Լյարդի ճարպային հիվանդությունը մի վիճակ է, որի դեպքում լյարդում չափից ավելի ճարպ է կուտակվում։ Գիտենք, որ լյարդն օրգանիզմի ֆիլտրն է, որը օգնում է օրգանիզմի՝ մի շարք կենսական գործընթացներին՝ արյան մաքրմանը, էներգիայի պահպանմանը, սննդանյութերի յուրացմանը և այլն։ Սակայն եթե լյարդում կա ավելցուկային ճարպ, դա կարող է խաթարել օրգանի բնականոն աշխատանքը՝ առողջական լուրջ խնդիրներ առաջացնելով։
Նոր անվանումը՝ ՄԱՍԼՀ
Նախկինում բժշկական գրականությունում այս վիճակն անվանվում էր լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն (ԼՈԱՃՀ), քանի որ լյարդի՝ միկրոսկոպով հետազոտված հյուսվածքները նման էին այն վիճակին, որը լինում է լյարդի ալկոհոլային հիվանդության դեպքում, թեև այս դեպքում պացիենտի կողմից ալկոհոլ չի օգտագործվել։ Հիվանդության նոր անվանումն է ՄԱՍԼՀ (Մետաբոլիկ ասոցացված ստեատոտիկ լյարդի հիվանդություն)։
Այս անվանումն ավելի լավ է արտացոլում կապն այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարային դիաբետը, զարկերակային բարձր ճնշումը և մետաբոլիկ այլ փոփոխությունները։
Կարդացեք նաև
Որոշ մարդկանց մոտ հիվանդությունն ավելի ծանր ձևով է զարգանում, որի դեպքում ճարպային հյուսվածքն ուղեկցվում է բորբոքմամբ և սպիացմամբ։ Այս վիճակը կոչվում է Մետաբոլիկ ասոցացված ստեատոհեպատիտ։
Ախտանշանները
ՄԱՍԼՀ ունեցող շատ մարդկանց շրջանում հիվանդության հատկապես վաղ փուլում ախտանշանները բացակայում են։ Եթե, այնուամենայնիվ, դրսևորվում են, ապա հետևյալ կերպ՝
- ուժեղ հոգնածությամբ,
- որովայնի աջ հատվածում թեթև ցավով կամ անհարմարության զգացումով,
- ընդհանուր թուլությամբ։
Հիվանդության խորացմանը զուգահեռ կարող են ի հայտ գալ այս ախտանշանները՝
- որովայնի փքվածություն, ոտքերի այտուց,
- մաշկի, աչքերի դեղնություն,
- հեշտ առաջացող, արյունահոսող կապտուկներ,
- կղանքի գույնի փոփոխություն,
- շփոթվածություն։
Ինչպե՞ս է ախտորոշվում
Բժիշկները ՄԱՍԼՀ-ն ախտորոշում են՝ հայտնաբերելով լյարդում ճարպ և ստուգելով լյարդի վնասման նշանները՝ հատկապես ռիսկի խմբում գտնվող մարդկանց շրջանում, ինչպես նաև բացառելով այլ պատճառներ, այդ թվում՝ վիրուսային հեպատիտը։
Հետազոտությունները կարող են ներառել՝
- արյան անալիզներ՝ լյարդի ֆերմենտները ստուգելու և այլ պատճառները բացառելու համար,
- ուլտրաձայնային, ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություն՝ լյարդի կառուցվածքը գնահատելու և ծանր դեպքերի նշաններ գտնելու համար,
- լյարդի կոշտության թեստեր, որոնք օգնում են գնահատել սպիացումը,
- որոշ դեպքերում՝ լյարդի բիոպսիա,
- այլ թեստեր։
Ովքե՞ր են ռիսկի խմբում
ՄԱՍԼՀ-ի զարգացման հավանականությունը մեծ է, եթե մարդն ունի հետևյալ խնդիրներն ու հիվանդությունները՝
- ավելորդ քաշ կամ ճարպակալում,
- շաքարային 2-րդ տիպի դիաբետ,
- զարկերակային բարձր ճնշում,
- ինսուլինառեզիստենտություն կամ մետաբոլիկ համախտանիշ,
- լյարդի հիվանդությունների ընտանեկան պատմություն։
ՄԱՍԼՀ-ը կարող է հանդիպել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ։
Բուժումը
ՄԱՍԼՀ-ի համար մեկ ընդհանուր բուժում չկա, բայց շատերի մոտ հնարավոր է լյարդի առողջության բարելավումը` առաջին հերթին կենսակերպի փոփոխությամբ, որը ներառում է՝
- առողջ սնունդ՝ ամբողջական, բնական մթերքների գերակշռությամբ,
- կանոնավոր ֆիզիկական ակտիվություն՝ շաբաթական առնվազն 150 րոպե։ Ուժային մարզումներ՝ շաբաթական 2–3 անգամ։
- Քաշի նվազեցում՝ եթե ավելորդ քաշ կա,
- դիաբետի և խոլեսթերինի վերահսկում,
- ալկոհոլի օգտագործման սահմանափակում։
Հնարավոր է նաև դեղորայքային բուժում (resmetirom, semaglutide), որին մենք չենք անդրադառնա, քանի որ նշանակումների նպատակահարմարությունը որոշվում է բժշկի կողմից՝ անհատական ցուցումների հիման վրա։
Ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը
Սկզբնական փուլերում հիվանդությունը հաճախ անախտանիշ է ընթանում, բայց վաղ հայտնաբերումը և կենսակերպի փոփոխությունները շատ կարևոր են, քանի որ դրանց շնորհիվ կարելի է դանդաղեցնել կամ նույնիսկ հետ շրջել լյարդի վնասումը։ Կանոնավոր բժշկական զննումներն անհրաժեշտ են հատկապես ռիսկի խմբում գտնվող մարդկանց համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ


















































