Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ որևէ հոգևոր կառույց արդարացնում է վանդալիզմը, այն վերածվում է ոճրագործի հանցակցի. հայտարարություն

Ապրիլ 30,2026 16:59 Share

Անբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին ու խաչքարեր պղծողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Կովկասի մուսուլմանների վարչության վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի բռնապետական ռեժիմի բարբարոսություններն արդարացնող՝ կրոնական քողի տակ թաքնված խայտառակ և էժանագին սպասարկություն։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը և այն «ապօրինի շինություն» անվանելու լկտիությունը բացահայտ ցինիզմի գագաթնակետն է։ Աստծո տունը, կրոնական սրբավայրը պղծողն ու հողին հավասարեցնողը ոչ թե իրավունք է հաստատում, այլ ստորագրում է սեփական վայրենի, ահաբեկիչ էության տակ։ Սա մշակութային եղեռնագործություն է՝ նպատակաուղղված Արցախից հայկական շունչն ու արմատը իսպառ վերացնելուն։

Անբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին ու խաչքարեր պղծողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ։ Լսե՛ք և լավ հիշե՛ք. էթնիկ զտումների, ավերված վանքերի, սրբապղծության և բռնի տեղահանված արցախահայության արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք։ Արժանապատվության ոտնահարմամբ և հիշողության ջնջմամբ պարտադրվողը խաղաղություն չէ, դա հանձնվողականության ու նվաստացման ակտ է, որը մենք երբե՛ք չենք ընդունելու։

Երբ որևէ հոգևոր կառույց արդարացնում է վանդալիզմը, այն դադարում է կրոնական լինելուց և վերածվում է ոճրագործի հանցակցի։ Բայց ոչ պակաս հանցակից է նաև միջազգային հանրությունը։ Ձեր կույր և խուլ լռությունը, ձեր ստանդարտացված ու անկարող «մտահոգությունները» Բաքվին տալիս են անպատժելիության անսահմանափակ լիցենզիա։

Մենք խստագույնս պահանջում ենք վերջ տալ միջազգային դիվանագիտական կեղծավորությանը: Իրավապաշտպան, կրոնական և մշակութային կառույցները (այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն) կա՛մ դուրս են գալիս վախկոտ դիտորդի կարգավիճակից և կոշտ պատժամիջոցներ պահանջում Ադրբեջանի դեմ, կա՛մ հավասարապես կիսում են այս մշակութային ցեղասպանության մեղքը։ Անհրաժեշտ է անհապաղ գործուղել անկախ միջազգային առաքելություն՝ Արցախ, մշտադիտարկելու խայտառակ ավերածություններն ու պատասխանատվության ենթարկելու այս բարբարոսության հեղինակներին ու կատարողներին։

Բարբարոսի բուլդոզերն ու պատվերով գրված վարչական հայտարարությունները չեն կարող ջնջել հայկական պատմությունը։ Արցախի եկեղեցիների քարերը նույնիսկ ավերված վիճակում ավելի զորեղ են, քան ձեր ողջ պետական քարոզչամեքենան։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930