Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ վնասի ռիսկը հավաքի օրակարգով՝ «քաղաքական նպատակով» անցկացվելու հետ պայմանավորելը հիմնավոր չէ, իսկ հավաքի նպատակով պայմանավորված տարբերակված մոտեցումը խտրականություն է».

Ապրիլ 21,2026 18:33 Share

Ապրիլի 18-ին «Գաֆէսճյան թանգարան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակվել. «Բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի տարածքում, այդ թվում՝ Կասկադ համալիրում և Թամանյան պուրակում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հարկ է համարում պարզաբանել իրավական որոշ կարգավորումներ և չափանիշներ այս համատեքստում։

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար»։ Այսինքն տարածքի մատչելիությունն այն հիմնական չափանիշն է, որով տարբերակվում է տարածքի սեփականատիրոջ կամ վարձակալի մասնակցությունը՝ հավաքների իրազեկման ընթացակարգում։

Իրազեկմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ նույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ «վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք»: Հարկ է նշել, որ իրազեկման այս կարգը վերաբերում է մարդաշատ հավաքներին, իսկ մինչև 100 մասնակից ունեցող, ինչպես նաև ինքնաբուխ և շտապ հավաքների պարագայում իրազեկում ներկայացնելն առհասարակ անհրաժեշտ չէ (տե՛ս նույն օրենքի 9-րդ հոդվածը)։

Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի այդ կարգավորումները համահունչ են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Ըստ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մշակած «Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցի» (3-րդ հրատ.)՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքով պաշտպանված են ինչպես մասնավոր հանդիպումները, այնպես էլ հանրամատչելի վայրերում անցկացվող հավաքները։ Հավաքի մասնակիցները իրավունք ունեն ընտրել հանրամատչելի վայրերում հավաքների անցկացման վայրը կամ երթուղին, որը ներառում է հանրային այգիները, հրապարակները, փողոցները, մայթերը, հետիոտնային ուղիները և հանրային շենքերի ու հաստատությունների մոտ գտնվող բաց տարածքները (տե՛ս Ուղեցույցի 61-րդ և 63-րդ պարբերությունները

Գրառման մեջ հղում է արվում «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասին, ըստ որի՝ «արգելվում է թանգարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով»։

Այս դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հանրամատչելի վայրերում հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմք։ Վերը նկարագրված կարգավորումները վերաբերում են հավաքների ազատությանը՝ որպես մարդու հիմնական իրավունքի, իսկ «Հավաքների ազատության մասին» օրենքը գործում է Սահմանադրության ուղիղ պահանջով (տե՛ս ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 4-րդ մասը և 81-րդ հոդվածը)։ «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթները հատուկ նորմեր են (lex specialis), որոնց նկատմամբ այլ կարգավորումներն այդ իրավունքի համատեքստում չեն կարող ավելի բարձր իրավաբանական ուժ ունենալ։

«Գաֆէսճյան թանգարան» հիմնադրամի գրառման վերջում նշված է, որ «Քաղաքական նպատակով անցկացվող բազմամարդ միջոցառումները կարող են անդառնալի վնաս հասցնել թանգարանային նմուշներին»։

Գտնում ենք, որ որևէ վնասի ռիսկը հավաքի օրակարգով՝ «քաղաքական նպատակով» անցկացվելու հետ պայմանավորելը հիմնավոր չէ, իսկ հավաքի նպատակով պայմանավորված տարբերակված մոտեցումը խտրականություն է։

Իհարկե, թանգարանի մտահոգությունը՝ Կասկադի դիմաց Ա․ Թամանյանի անվան պուրակի տարածքում գտնվող բազմաթիվ արվեստանմուշների պահպանվածության ապահովման վերաբերյալ ամբողջությամբ հասկանալի է և իրավաչափ։ Սակայն, այդ արվեստանմուշները, ինչպես նաև այգու ողջ գույքն արդեն իսկ պաշտպանված են օրենքով ցանկացած ապօրինի միջամտությունից, լինի խաղաղ հավաքների համատեքստում, թե առհասարակ։

Հարկ է նշել, որ երկար տարիների ընթացքում բազմամարդ հավաքներ անցկացվել են Երևանի այլ վայրերում, որտեղ գտնվում են Օ․ Ռոդենի, Ե․ Քոչարի և այլ հեղինակների քանդակներ, սակայն մշտադիտարկման ընթացքում դրանց վնասման դեպքեր չեն արձանագրվել (տե՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի՝ խաղաղ հավաքների մշտադիտարկման վերաբերյալ զեկույցները):

 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930