Մինչ պաշտոնական Երևանը Փարիզի բարձրահարկ դահլիճներում քննարկում էր դիվանագիտական «բազմավեկտոր» հաջողությունները, տարածաշրջանային իրականությունը գետնի վրա մնում է սառնասիրտ ու դաժան։ Բաքուն այսօր ոչ թե բառախաղերով է զբաղված, այլ եվրոպական գործընկերների հետ համատեղ ռազմական գործարանների հիմնմամբ։ Սա է այն ահռելի անհամապատասխանությունը, որը մենք պարտավոր ենք տեսնել։
Դիվանագիտությունը զորություն է ստանում միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքում կանգնած է ամուր պաշտպանական համակարգ և ազգային միասնական կամք։ Երբ ՀՀ իշխանությունները «խաղաղության դարաշրջանը» ներկայացնում են որպես վերջնական հաղթանակ, հակառակորդը դա ընկալում է որպես հարմար դադար՝ սպառազինվելու և հաջորդ հարվածը հասցնելու համար։ Դրա մասին են վկայում նաև նրանց հաճախակի անցկացվող զորավարժությունները։
Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ մենք պետք է գիտակցենք, որ պետության ղեկը չի կարող վստահվել նրանց, ովքեր դիվանագիտական պատրանքները շփոթում են ռազմաքաղաքական իրականության հետ, իսկ իրավունքի գերակայությունը՝ կամայականության հետ։ Մեզ մատուցվող «խաղաղությունն» իր անհուսալիությամբ նույնիսկ Խրիմյան Հայրիկի հայտնի «թղթե շերեփի» հետ չենք կարող համեմատել։ Դա ուղղակի ծաղր է մի ամբողջ ժողովրդի հանդեպ, որը համամարդկային պատմության զարգացման յուրաքանչյուր փուլում իր զգալի ներդրումն է ունեցել։
Հայ ազգը պետք է ունենա իրեն արժանի հզոր պետականություն, որտեղ Եկեղեցու հոգևոր զրահը և բանակի ռազմական ուժը կազմում են մեկ անքակտելի ամբողջություն։ Միայն այս ներդաշնակությամբ է հնարավոր կանխել այն մշակութային և ֆիզիկական ցեղասպանությունը, որը դեռևս սպառնում է հային։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր ուժերը պետք է հանրությանը ներկայացնեն պետականության իրավական և հոգևոր անվտանգության նոր հայեցակարգ, եթե այդպիսին կա նրանց նախընտրական ծրագրերում։ Մի կողմ է պետք դնել քաղաքական բամբասանքներն ու ճղճիմ հակադարձումները։ Պետք չէ քաղաքական պայքարը վերածել «Ուրախների ու հնարամիտների ակումբի» մրցույթի։
Ինչպես հայտնի է, պետականության իրավական անվտանգությունը սկսվում է այնտեղ, որտեղ հարգվում են ազգային ինստիտուտների ինքնավարությունն ու սահմանադրական այն արժեքները, որոնց հիմքում ընկած է մեր ինքնությունը։
Իսկ երբ օրենքն օգտագործվում է ոչ թե արդարադատության, այլ Եկեղեցուն թիրախավորելու և ազգային դիմադրողականությունը կոտրելու համար, ապա անխուսափելիորեն խարխլվում է պետության իրավական հիմքը։ Սակայն ամեն ինչից առավել Ազգային Պետության մեջ հայ մարդը պետք է հարգվի, Պետության քաղաքացին պետք է հարգվի, այլ ոչ թե մի կտոր խորովածով մարդկանց ինքնությունը ծաղրեն ու փորձեն նրանց մտքերից պատմական հիշողությունը ջնջել։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ



















































