները՝ ոչ։ Այս հարցի պատասխանը կարող ենք գտնել Արման Սարոյանի կարգալուծության որոշման բովանդակության մի հատվածում, որտեղ նշված է, որ նախկին Գևորգ եպիսկոպոսը «վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար»։ Սա մի հանգամանք է, որը բացակայում է մյուս ուխտազանցների գործողություններում։ Բոլոր դեպքերում, քանի որ մամուլում և սոցհարթակներում հաճախ ենք հանդիպում Մայր Աթոռին ու անձամբ Նորին Սրբությանը ուղղած աղերսագրեր, խնդրանքներ, հորդորներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ պահանջներ՝ բոլոր կարգազանց հոգևորականներին կարգալույծ հռչակելու համար, ուստի հարկ համարեցի հիշեցնել նախանձախնդիր բոլոր եղբայրներիս, որ այդ ամենը փափուկ թե կոշտ, բայց ճնշումներ են Մայր Աթոռի և Ամենայն Հայոց ազգընտիր Կաթողիկոսի վրա։ Ես ավելի  քան վստահ եմ, որ ձեզնից ոչ մեկը նման մտադրություն չունի, սակայն դա փաստացի այդպես է ստացվում։

Ամենագլխավորն այն է, որ Եկեղեցին, ի հեճուկս բոլոր տեսակի սահմանափակումների, անթերի կերպով իրացնում է իր հոգևոր սպասավորությունն ու առաքելությունը։ Մենք պետք է անմնացորդ վստահենք Նորին Սրբության արդարամտությանը և այդ ամենը Մայր Աթոռի ու Վեհափառ Հայրապետի կողմից դիտարկենք ո՛չ թե զգուշավորություն, մտավախություն կամ դանդաղկոտություն, այլ՝ որպես Հայրապետական սիրո և հույսի դրսևորում, հույսի, որ ուխտազանցներից գեթ մեկ հոգի գոնե դարձի կգա ու կփրկվի։

Իսկ մենք աննահանջ կերպով շարունակենք մեր ուժերի ներածի չափով պաշտպանը լինել Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ իրենց հոգևոր հավատարիմ  ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հոգևորականներին և անդավաճան կերպով նեցուկ լինենք Մայր Եկեղեցու վտանգված շահերին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930