Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ձեզ տոպրա՞կ հարկավոր է

Ապրիլ 22,2026 09:30 Share

Ապրիլի 22-ին աշխարհը նշում Է Մայր Երկրի միջազգային օրը: Այս օրը կոչված է հիշեցնելու ինչպես մեր կենսատու մոլորակի խնդիրների, այնպես էլ վերջինիս նկատմամբ մարդկային մշտական հոգատարության անհրաժեշտության մասին։

Երկիր մոլորակի խնդիրները գլոբալ են և, բնական է, որ դրանք համակարգային լուծումներ են պահանջում, սակայն մեկ մարդն էլ իր մտածված քայլերով կարող է հոգածություն ցուցաբերել Մայր Երկրի նկատմամբ։ Եվ այդ հոգածությունն ամենօրյա ընտրություն է, որը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ՝ իրերի ու սննդի գրագետ սպառումից մինչ օդի աղտոտվածության նվազեցմանը միտված քայլեր։

Մեր կարծիքով՝ Երկրի հանդեպ հոգատարության դրսևորում է նաև պլաստիկից հնարավորինս հրաժարվելը, համենայնդեպս մեր երկրում այդ թեման շատ արդիական է, քանի որ Հայաստանում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան պլաստիկե իրերի տեսակավորման ու վերամշակման հետ կապված՝ թեև գործում են որոշակի սահմանափակումներ ու օրենսդրական կարգավորումներ։

Պլաստիկե մեկանգամյա օգտագործման սպասքից ու տարատեսակ տարաներից, պոլիէթիլենային տոպրակներից հնարավորինս հրաժարվելը, դրանք տեսակավորելը հոգածություն է նաև սեփական անձի նկատմամբ, քանի որ գնալով շատանում են այն ուսումնասիրությունները, որոնք փաստում են՝ պլաստիկի չարաշահումը ոչ միայն բնապահպանական խնդիրներ է առաջացնում, այլև՝ անմիջական ազդեցությամբ կարող է վատացնել մարդու առողջությունը։

Այս թեմայի վրա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու նպատակով ներկայացնում ենք Nature ամսագրի հոդվածներից մեկը՝ թարգմանաբար։

Քանի որ աստիճանաբար ավելանում են տվյալները, որոնք հաստատում են մարդու օրգանիզմում պլաստիկե մանր մասնիկների կուտակման փաստը, չափազանց կարևոր է դառնում մարդու առողջության վրա այդ մասնիկների ազդեցության մասին խորքային պատկերացում կազմելը։

Աշխարհը ողողված է պլաստիկով՝ այն կազմում է շուրջ 6 միլիարդ տոննա։ 2019 թվականին պլաստիկի թափոնները կազմել են  շուրջ 353 միլիոն տոննա, և կանխատեսվում է, որ մինչև 2060 թվականը այդ թիվը կեռապատկվի՝ գերազանցելով 1 միլիարդ տոննան։ Պլաստիկում պարունակվում են ավելի քան 10,000 քիմիական նյութեր՝ ներառյալ քաղցկեղածիններ և էնդոկրին համակարգը խանգարող նյութեր։ Պլաստիկը մարդու օրգանիզմ է ներթափանցում ամենափոքր մասնիկների՝ միկրոպլաստիկների (տրամագիծը՝ 5 մմ-ից փոքր) և նանոպլաստիկների (տրամագիծը՝ 1 մկմ-ից փոքր) տեսքով։

Միկրո և նանոպլաստիկները կարող են առաջանալ տարբեր աղբյուրներից՝ ինչպես նպատակային (օրինակ՝ կոսմետիկ, խնամքի միջոցներում օգտագործվող միկրոմասնիկներ), այնպես էլ ոչ նպատակային՝ պլաստիկե ավելի մեծ առարկաների քայքայման հետևանքով (օրինակ՝ սինթետիկ հագուստի լվացման կամ անվադողերի մաշման ընթացքում)։ Այս մասնիկները տարածված են ամբողջ մոլորակում՝ օվկիանոսներում, օդում և սննդում։

Միկրոպլաստիկն օրգանիզմ է ներթափանցում հիմնականում կուլ տալու կամ շնչելու միջոցով։ Օրինակ՝ երբ մարդն օգտագործում է սնունդ կամ հեղուկ, որը պահվել կամ տաքացվել է պլաստիկե տարաներում, որոնցից էլ միկրոպլաստիկն արտազատվում է, կամ երբ օգտագործում է միկրոպլաստիկ պարունակող ատամի մածուկ և այլն։ Մի ուշագրավ ուսումնասիրություն ցույց է տվել, որ նորածինները կարող են ենթարկվել միկրոպլաստիկի բարձր ազդեցության, երբ սնվում են պոլիպրոպիլենային շշերում պատրաստված կաթնախառնուրդներով։

Միկրոպլաստիկի կենսաբանական ազդեցությունն ուսումնասիրվում է արդեն մի քանի տասնամյակ՝ հիմնականում լաբորատոր մկների և մարդու բջիջների վրա կատարված փորձերով։ Կրծողների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միկրոպլաստիկը կարող է վնասել բազմաթիվ օրգաններ՝ ներառյալ աղիքները, թոքերը, լյարդը, ինչպես նաև վերարտադրողական և նյարդային համակարգերը։ Վերջին ժամանակներում միկրոպլաստիկներ հայտնաբերվել են նաև մարդու տարբեր հյուսվածքներում և օրգաններում՝ արյան մեջ, թոքերում, տղամարդկանց սեռական գեղձերում, ընկերքում,  կրծքի կաթի մեջ և այլուր։

Միկրո և նանոպլաստիկների անմիջական ազդեցությունը մարդու առողջության վրա նոր է սկսվում ուսումնասիրվել։ Օրինակ՝ հրապարակված զեկույցներից մեկում նկարագրվել է հնարավոր կապը միկրոպլաստիկի առկայության և սրտանոթային հիվանդությունների միջև։

Մեկ այլ հետազոտություն, որն ուսումնասիրում էր միկրոպլաստիկի և աղիների բորբոքային հիվանդությունների հնարավոր կապը, ցույց է տվել, որ մարդու կղանքում հայտնաբերվել է միկրոպլաստիկի 15 տեսակ։ Դրանց խտությունն ավելի բարձր էր աղիների բորբոքային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ և կապվում էր հիվանդության ծանր ընթացքի հետ։

Թեև այս ուսումնասիրությունները դեռ չեն ապացուցում պատճառահետևանքային ուղիղ կապը միկրո և նանոպլաստիկների ու հիվանդությունների միջև, դրանք ընդգծում են այս ոլորտում հետազոտություններն արագացնելու անհրաժեշտությունը։ Կարևոր հարցերից են՝

  • որքա՞ն միկրոպլաստիկ է ներծծվում օրգանիզմում տարբեր ուղիներով,
  • որքա՞ն է կուտակվում կյանքի ընթացքում,
  • ինչպե՞ս են դրանց հատկությունները (քիմիական կազմ, չափ, ձև) ազդում մարդու հյուսվածքների վրա։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930